Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռո՞ւմ են

Հուլիս 11,2022 12:00

Համաշխարհային երաժշտության գանձարանում կան ստեղծագործություններ, որոնք գրվել են ժամանակի թելադրանքով եւ ինչ-որ ձեւով առնչվում են մեր երկրի ու մեզ հետ։ Այս դեպքում խոսքը Շոստակովիչի թիվ 7՝ «Լենինգրադյան» սիմֆոնիայի մասին է, որի ստեղծմանը կոմպոզիտորը ձեռնամուխ է եղել Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ ամիսներին՝ պաշարված Լենինգրադում։ Հազարավոր լենինգրադցիների նման, կոմպոզիտորը մասնակցել է խրամատների փորմանը, որից հետո որպես հակահրդեհային ջոկատի մարտիկ բարձրացել կոնսերվատորիայի տանիք՝ իր հետ տանելով սիմֆոնիայի պարտիտուրը, հնարավոր ոչ մի րոպե իսկ չկորցնելու, ավարտին հասցնելու համար։ Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է Կույբիշեւում, 1942թ. մարտի 5-ին։

Իսկ թե ինչով է այս սիմֆոնիան առնչվում մեր երկրի հետ, վաստակաշատ երաժշտագետ Արմեն Բուդաղյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, թե Շոստակովիչն իր այս սիմֆոնիայով հերքեց դարերի ընթացքում ձեւավորված կարծիքը այն մասին, որ «երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են», հետո հայտնեց հետեւյալը. «Ողջ սիմֆոնիայի ընթացքում հաստատվում է գալիք հաղթանակի գաղափարը եւ դա այն պայմաններում, երբ շրջափակված էր Լենինգրադը, իսկ ֆաշիստական զորքերն այնքան էին մոտեցել Մոսկվային, որ հեռադիտակով կարելի էր տեսնել մոսկովյան փողոցները։ Նման դաժան ու ծանր պայմաններում ստեղծագործելով, կոմպոզիտորը այն ավարտին հասցրեց 1941թ. վերջին, իսկ Կույբիշեւում դիրիժոր Սամուիլ Սամոսուդի ղեկավարությամբ առաջին կատարումից հետո այս գործը հնչեց Մոսկվայում, 1942թ. մարտի 29-ին, նույն դիրիժորի մեկնաբանությամբ, ապա Տաշքենդում՝ նույն թվականի հունիսի 22-ին, Իլյա Մուսինի մեկնաբանմամբ, հետո հուլիսի 9-ին՝ Եվգենի Մրավինսկիի ղեկավարությամբ Նովոսիբիրսկում։ Լենինգրադում սիմֆոնիան կատարվեց 1942թ. օգոստոսի 9-ին՝ դիրիժոր Կառլ Էլիասբերգի մատուցմամբ։ Նկատենք, որ թվարկած քաղաքներում ստեղծագործության պրեմիերաները ունեցել են մեկ կատարում։ Իսկ մինչեւ Լենինգրադում կատարվելը, Երեւանում՝ ի տարբերություն նշված քաղաքների, 7-րդ սիմֆոնիան հնչել է երեք անգամ՝ 1942թ. հուլիսի 11, 12 եւ 14-ին, Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ»։

Անդրադառնալով սիմֆոնիայի երեւանյան կատարմանը, մեր զրուցակիցը նշեց մի քանի կարեւոր փաստ, որով առանձնանում են այդ կատարումները։ «Մաեստրո Թավրիզյանը համախմբեց Երեւանում այն ժամանակ գործող ֆիլհարմոնիկ եւ օպերային թատրոնի նվագախմբերի այն երաժիշտներին՝ թվով 110 արտիստ, որոնք մնացել էին թիկունքում, մյուսները մեկնել էին առաջնագիծ։ Ասեմ նաեւ, որ սիմֆոնիայի կատարումը պահանջում է ոչ միայն մեծ սիմֆոնիկ նվագախմբի կազմ, այլեւ հավելյալ բարձրահունչ պղնձյա-փողային գործիքներ՝ 3 շեփոր, 3 տրոմբոն եւ 4 գալարափող, որոնք որոշիչ դեր են խաղում սիմֆոնիայի վերջին մասի հաղթական երաժշտությունը կատարելիս։ Հետաքրքիր է, որ սիմֆոնիայի կատարումները տեղի ունեցան ոչ թե ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում (ներկայիս «Առնո Բաբաջանյան» համերգասրահ), որտեղ սովորաբար տեղի էին ունենում սիմֆոնիկ համերգները, այլ օպերային թատրոնի բեմում։ Հուլիսի 14-ի ելույթը հատուկ զինվորականների համար էր. օպերայի դահլիճը լեփ-լեցուն էր զինվորներով, հրամանատարներով։ Սա էլ դեռ վերջը չէ. Թբիլիսի-Երեւան գնացքի վագոններից մեկը հատկացված էր սիմֆոնիան ունկնդրելու նպատակով ժամանողներին, որոնց թվում էին կոմպոզիտորներ Մյասկովսկին, Շապորինը, դիրիժոր Ալեքսանդր Գալուկը, դաշնակահար Կոնստանտին Իգումնովը, Արմեն Տիգրանյանը, Սարգիս Բարխուդարյանը…»,- հայտնեց երաժշտագետը, հավելելով նաեւ, որ «Լենինգրադյանի» երեք կատարումը պատերազմի պայմաններում, Երեւանում դարձավ մեծ քաղաքական ու գեղարվեստական իրադարձություն, ինչին արձագանքել էր նաեւ «Կոմունիստ» պաշտոնաթերթը՝ ամբողջ էջ նվիրելով Երեւան ժամանած անվանի հյուրերի կարծիքներին ու գնահատականներին։

Արմեն Բուդաղյանը տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում օգոստոսի 9-ից մեկնարկում է Շոստակովիչի «Լենինգրադյան» սիմֆոնիայի պրեմիերայի 80-ամյակի առիթով հոբելյանական միջոցառումներ։ Այդ օրերին, ի թիվս սիմֆոնիայի պատմության արժանահիշատակ այլ փաստերի, կցուցադրվեն նաեւ Հայաստանի տրամադրած երեւանյան պրեմիերաները ներկայացնող ֆոտոշարք, անվանի արվեստագետների կարծիքներ եւ այլն։ «Դա շատ մեծ ստենդ է ենթադրում։ Խորհրդային երկրի ղեկավարությունը դեռեւս 1942թ. սիմֆոնիայի առաջին պրեմիերաներից հետո հասկացավ այդ գործի գաղափարական-պրոպագանդիստական նշանակությունն ու մշտապես խրախուսում էր յուրաքանչյուր հաջորդ կատարում թե ԽՍՀՄ քաղաքներում, թե արտերկրում։ Բավական է նշել միայն, որ ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում սիմֆոնիան հնչել է 60 անգամից ավելի՝ որպես գալիք հաղթանակի խորհրդանիշ»,- եզրափակեց Արմեն Բուդաղյանը։

Մենք էլ նշենք, որ մայիսի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, առաջին կատարումից 80 տարի անց, Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրեց սիմֆոնիան՝ նվիրելով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031