Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում բացվել է հերոս Նորայր Սողոմոնյանին նվիրված թանգարանը: 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը Նորայրը կդառնար 22 տարեկան: Նա զոհվել էր Ջրականում՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ: Նորայրը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։
«Որդիս եղել է ե՛ւ երաժիշտ, ե՛ւ նկարիչ: Նա տիրապետում էր երկու արվեստներին էլ: Նա ունի ավելի քան 100 գեղանկարչական աշխատանքներ: Այժմ դրանք պահվում են թանգարանում, որտեղ իրենից մնացած այլ մասունքներ էլ կան։ Չգիտեմ, թե ինչով էր պայմանավորված՝ այս տարիների ընթացքում մյուս զավակներիս իրերից ոչինչ չեմ պահել, բայց Նորայրի իրերը միշտ պահել եմ, անգամ իր՝ դեն նետելու մատիտներն ու ռետինները: Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց պահել եմ, եւ այսօր այդ ամենը տեղ է գտել իր թանգարանում: Այնտեղ են նաեւ իր երաժշտական գործիքները: Նորայրը նվագում էր մի քանի երաժշտական գործիք՝ թառ, դհոլ, ակորդեոն»:
Հերոսի մայրն ասաց, որ որդու թանգարանի բացման օրը բազմաթիվ հյուրեր ու մասնակիցներ են եղել, որդու դպրոցից, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից, որի գեղանկարչության բաժին ընդունվել էր Նորայրը՝ դպրոցն ավարտելուց հետո «Որդուս մանկավարժական համալսարանի կողմից մեդալ շնորհվեց»,-ասաց տիկին Սյուզաննան:
Կարդացեք նաև
Ի թիվս այլոց, նրա խոսքով, միջոցառմանը հրավիրված էին ու մասնակցում էին Կարին Տոնոյանը, երգիչ Մրոն, ասմունքող Մարիամ Մելքոնյանը, Վայոց Ձորի Սայաթ Նովայի անվան աշուղական խումբը:
«Նմանը չունեցող, բարձր մակարդակի միջոցառում էր… Այնպիսի տպավորություն էր, կարծես որդուս ողջության ժամանակ էինք նշում իր ծննդյան օրը: Դա մեծարման մի օր էր»,-ասաց մայրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ