Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք շարունակական քաղաքականություն ենք վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ․ Վահրամ Դումանյան

Հուլիս 10,2022 23:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ելույթ է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 10-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում:

Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է․ «Ուրախ եմ տեսնել այս դահլիճում աշխարհի 60-ից ավելի երկրների սովորողների, որոնք կենսաբանության դպրոցական ամենահեղինակավոր միջոցառման՝ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն են: Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի օրերին մեր մոլորակի ապագան վճռում էին գիտնականներն ու բժիշկները, և ես վստահ եմ, որ դուք ձեր կարևոր խոսքն եք ունենալու  գիտության և բժշկության զարգացման գործում։

Գիտական նորարարությունների խթանումը, երիտասարդ գիտնականների զարգացումն ու խրախուսումը Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են, որովհետև մենք վստահ ենք, որ առանց որակյալ կրթության և գիտության զարգացման անհնար է ապահովել հասարակության բարեկեցիկ առաջընթացը։

Առաջավոր գիտությունը պետք է լինի աշխարհի բոլոր երկրների այցեքարտերից մեկը միջազգային հարաբերություններում և գլոբալ արժեքային շղթաներում, ըստ այդմ՝ հանդիսանա արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ:

Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ մենք շարունակական քաղաքականություն ենք վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ և այս տարվա սեպտեմբերին պատրաստվում ենք հյուրընկալել գիտության և արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը։ Փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների։ Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար, որտեղ ամենահասանելի ձևաչափերով, մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները: Եվ ես ցանկանում եմ, որ դուք օգտագործեք այդ առիթը՝ ևս մեկ անգամ Հայաստան այցելելու և գիտության ու արվեստի այդ տոնին հաղորդակից դառնալու համար։

Անառարկելի է նաև, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության: Մաղթում եմ ձեզ ազնիվ և արգասաբեր մրցակցություն: Հուսով եմ, որ դուք անմոռանալի տպավորություններ կստանաք մեր երկրում, կվայելեք հայկական ջերմ հյուրընկալությունը: Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի՛ մասնակիցներ, բարի՛ գալուստ Հայաստան և բարին ընդ ձեզ»:

Նշենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան: Հայաստան են ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031