Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարող ուժի Կապանի տարածքային կառույցում խաղաքարտերը խառնվեցին

Հուլիս 09,2022 21:02

Հուլիսի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կառույցում խորհրդի կազմի ընտրություններ էին։

Ըստ շրջանառվող վարկածի՝ խորհրդի նախագահի հավանական թեկնածուներն էին՝ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, Սյունիքի նախկին փոխմարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Նարեկ  Բաբայանն ու փոխմարզպետ Հայկ Հարությունյանը։ Թեկնածուները մի քանի օր է, ինչ պայքարում էին յուրայիններին խորհրդի անդամ դարձնելու համար, որպեսզի շանս ունենան նախագահ ընտրվելու։ Սակայն նրանց խաղաքարտերը խառնվեցին ու դաշտում հայտնվեցին նոր խաղացողներ։ Խորհրդի անդամներ  ընտրված ու նախագահի պաշտոնի հավակնորդներից  ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը ստացավ  ամենաշատ քվեները՝ 57, Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը ՝ 48,  իսկ պատգամավոր Դավիթ Դանիելյանի օգտին քվեարկեց  40 կուսակցական։

7 հոգանոց խորհուրդը քննարկեց ու  միաձայն խորհրդի նախագահ ընտրեց Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, Կապանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Նարեկ Դավթյանին։ Նախագահի հավանական թեկնածուներից եւ ոչ մեկը չառաջադրվեց։ Նարեկ Դավթյանը ստացել էր  50 քվե։ Խորհրդի կազմի  երկու անդամ՝ փաստաբան Արշավիր Խալափյանն ու Գագիկ Հարությունյանը ստացել էին հավասար՝  47-ական քվե։ Խորհրդի կազմի համար առաջադրված 5 կին թեկնածուներից  ամենաշատ՝ 33 քվե ստացած  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի աշխատակից Նելլի Մինասյանը նույնպես ընտրվեց խորհրդի անդամ։

«Եթե անկեղծ,  ապա սպասում էի, որ կընտրվեմ խորհրդի անդամ, բայց նախագահ՝ պատկերացում չունեի։ Ասեմ՝ խորհրդի նախագահը, թերեւս ոչ մի առավելություն չունի, բոլոր 7 անդամներս հավասարազոր ենք, ուղղակի մեկնումեկը պիտի համակարգի աշխատանքները»,-Aravot.am-ի հետ  հեռախոսազրույցում ասաց Նարեկ Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով իր կուսակից ընկերներին վստահության համար։ Ինչ վերաբերում է կառույցում առկա տարաձայնություններին՝ Նարեկ Դավթյանը նկատեց, որ արտառոց ոչինչ չկա,  «գուցե՞ լրատվամիջոցներն են փորձում ինտրիգ մտցնել»։ «Ընտանիք չկա, որ տարաձայնություն չլինի, մենք մի ընտանիք ենք, եթե կա խնդիրներ, ապա բոլոր հարցերը կլուծենք ու կաշխատենք հանուն միասնական Սյունիքի, հանուն մեր պետության»,-իր խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի խորհրդի նորընտիր նախագահ Նարեկ Դավթյանը։

Հետաքրքիր մեկ փաստ եւս․ խորհրդի անդամի թեկնածու առաջադրված, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի օգտին քվեարկել էր 17 կուսակցական։  Նշենք, որ ընտրությունների ընթացքի հետեւեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031