Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղավնո գյուղի հարցն է ցավալի։ Ադրբեջանից ամեն ինչ էլ կարելի է սպասել»

Հուլիս 11,2022 14:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Ադրբեջանն ուզում է, որ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ըստ որի՝ ՀՀ-ն կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաեւ սահմանազատում եւ սահմանագծում կիրականացվի ու ընդհանրապես Ղարաբաղի հարցը մոռացության կմատնվի։

«Իրենք մի կողմից բանակցում են Հայաստանից զիջումներ կորզելու համար, մյուս կողմից էլ անընդհատ կրակում, սահմանային միջադեպեր են հրահրում, որպեսզի տարատեսակ ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա եւ հասնեն իրենց ուզածին»,- «Առավոտի» հարցին՝ վերջին օրերի սահմանային միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու նպատա՞կ ունեն, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից սա նոր գործելաոճ չէ։ Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում վտանգ տեսնո՞ւմ է, որ սահմանային միջադեպերը դառնան ավելի ինտենսիվ, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանից ամեն ինչ էլ կարելի է սպասել։ Իհարկե, կարող են ավելի ինտենսիվ դառնալ։ Որեւէ բան չպետք է բացառել»։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Մեր փաստմանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկ օր առաջ հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա եւ հարցին՝ սահմանային միջադեպերն ու այս հայտարարությունը փոխկապակցվա՞ծ են, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, փոխկապակցված են։ Իրենք հենց այնպես ոչինչ չեն անում, չի բացառվում, որ հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածներում եւ Արցախում նրանք նոր միջադեպեր հրահրեն, նոր սադրանքների գնան։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա՝ այդ թվում նաեւ սահմանային կրակոցների եւ միջադեպերի հրահրմամբ»։

Հարցին՝ ի՞նչն է նրանց անհանգստացնում, չէ՞ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դրական է համարում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Իրենց ուզածին են ուզում հասնել։ Ադրբեջանն ուզում է, որ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ըստ որի՝ ՀՀ-ն կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաեւ սահմանազատում եւ սահմանագծում կիրականացվի ու ընդհանրապես Ղարաբաղի հարցը մոռացության կմատնվի։ Ադրբեջանական մտահղացումը դա է, դրա համար ճնշում է գործադրում ՀՀ-ի վրա, որպեսզի Հայաստանը շատ արագ գնա այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Հետաքրքրվեցինք՝ այն, որ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպման ժամանակ նրանք հասել են պայմանավորվածության՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար եւ Թուրքիա -Հայաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով, 3-րդ երկրի քաղաքացիներ առաջին հերթին արդյոք նկատի չունե՞ն ադրբեջանցիներին, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Բարդ է ասել։ Դեռեւս պետք է պարզել՝ ոնց են գալու, մտնելու Հայաստան, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մենք էլ չունենք»։ Հարցին՝ այստեղ թաքնված վտանգներ չկա՞ն, քաղաքագետը պատասխանեց. «Վտանգներ միշտ էլ կան, ուղղակի պետք է կարողանանք չեզոքանցել ռիսկերը»։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Բերձորի հետ կապված իրավիճակը պարզ է. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Բերձորի հետ կապված կետ կա, իսկ Աղավնոյի ճակատագիրն անհայտ է։ Այս առիթով քաղաքագետն ասաց. «Աղավնո գյուղի հարցն է ցավալի։ Հուսով եմ, որ մեր կառավարությունը կկարողանա բանակցությունների միջոցով հարցը լուծել՝ չնայած Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ հարցն էլ չի կարող լուծել»։ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Աղավնոյի բնակիչներին գուցե Արցախի այլ գյուղերում վերաբնակեցնեն, նա, թեեւ հույսեր ունի, որ այս հարցը կլուծվի, բայց մյուս կողմից էլ քիչ է հավանական համարում, որ Աղավնոն կմնա հայկական վերահսկողության ներքո։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031