Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք նշեցիք լավագույն փառատոնի 3 կարեւոր գործոնները, բայց մոռացաք նշել չորրորդը՝ լավ կոնյակը». Թերի Ջորջ

Հուլիս 10,2022 23:55

Երեւանում 19-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որին մասնակցելու են 130-ից ավելի հյուրեր, կինոգործիչներ:

Նախ հյուրերն անցան կարմիր գորգի վրայով, այնուհետեւ Արամ Խաչատրյան համերգասրահում պաշտոնական արարողությունից հետո կայացավ Մայքլ Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի ձեւակերպմամբ, այս «Ոսկե ծիրանով», որն աննախադեպ է ինչպես  լավագույն ֆիլմերով, այնպես էլ անվանի կինոգործիչների ներկայությամբ, տրվում է այն դժվարին տարիների հաղթահարման մեկնարկը, որոնց ժամանակ փառատոնը վտանգված էր:

Ի տարբերություն նախորդ «Ոսկե ծիրան»-ների՝ այս անգամ Փարաջանովյան թալերները նախատեսված են երեք կինոհսկաների համար: Դրանցից մեկը նախատեսված է Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա Գավրասի համար, որը դեռ չէր հասցրել ժամանել Հայաստան: Երկրորդ Փարաջանովյան թալերը հանձնվեց Ալբերտ Սեռային: Երրորդ Փարաջանովյան թալերը  «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը  հանձնեց  օսկարակիր կինոռեժիսոր Թերի Ջորջին:

«Մենք չենք հիվանդացել, չենք մահացել, առաջ ենք գնում: Մենք զարգանում ենք, ու փառք Աստծո, որ կան մարդիկ, որոնք կանգնած են մեր փառատոնի մեջքին: Իմ ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանը ժամանակին ասում էր, որ եթե ուզում ես  լավագույն փառատոնն ունենալ, դրա հաջողության համար երեք կարեւոր գործոն կա՝ լավագույն ֆիլմեր, լավագույն ժյուրի եւ լավագույն հանդիսատես: Այսօր այդ երեքն էլ առկա են»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

«Դուք նշեցիք լավագույն փառատոնի երեք կարեւոր գործոնները, բայց մոռացաք նշել չորրորդը՝ լավ կոնյակը»,-ասաց Թերի Ջորջը:

Հավելենք, որ տարի «Ոսկե ծիրանի» ֆիլմերը  կցուցադրվեն ինչպես «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ Հայաստանի կինոգործիչների միության Մեծ և Մալյան թատրոնի դահլիճներում: Փառատոնի մեկնարկի մասին բեմից ազդարարեցին «Ոսկե ծիրանի» հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031