Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ Ժան Պողոսյանի ցուցահանդեսը

Հուլիս 10,2022 22:09

2022 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:

Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը միավորել է ժամանակակից արվեստագետի ստեղծագործությունները միջնադարյան ձեռագրերի հետ: Պողոսյանի՝ գրքի ձևով արված մեծաթիվ աշխատանքները երկխոսում են Մատենադարանում պահվող և ցուցադրվող ձեռագիր մատյանների հետ և ներդաշնակորեն ներկայանում կողք կողքի։

Պողոսյանի արվեստի առանձնահատկությունը կրակի կիրառումն է իր աշխատանքներում: Կրակը նրա ընտրած գեղարվեստական լեզուն է, որով նա ստեղծագործում է կտավի, թղթի, գրքի, պլաստիկական զանգվածի վրա: Արվեստագետն օգտագործում է տարբեր նյութեր, այդ թվում՝ ջրաներկ, ածուխ, յուղ, գունանյութեր և ակրիլային ներկեր:

Մատենադարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվում են  հետևյալ ստեղծագործությունների շարքերը՝ Livres-objet brulés-Այրված գիրք-առարկա (2012-2020), Exultet-Ցնծություն (2014-2016), Fans-Հովհարներ (2014-2020), Livres  reliés – Կոշտ կազմով գրքեր (2012-2020), Abstract Writing- Վերացական գրքեր (2016-2021), Sculptures – Քանդակներ (2007-2020) և այլ գործեր:

Այս ցուցահանդեսը մի նոր փորձառություն է ներկայացնելու հինն ու նորը մի հարկի ներքո, ցույց տալու, որ մարդկության ու նրա ստեղծած ժառանգության հիշողությունն իր մեջ ամփոփող գիրքը կարող է ներկայանալ գեղարվեստական տարբեր միջոցներով:

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև 2022 թ. հոկտեմբերի 8-ը:

***

Ժան Պողոսյանը աբստրակտ ոճի ժամանակակից արվեստագետ է, որի վերջին շրջանի ստեղծագործությունները ներկայացնում է տարբեր աստիճանի այրվածքների հետքեր: Կրակի ներգործությամբ Պողոսյանը շարունակ ներդաշնակություն է փնտրում։ Գիտակցելով, որ մարդը երբեք լիարժեք չի կարող սանձահարել բոցի և ծխի քաոսային շարժումը, նա մտնում է կրակի պարի մեջ և շարժվում նրա հետ միասին, մինչև որ որոշի կանգ առնել: Հենց այդ պահին է, որ նա զգում է, որ հասել է հավասարակշռության:

1949 թ. Հալեպում ծնված Ժան Պողոսյանը սերում է ոսկերիչների ընտանիքից: Ոսկերչության զուգահեռ ուսանել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի տնտեսագիտություն և սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1975 թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմը Պողոսյանին ստիպում է նրան հեռանալ երկրից և բնակություն հաստատել Բելգիայում, որտեղ սովորում է Վատերմալ Բուաֆորի Գեղարվեստի ակադեմիայում՝ միաժամանակ շարունակելով ընտանեկան բիզնեսը: 1992 թ. իր եղբոր և հոր հետ հիմնում է Պողոսյան հիմնադրամը:

Պողոսյանն այն եզակի արվեստագետներից է, որը փորձարկումներ է անում կրակ և ծուխ կիրառելով:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031