Գլխավոր հարցն է՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա կառուցել ավելի լավ հասարակություն: Ամերիկահայ աշխարհահռչակ տնտեսագետ, «Ինչու են ձախողվում պետությունները» (Why nations fail) հանրահայտ գրքի համահեղինակի խոսքով Դարոն Աճեմօղլուի կարծիքով՝ սա՛ է այսօր Հայաստանի առջև ծառացած գլխավոր հարցը, որի լուծումը թույլ կտա երկրին հաղթահարել համակարգային քաղաքական, տնտեսական խնդիրները։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի՝ 54-ամյա գիտնականի ներկայացմամբ, Խորհրդային Միության փլուզումից հետո՝ նախորդ 30 տարիներին նախկին սոցիալիստական երկրները երկու տեսակի քաղաքական ու տնտեսական վարքագիծ դրսևորեցին։
Առաջին խմբում այն երկրներն են՝ Արևելյան Եվրոպայի ու հետխորհրդային բալթյան երեք պետությունները, որոնք իրական ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացրեցին, որոնց արդյունքում այդ երկրների կոմունիստական, բյուրոկրատական էլիտաները լուսանցք մղվեցին։ Թեև սա որոշակի անկայունություն առաջացրեց, բայց նաև ճանապարհ հարթեց քաղաքական ու տնտեսական ավելի լավ ինստիտուտներ կառուցելու համար։
Երկրորդ խմբում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասն են՝ կենտրոնասիական երկրները, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, ուր խորհրդային ժամանակների էլիտաները հանդես եկան նոր դեմքով՝ որպես ազգայնականներ կամ անկախության մարտիկներ։ Այդ երկրներում ստեղծվեցին ազգական-բարեկամների վրա հիմնված ինստիտուցիոնալ կառույցներ, տնտեսությունները, ընդհանուր առմամբ, վատ վիճակում են, ժողովրդավարություն չկա։
Հայաստանը, Դարոն Աճեմօղլուի խոսքով, ավելի մեծ շանսեր ուներ միանալու առաջին խմբին, քանի որ քաղաքացիական հասարակությունն ավելի զարգացած էր, քան հետխորհրդային շատ երկրներում, կրթված մարդիկ ավելի շատ էին՝ շնորհիվ Խորհրդային Միության տնտեսության աշխարհագրության։ Սակայն Հայաստանը գերազանցապես ընթացավ երկրորդ խմբի ուղով։ Անգամ 2018 թվականի հեղափոխությունից հետո այս առումով խնդիրները պահպանվում են, իսկ ներկայում իրավիճակն ավելի բարդ է, քանզի Ռուսաստանը մեծացրել է ջանքերը՝ կառավարելու հետխորհրդային երկրների ընթացքը։
Կարդացեք նաև
«Ժողովրդավարությունը որոշիչ է։ Իմ աշխատություններն, օրինակ, ցույց են տալիս, որ այն երկրները, որոնք իրապես ժողովրդավար են դառնում, տնտեսական լուրջ խթան են ստանում և ճիշտ խթան են ստանում։ Սակայն ժողովրդավարությունը ամենևին էլ բավարար չէ։ Կա երեք կարևոր հանգամանք: Նախևառաջ, երբ կառավարություն եք ընտրում, և այն սկսում է գործել որպես բռնապետություն: Սա չի աշխատի, և կարող են լինել մեկը մյուսին հաջորդող բռնապետական կառավարություններ։ Ժողովրդավարության ներուժն է, որ ապահովում է ինստիտուցիոնալ մի կառուցվածք, որը երկխոսություն, փոխզիջում է հարկադրում տարբեր խմբերի միջև։ Սա նշանակում է զսպումների և հակակշիռների մի մեխանիզմ, որի մասին քաղաքական փիլիսոփաները խոսում են արդեն երեք հարյուր տարի։ Երկրորդ, այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածքի կարիք ունեք, որը հեռու կպահի դեմագոգ և պոպուլիստական քաղաքականությունից։ Կարծում եմ, այս երկուսից էլ նախկինում Հայաստանը տուժել է։ Երրորդ, փորձագիտական մտքի և տնտեսական քաղաքականության կարիք ունեք, որպեսզի առաջընթաց ունենաք տնտեսական ինստիտուտների կայացման գործում։ Տնտեսական ինստիտուտները շատ են կախված քաղաքական կառուցվածքից։ Կարծում եմ, այս երեք ուղղություններով նախկին խորհրդային հանրապետություններում, իրավիճակը լճացած է, սակայն, իրոք, հույս ունեմ, որ Հայաստանում ընթացքն այլ կերպ կլինի»։
«Հնարավոր է, որ մարդիկ համախմբվեն, և ես կարծում եմ՝ սա է առաջին քայլը Հայաստանի համար»
«Այս ամենը պահանջում է ազգային երկխոսության նոր տեսակ։ Սա միայն Հայաստանին չի վերաբերում։ Տարիների ընթացքում ինստիտուտները քամելը, տարբերությունները շահագործելը, դեմագոգիան, պոպուլիստական քաղաքականությունը, զսպումների և հակակշիռների մեխանիզմի բացակայությունը, որը կարող է արբիտրի դեր խաղալ, այս ամենը բևեռացրել են երկիրը։ Օրինակ, Բելառուսում նույնպես բևեռացվածությունը շատ բարձր է։ Նույնը Ուկրաինայում էր, մինչև Ռուսաստանի դեմ պատերազմը մարդկանց չհամախմբեց։ Նրանք համախմբվեցին։ Հնարավոր է, որ մարդիկ համախմբվեն, և ես կարծում եմ՝ սա է առաջին քայլը Հայաստանի համար», – ընդգծեց տնտեսագետը։
«Կենտրոնական կապն ապահովում է քաղաքացիական հասարակությունը»
«Երբ խոսում էի զսպումների և հակակշիռների մեխանիզմի մասին, իմ առաջարկած թեորիայում այդ մեխանիզմում կենտրոնական կապն ապահովում է քաղաքացիական հասարակությունը, մարդկանց մասնակցությունը քաղաքականությանը` այսպես ասած, ներքևից վերև, որը թույլ է տալիս պետությանը և քաղաքացիական հասարակությանը ավելի լավ ինստիտուտներ հիմնել։ Քաղաքացիական հասարակությունը կարևոր է: Մասնավոր հատվածը այդ երկուսի՝ պետության և քաղաքացիական հասարակության մեջտեղում է։ Այն կարող է լինել տնտեսական աճի շարժիչ, կարող է լինել դրական ուժ քաղաքականության մեջ, բայց կարող է և բացասական սոսկալի դեր ունենալ։ Թե մասնավոր հատվածը ինչ դեր կստանձնի, կախված է քաղաքական գործիչների հետ նրա հարաբերություններից։ Պատասխանատվության հարց կա։ Ճիշտ չէ ասել, թե սա քաղաքական գործիչների պատասխանատվության հարցն է, ո՛չ։ Հասարակությունը նույնպես պատասխանատու է, որովհետև դուք եք մարդկանց բերում իշխանության»։
«Հայաստանն ունի մարդկային վիթխարի կապիտալ»
«Չնայած ուղեղների հսկայական արտահոսքին, Հայաստանն ունի մարդկային վիթխարի կապիտալ, որը տեխնոլոգիական ոլորտում հմտությունների առումով ավելի առաջատար է, քան նախկին խորհրդային շատ, գրեթե բոլոր հանրապետությունները։ [Հայաստանը] լուրջ կարողություններ ունի բարձր տեխնոլոգիական և բարձր որակավորում պահանջող այլ ոլորտներում», – նշեց նա։
«Սփյուռքը Հայաստանի մեծագույն ուժն է և մեծագույն թուլությունը»
«Սփյուռքի մասին… ես սփյուռքի մասն եմ, բայց ես կասեի՝ այն Հայաստանի մեծագույն ուժն է և մեծագույն թուլությունը։ Եթե հայացք եք նետում այնպիսի երկրների, որոնք լրջորեն շահել են իրենց սփյուռքից եկող գաղափարներից ու դրամից… Հնդկաստանը, Չինաստանը բազմաթիվ օրինակներ ունեն, թե ինչպես են իրենց լավագույն ու լուսավոր զավակները, որոնք մեկնել էին արտերկիր, վերադառնում են գաղափարներով՝ գիտության, բիզնեսի և անգամ հասարակությունները կազմակերպելու վերաբերյալ։ Հնդկաստանի պարագայում կարող եք նկատել վերելքը տնտեսության այն ոլորտներում, ուր նրանց սփյուռքը ակտիվ է Միացյալ Նահանգների տնտեսությունում։ Նախորդ տասնամյակում Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի գլխին մեծամասամբ կանգնած էին ԱՄՆ-ում կրթություն ստացած չինացիները։ Սփյուռքը կարող է վիթխարի ռեսուրս լինել, որը դրամ, տեխնոլոգիաներ կուղղի Հայաստան։ Սակայն այն որոշ բացասական դեր էլ է խաղում, որովհետև Հայաստանի քաղաքական, միջազգային ընտրությունները պետք է արվեն այն մարդկանց կողմից, որոնք ապրում են Հայաստանում։ Սփյուռքի վրա չափից դուրս հենվելը լավ չի լինի Հայաստանի ներքին զարգացումների համար։ Ի վերջո, քաղաքացիական հասարակության վերածնունդը կարևոր է, որը չի կարող և երբեք չի եկել դրսից, այն պետք է առաջանա երկրում», – ընդգծեց Դարոն Աճեմօղլուն։
«Ֆինլանդիան ծայրահեղ հետամնաց երկիր էր…»
«Եթե ցանկանում եք հաղթահարել Հայաստանում առկա բևեռացվածությունը, կարծում եմ, ազգային ու պատմական միասնությունը առավելություն կլինի։ Մի օրինակ կբերեմ՝ Ֆինլանդիան, որտեղից կարելի է դասեր քաղել։ Ֆինլանդիան ծայրահեղ հետամնաց երկիր էր, խիստ անհավասար, որը իրապես բաժանված էր շատ հարուստ կալվածատերերի՝ նախկին ֆեոդալների, ազնվականների և հարաբերականորեն ցածր մարդկային կապիտալի միջև։ Նաև այդ երկիրը Ռուսաստանից եկող մահացու սպառնալիքի ներքո էր, որը փորձեց ներխուժել Ֆինլանդիա, բայց, ինչպես հայտնի է, ձախողեց։ Սակայն Ռուսաստանը վնասող պատժամիջոցներ կիրառեց Ֆինլանդիայի նկատմամբ՝ հսկայական ռազմատուգանք։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը Երկրորդ աշխարհամարտի ավարտին կասեր, թե Ֆինլանդիան կդառնա ժողովրդավարության մոդել, տնտեսական աճի կենտրոն, բայց այն դարձավ այդպիսի երկիր։ Այն օգտագործեց իր յուրահատուկ մշակութային, ազգային ինքնությունը. Այս առումով Ֆինլանդիան կապ չունի սկանդինավյան այլ երկրների, Եվրոպայի մնացյալ հատվածի հետ, որոշակի առումով առանձին են։ Ֆինլանդիան բարեփոխումներ իրականացրեց, որոնք կրճատեցին վերը նշված անհավասարությունները՝ հողային, լայնածավալ հարկային բարեփոխումներ, լուրջ ջանքեր գործադրեց արդյունաբերության տարբեր ճյուղեր զարգացնելու համար, որպեսզի կարողանա վճարել ռազմատուգանքը, և կառուցեց օրինակելի ժողովրդավարություն։ Ֆինլանդիան այժմ էլ բախվում էքզիստենցիալ վտանգի։ Էքզիստենցիալ վտանգի առջև է նաև Հայաստանը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, երիտասարդները ընկճվելով մեկնում են երկրից։ Սա մի ժամանակ է, երբ Հայաստանը խաչմերուկի վրա է կանգնած, և կարող է սովորել Ֆինլանդիայից ու փոխել իր ընթացքը», – ասաց տնտեսագետը։
Դարօն ԱՃԵՄՕՂԼՈՒ
«Ազատություն ռադիոկայան»