Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարական գործընկերներին ակտիվացնել ջանքերը․ հայտարարություն

Հուլիս 09,2022 19:40

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ընթացիկ զարգացումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչների միջեւ Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանն արձանագրված առաջին հստակ պայմանավորվածությունների փաստի, պաշտոնական Երեւանի եւ Անկարայի կողմից դրա վերաբերյալ տրված մեկնաբանությունների կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․

ա/ Ողջունելով ձեռք բերված պայմանավորվածությունները, գնահատելով դրանք որպես միջանկյալ՝ լիակատար նորմալացման ճանապարհին, արտահայտելով խիստ զգուշավոր լավատեսություն գործընթացի հեռանկարի վերաբերյալ, միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը, ինչպես նաեւ՝ Անկարայից հնչած ազդակների անհստակությունը` համարում ենք, որ հաղորդագրություններում ամրագրված պայմանավորվածությունները կարելի է կայացած համարել միայն եւ բացառապես դրանց գործնական եւ ամբողջական իրագործման պարագայում,

բ/ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններին կանոնակարգված, կանխատեսելի եւ քաղաքակիրթ բնույթ հաղորդելը համարելով բացարձակ առաջնահերթություն` համարում ենք, որ դրանք պետք է զերծ լինեն հարևան և տարածշրջանային պետությունների և ուժային կենտրոնների դեստրուկտիվ ազդեցություններից, ինչը բխում է գործընթացի արդյունավետության շահերից։ Մինչդեռ, հարաբերությունների գործընթացը երկուստեք առանց նախապայմանների առաջ տանելու հանձնառությունը ստանձնելով` Անկարան, ըստ էության, դրանք շարունակում է ածանցել Ադրբեջանի իշխանությունների՝ Հայաստանի նկատմամբ դրսեւորվող առավելապաշտական նկրտումներից եւ քմահաճույքներից, ինչն ուղղակիորեն խնդիրներ է ստեղծում դրական արդյունքի հասնելու ճանապարհին եւ հիմք է տալիս կասկածելու պաշտոնական Անկարայի՝ գործընթացին ներգրավվելու անկեղծությանը,

գ/ խիստ կարեւորելով Հայաստան-Թուրքիա դեմ-առ-դեմ երկխոսության կարեւորությունը`որպես երրորդ կողմերի դեստրուկտիվ միջամտություններից գործընթացը զերծ պահելու, վստահության մթնոլորտ կառուցելու տեսակետից լավագույն ձեւաչափ` միեւնույն ժամանակ կոչ ենք անում Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարական գործընկերներին ակտիվացնել ջանքերը` ուղղված գործընթացին մասնակցող պաշտոնական Անկարային առավելագույնս արդյունքին միտված քայլերի քաջալերմանն ու ըստ անհրաժեշտության` նաև ճնշմանը, որպեսզի, հաշվի առնելով նախորդիվ «ֆուտբոլային դիվանագիտության» չհաջողված փորձը, գործընթացը չվերածվի բացառապես ինքնանպատակ ընթացքի` մեծացնելով առանց այն էլ ահագնացող անորոշությունները։ Ուստի` Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում միջազգային հարաբերությունների ներկայիս իրողությունների համատեքստում ակտիվացնել երկխոսությունը միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում,

դ/ վերահաստատում ենք, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների օրակարգը պետք է ուղղված լինի միմյանց շահերի համադրմանն ու հավասարակշռված իրացմանը և չդառնա այլոց նկրտումների մանրադրամ՝ ներսում թե դրսում։ Հաշվի առնելով երկուստեք զգայուն գործընթացում պարտադիր խորհրդապահության զգալի չափաբաժինը` միեւնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանությունների կողմից պատշաճ հաշվետվողականության հրամայականի մասին, ինչպես նաեւ՝ գործընթացի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ պատշաճ հանրային հաղորդակցություն ապահովելու կենսական կարեւորությունը, ինչը լավագույնս կապահովագրի գործընթացը տարբեր շահարկումներից եւ իմաստների նենգափոխումներից,

ե/ համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության արմատական շահերը Թուրքիայի հետ հարաբերությունների ներկայիս փուլում պահանջում են իշխանությունից, ընդդիմությունից, մամուլից, ողջ քաղաքական դասից առավել բարձր պետական մտածողություն, պատասխանատվություն եւ բանակցային իրողությունները շահարկելու գայթակղության կատեգորիկ մերժում, ինչը պարտադիր պայման է այս կենսական կարեւորության հարցում համազգային լայն կոնսենսուսին հասնելու ճանապարհին,

զ/ այս երեսուն տարվա մեր անցած ճանապարհը, ինչպես նաև արդի աշխարհակարգի տվյալ պահին հեղհեղուկ և անցումային իրավիճակի առկայությունը գալիս են փաստելու մեր համոզվածությունը, որ անկախ, ինքնիշխան և խաղաղ Հայաստանի Հանրապետություն ունենալու հրամայականն է հարևանների հետ ունենալ հնարավորինս կանխատեսելի և կարգավորված հարաբերություններ:

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031