Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներն արթնացել են ուժգին ցնցումների ներքո․ նրանցից ոմանք տնից դուրս են փախել

Հուլիս 11,2022 09:48

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7․36 րոպեին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում․ այն մեծ անհանգստություն է պատճառել այս քաղաքի բնակիչներին։

Սոցիալական ցանցերը նույն վայրկյանին հեղեղվեցին երկրաշարժի մասին գրառումներով, նկատելի է, որ գյումրեցիներին շատերն արթնացել են վախով՝ ցնցումների ներքո։

Ըստ գրառումների, երկրաշարժը երեք անգամ ուժգին ցնցել է Գյումրին։ Օգտատերերից ոմանք նույնիսկ փաստում են, որ արթնանալուն պես՝ հասցրել են դուրս վազել տնից։ Նրանցից մեկը գրել է․ «Շատ վախեցա․ ցավոք, առանց ցնցումների էլ ապրել չենք կարող»: Մեկ այլ օգտատեր էլ հումորով արձագանքել է․ «Զարթուցիչը չկարողացավ արթնացնել, երկրաշարժը ողջ քաղաքին արթնացրեց»։

Թե ինչ վնասներ է պատճառել երկրաշարժը մեծ թվով վթարային շենքեր ունեցող Գյումրիին, դեռ հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, երկրաշարժը տեղի ունեցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ արևելք՝ վեց բալ ուժգնությամբ։ ԱԻՆ–ը երկու հաղորդագրություն է տարածել երկրաշարժի մասին։

Առաջին ցնցման մասին․«Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․17⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ»։

Երկրորդ ցնցման մասին․ «Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ»։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում մասնավորապես հայտնում է․ «ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։ Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031