Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումները. Համլետ Պետրոսյան

Հուլիս 11,2022 00:11

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացման դեմ այս ծանր պայքարի կիզակետում ձեռքերդ թուլանում են, ցանկություններդ մթագնում, երբ տեսնում ես, որ ադրբեջանական սանձարձակությունը որդեգրել են և քո հայրենակիցները։

Առանց սարսուռի հնարավոր չէ նայել Հատիսի ավերումները, որ արվում են հայաստանյան իշխանությունների համաձայնությամբ ու թողտվությամբ։

Սա մշակութային ժառանգության պահպանության հայաստանյան օրենսդրության կոպտագույն խախտում է։ Նույնիսկ հպանցիկ ծանոթացումն այդ օրենսդրությանը, որի հիմնական կետերը բերում ենք ստորև, պարզից էլ պարզ են դարձնում իշխանությունների չիմացությունը, անպատասխանատվությունը և օրենսդրության կոպիտ խախտումները։

Հուշարձանների պահպանության իրավա-օրենսդրական հիմքը կազմում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքը ՝ ընդունված 1998 թվականի նոյեմբերի 11-ին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշումը և «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքը ընդունված 2002 թվականի նոյեմբերի 20-ին։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:

Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, ջրարբիացման, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում:

Քանի որ Հատիս լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցի (ժողովրդական անունը՝ Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ) և օժանդակ շինությունները գրանցված չեն ՀՀ հուշարձանների պետական ցուցակում և համարվում են նորահայտ հուշարձան՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հավելենք նաև, որ Հատիսը որպես բնության հուշարձան գրանցվել է դեռ 2008 թվականին, 2008 թվականից ի վեր (ահա և որոշումը) Հատիսը ճանաչված է որպես բնության հուշարձան, ինչպես նկատել էր Իրինա Ղափլանյանը: ՀՀ օրենքն այսպես է դասակարգում բնության հուշարձանը. «գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ»: Ըստ նույն օրենքի՝ «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»։

Լուսանկարը՝ Ռոբերտո Դանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031