Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանի դիմումը՝ երեխաների ներգրավվածությամբ բոլոր գործերով դատական նիստերը դռնփակ անցկացնելու հարցով

Հուլիս 10,2022 10:15

Դատալեքս դատական տեղեկատվական կայքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ դատարաններում քննվող բազմաթիվ գործեր առնչվում են անչափահաս երեխաների իրավունքներին ու շահերին, և այդ գործերով կայացված դատական ակտերն ու դրանցում արձանագրված անչափահաս երեխաների անձնական տվյալները (ԱԱՀ, ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվ, բնակության վայրի հասցե, ուսումնական հաստատության հասցե և այլն) հասանելի են կայքի ցանկացած օգտվողի, ինչը միանշանակ անթույլատրելի է։

Միջազգային իրավակարգավորումների համաձայն` երեխաների և նրանց ընտանիքների վերաբերյալ մասնավոր տեղեկություն պարունակող տեսաձայնագրությունները, փաստաթղթերը և նիստերի բովանդակությունը պետք է լինեն խիստ գաղտնի և ոչ հասանելի այլ անձանց: Հասանելիությունը պետք է տրամադրվի միայն գործի հետ ուղղակիորեն կապված և սահմանված կարգով լիազորված այլ անձանց: Երեխայի ներգրավվածությամբ գործի վերաբերյալ չպետք է հրապարակվի որևէ տեղեկություն, որը կարող է բացահայտել կամ անուղղակիորեն հնարավոր դարձնել երեխայի ինքնության բացահայտումը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի»:
Երիտասարդների և ընտանեկան հարցերով դատավորների և մագիստրների դատական էթիկայի սկզբունքների 8-րդ սկզբունքի համաձայն` «Դատավորը պետք է հարգի իր դատական գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գաղտնի բնույթը, որի բացահայտումը կամ օգտագործումը կարող է համարվել երեխայի կամ երիտասարդի մասնավոր կյանքի խախտում, եթե նա կամ նրա ընտանիքը կամ այլ անձ ընդգրկված են դատավարական գործընթացում»:

Երեխաների և նրանց ընտանիքների մասնավոր կյանքի մասին խիստ անձնական տեղեկատվության հրապարակումը կարող է խախտում հանդիսանալ, հատկապես երբ երեխաներին հնարավոր է լինում նույնականացնել: Ստիգմատիզացիան և պիտակավորումը կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն կրթության, աշխատանքի, ցանկալի ընկերների և անձնական անվտանգության հասանելիության հետ կապված նրանց ներկա և ապագա հնարավորությունների վրա, որը վտանգում է նրանց սոցիալական ինտեգրումը և լիարժեք քաղաքացի դառնալու նրանց հնարավորությունները:

Չնայած որ ներպետական օրենսդրությամբ՝ մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են դատական վարույթի դռնփակության վերաբերյալ դրույթներ, սակայն դրանք չեն ապահովում երեխայի մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության անձեռնմխելիությունը, քանի որ եթե կողմերը չեն միջնորդում, դատարանն էլ նման նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ապա գործը քննվում է դռնբացության պայմաններում։

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել եմ դիտարկել դատարանների համար երեխաների ներգրավվածությամբ ընտանեկան վեճերին վերաբերելի բոլոր գործերով պարտադիր դռնփակ դատական նիստ հրավիրելու պարտականություն սահմանելու հնարավորությունը և որպես հետևանք` արգելել տվյալ գործերով դատական ակտերի հանրայնացումը Դատալեքս դատական տեղեկատվական կայքում՝ ի ապահովումն երեխաների իրավունքների և շահերի հարգման ու պաշտպանման, միաժամանակ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման։

Սպասում եմ գործուն քայլերի. թեեւ ԲԴԽ-ում խառը վիճակ է:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031