Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար մտքեր (պատմվածք)

Հուլիս 09,2022 13:50

Հետո ունայնության թուխպն իջավ մերկ ավազների վրա, և ձուլվեցին ծովն ու հորիզոնի գույները սև, և ճերմակ ճայեր գահավիժեցին՝ երկնքում թողնելով աստվածների ննջարանները, որտեղ նրանք արարում էին չարիք:

– Զգույշ,- ծղրտաց կինն ու նրա վարդագույն մարմինն անշարժացավ վախի մեջ: Նա փոքրացավ մի փոքր, կարծես մանկահասակ աղջնակ լիներ, ու չգիտեր իր անելիքն այն բանից հետո, երբ ծածկել էր դեմքն ափերով ու հիմա ականջալուր էր, թե ինչպես են մոտենում խև թռչունների թևերն ու թե ինչպես են հեռանում դրանք՝ իր մարմնին քսվելով:- Լսո՞ւմ ես, Արչի: Նրանք իջնում են երկնքից, որպեսզի կտցահարեն մեր աչքերը: Դու ինձ լսո՞ւմ ես:

Տղամարդը պառկած էր խաչաբաց, իսկ երկնագույն նրա աչքերը մթնում էին հետզհետե, քանզի մեռյալ էր երկինքն ու կապտասև ամպերն էին հղի: Նա տեսնում էր ճերմակ թռչունների էջքը, տեսնում էր, թե ինչպես էին անհետանում նրանք ջրին մերձ տարածքին մոտենալիս, ապա հառնում էին կրկին, հառնում էին թերևս ոչնչից ու խոյանում էին երկինքն ի վեր՝ կտուցների մեջ տանելով աղաջրից առևանգված ձկներ: Սոսկ ակնթարթի ինչ-որ թրթիռում նա տեսնում էր, թե ինչպես են թպրտում այլևս անվերադարձ սավառնող ձկների պոչերը, և թե ինչպես են ծորում պսպղուն կաթիլները նրանց թեփուկներն ի վար՝ մթնասև անեզրության մեջ թողնելով հրաժեշտի արցունքն ակամա:

– Արչի…

Հեռվում աշխատում էին ծանր մեքենաներ, որոնք դեղին հատիկներ էին կորզում  ծովեզերքից, և տանում էին բեռնատարները բարկ արևի փոշին, որպեսզի բանվորները զտեն փոշին գործարաններում և հատիկներն ամփոփեն ձագարաձև կոլբաների մեջ՝ արտադրելով ժամանակի սահմանափակ միավորներ, որոնք ավազի ժամացույց են կոչվում սովորաբար:

… Նրանք գավառական այս քաղաքն էին եկել անհաշիվ օրեր առաջ,  և արփին դաղել էր նրանց կիսամերկ մարմինները: Քանի՜-քանի՜ գիշերներ՝ անսպառ հույզերի և ուժասպառ գգվանքների մեջ… Քանզի չգիտեին իրենց տեղն այս աշխարհի վրա և չգիտեին իրենց հայրենիքն այս արևի ներքո, և չէին հասկացել, որ ծնվել են քսանչորս տարիներ առաջ ու ապրել են երբևէ:

Օ՜ տարաբախտ թռչուններ:

Քամին, ամռան տոթ ու մտրակաձև քամին ձաղկում էր նրանց արևախանձ մարմինները, իսկ թուխպը բառաչում էր ցավ, քանզի անձրև պիտի երկներ, և անմարմին մանուկներ պիտի ազատագրվեին նրա փուչ որովայնից:

– Տուր ձեռքդ, Արչի,- աղերսեց կինը՝ գլուխը բարձրացնելով:- Վախենում եմ:

Նրա վարդագույն մարմինը ձգվել էր կիսաթեք, ձախ ոտքը ծալված էր դեպի ետ, իսկ ինքը կքել էր տղամարդու վրա՝ աջ արմունկն իբրև հենարան օգտագործելով, ու ժպտում էր թերևս: Հետո բացվեցին կնոջ վարսերը՝ ծղոտե գլխարկից ազատագրվելով, թափվեցին դրանք դեպի վեր, այո՛, դեպի վեր թափվեցին՝ ազատորեն ծածանվելով ու քսվելով փաթիլներ հիշեցնող ճերմակ քուլաներին, որ գալիս էին բամբակի պլանտացիաներից և հեծյալներն էին քամու: Եվ թվաց տղամարդուն, թե բազմաթիվ սուրծայր ասեղներ խտտում են իր դեմքն ու բյուր կաթիլներ չորանում են իր մաշկի վրա՝ հիշեցելով մանկության սանձարձակ անհոգությունն ու պատանեկան խաղեր, որոնք քարերի տակ խեցգետին հայտնաբերող տղաներ էին սկզբում, շրջազգեստի ետևից ընկնող դեռահասներ ՝ ապա, և պատերազմում գնդակահարվող երիտասարդներ՝ հետո…

– Ես թափառում էի մանկության անտառներում, Ավրորա,- հանկարծ խոսեց տղամարդը՝ կնոջ պարանոցը համբուրելով,- ու հիմա գիտեմ ամենակարևոր ճշմարտությունը: Մենք ծնվել ենք արդեն:

– Մի՞թե…

Իրերը հապշտապ հավաքելով, կինը վազեց դեպի ալիքներն ու լվաց ռետինե նալիկները՝ դրանք ողորկ քարին դնելով, հեռացրեց ոտնամատների արանքում շարժուն ավազահատիկներ, որ քերում էին քայլելիս, ու վերադարձավ: Արչին ինչ-որ բան էր գրում նոթատետրում:

– Հաշվո՞ւմ ես,- հարցրեց Ավրորան՝ ցաքուցրիվ այլ իրեր ժողովելով:

– Այո, սեր իմ, ուզում եմ պատկերացնել, գոնե՝ մոտավորապես, թե ինչ կարժենա մեր տունն ու թե ինչ կկորզենք կահկարասին վաճառելիս:

– Կարժենա՝ ե՞րբ,- զրնգուն ծիծաղեց Ավրորան:- Թող հիմարություններդ, Արչի: Չէ՞ որ դիտավորյալ հետաձգում ես վերադարձդ, բայց համաձայնիր՝ տունն ու կահկարասին չեն կարող ինքնըստինքյան վաճառվել:

– Իհարկե,- խուլ հառաչեց տղամարդը:

Քիչ հեռվում, այնտեղ, ուր մժղուկների պարսն էր իջել գաճաճ փշերի և փշերում վառվռուն ծաղիկների վրա, այնտեղ՝ աղաջրի մեջ ծնկաչոք ժայռերի տակ խաղում էր մորեմերկ աղջնակը: Երեխան չոչ էր անում՝ գույնզգույն քարեր որոնելով, և հրճվում էր փրփուրներից ամեն անգամ, երբ ալիքներն էին նահանջում, և փշաքաղվում էր՝ հանկարծ հայտնվող մեդուզաների հպումը ճանաչելիս: Նրա ոսկեգույն խոպոպները ժամանակ առ ժամանակ կախվում էին աչքերի վրա՝ մի պահ ծածկելով այն իրականությունը, որտեղ տղամարդու հառաչանքն էր խուլ:

– Ես կվերադառնամ, Ավրորա,- խոսքն առաջ տարավ Արչին,- խոստանում եմ:

– Գիտե՛մ:- Պայուսակները քարին դնելով, կինը շրջվեց կտրուկ:- Հետո՛ կվերադառնաս, իսկ հիմա լավ է՝ գնանք գարեջուր խմելու: Քո սիրած պանդոկը գնանք, «Պիկասսոյի մոտ»:

Պանդոկապանը, որին կենվորներն ու զբոսաշրջիկները դիմում էին պարոն Ֆրեդրիկ կամ, պարզապես, պարոն Ֆրեդ՝ հարգելով նրա ահռելի ուժն ու հաճախորդներին շահելու տաղանդը, քիչ ու միչ նկարում էր և առափնյա իր իջևանատունը կոչել էր մեծն Իսպանացու անունով՝ ի պատիվ և կամ ի դժբախտություն այն ճշմարտության, որ ինքը երբեք չի դառնա Պիկասսո՝ վրձնով, բայց արվեստագետ կլինի մարդկային փոխհարաբերությունների մեջ և կսպասարկի իր հաճախորդներին՝ հետևելով  նրանց կյանքն ինչ-որ կերպ լուսավոր դարձնելու իր սկզբունքին: Ուստի և. եթե հաճախորդը անշնորհակալ խոզ չէր, նա երախտագիտության զգացումով էր հեռանում պարոն Ֆրեդի պանդոկից: Այստեղ հիմնականում հավաքվում էին մենացող մարդիկ: Նրանք չէին աղմկում անգամ բավականաչափ կոնծելուց հետո ու չէին խանգարում միմյանց: Համերաշխության թերևս անիմաց ոգի կար նրանց փոխհարաբերություններում, և կային սահմաններ, որոնք հանկարծ բացառվում էին այնժամ, երբ փրկարար ծառայությունները ջրահեղձ էին դուրս բերում ալիքներից, բայց դրանք անմիջապես վերականգնվում էին հետո…  Առանձնահատուկ տհաճ էր ջրահեղձի մարմինը՝ մերկ ավազների վրա ու դեղինով բոցավառ անեզրության մեջ: Այո՛. կապտասև եղունգները, բերանի անկյունից կախ լեզուն, պիրկ մարմնի մեջ հավիտյանս պիրկ սարսափն ու պերճախոս անձայնությունը ջնջում էին սահմաններ, որոնք անմիջապես վերականգնվում էին հետո՝ առավել անառիկ դառնալով: Ահա ևս մեկը: Պատգարակը տանում են, անօգնական՝ ինչպես երբեք, և նրանց թափորը բախվում է «Պիկասսոյի մոտ» վերադարձող կնոջն ու տղամարդուն: Նրանք թողել էին կերակրի մնացորդներ՝ կանխավ պատկերացնելով ճայերի խրախճանքն այն բանից հետո, երբ մարդն այլևս չէր լինի ափեզրին, իսկ նրա ոտնահետքերի մեջ կլճանար բարբարոսների արյունը: Ահա գրկախառնվում են նրանք՝ սիրո համբույրն իբրև ուռկան բացելով, ու ժամանակի ձկներն են հավաքվում այնտեղ, ուր նրանք ապրել էին իրենց կյանքի օրերը բյուր:

– Ես սիրում եմ քամին,- ժպտադեմ թոթովեց կինը,- որովհետև քամին բերում է պաղ կաթիլները ծովի, և դրանք հովացնում են ներսից ու դրսից այրվող մեր մարմինները: Սիրում եմ ավազը, Արչի, որովհետև ավազն անպայման կսահի մեր մաշկի վրայով, երբ մենք խոցելի կլինենք, և կխշրտա մեր ատամների տակ, երբ կսոսնձվեն մեր մարմինները կրքով ու քրտինքով:

Տղամարդը բարձրացրեց գլուխն ու ճայերին նայելով՝ ասաց.

– Տեսնո՞ւմ ես, Ավրորա, նրանք ավելորդ հայացքներ գողացան մեզանից, սոսկ ավելորդ հայացքներ, բայց նրանց կարծր կտուցները չմխրճվեցին մեր ակնախոռոչների մեջ ու չբզկտեցին աչքերը մեր: Ահա ոտք եմ դրել հողագնդի վրա, և գլուխս պտտվում է հաճույքից, և դո՛ւ պիտի օգնես ինձ, որ կատարեմ իմ առաջին քայլն ու քայլել կարողանամ, քանզի ծանր է գլխապտույտ թռիչքից բաժանվելն ու երկնքից հեռանալը ծանր է առավել:

Ավրորա…

– Արձակ բանաստեղծություննե՞ր ես հորինում ինձ համար,- զրնգուն ծիծաղեց կինն ու ավազ ցփնեց՝ պստիկ թումբը ցրելով:- Գնանք, հիմա պարոն Ֆրեդրիկը փրփրուն ոսկի է լցնում պաղ գավաթների մեջ: Ես գարեջուր եմ երազում, հասկանո՞ւմ ես:

– Առավել քան, Ավրորա, առավել քան… Ինչ-որ մեկը ոչխար է խուզում կոկորդիս մեջ: Թվում է՝ խուճուճ բրդի մազմզուկներ կան բերանիս խոռոչում ու հիմա դրանք խցանել են շնչափողս՝ քիմքիս վրա և լեզվիս տակ կույտ-կույտ կուտակվելով:

Կինն առաջ անցավ: Նա իր պատասխանն էր մտմտում՝ ստեպ-ստեպ շրջելով գլուխն ու փախցնելով աչքերն արևի ճառագայթներից, իսկ Արչին սիրում էր նրան հայացքով: Սիրում էր քամին, որ խառնացրիվ վարսերն էր ծածանում՝ հանկարծ մերկացնելով երիտասարդ կնոջ ծոծրակն ու հիշեցնելով, որ նուրբ-դեղնավուն աղվամազ կա ծոծրակի փոսիկում, սիրում էր ավազի ժամացույց արտադրող մեքենաների աղմուկը, որովհետև անտանելի այդ շիլաշփոթից պապանձվում էին բառեր, որոնք չպետք է լինեին: Ավազուտներից անդին՝ տրորված խոտով ճանապարհն էր կուչուձիգ: Պատգարակը տարել էին վաղուց, բայց հատուկենտ մարդիկ դեռ վխտում էին աննպատակ, իսկ արևն այրել էր նրանց ցանկությունները:

«Պիկասսոյի մոտ» իջևանատունը բազմագույն էր ո՛չ այն պատճառով, որ ներկել էին հենց այս տարի, այլ զուտ այն դժբախտությամբ, որ շինության տերը փող չուներ ներկ գնելու համար, ուստի և՝ տախտակներն ու տանիքի թիթեղները անկանոն գունաթափվել էին բորբ արևից՝ ստեղծելով անգույն գույների զարմանազան համադրություն:

Արչին կաղում էր մի թեթև: Ակացիայի փուշն էր խրվել գարշապարի մեջ դեռ երկու օր առաջ, բայց վերքը, ի բարեբախտություն, չէր թարախակալել: Նրանք ներս մտան՝ հայացքների մեջ չթաքցնելով ագահությունը, որ փաթաթվել էր գարեջրի տակառին ու փրփրադեզ հեղուկն էր ծծում հենց ծորակից:

– Համեցեք, համեցեք,- ուրախացավ պարոն Ֆրեդը,- այս ժամին արևի տակ մնալը հանցագործություն է: Չե՞ք մրսում:

Թվաց՝ պանդոկապանը ծաղրում է, և Արչին անպայման կկոպտեր նրան, եթե չլիներ վաղեմի բարեկամությունն ու հավատն առ այն, որ Ֆրեդը շատ ավելի բարձր էր, քան մարդու արժանապատվությանը կատակով դիպչելու վարմունքը, ինչը պլեբեյական նիստուկացին է բնորոշ:

– Այ քեզ հարց,- զարմացավ Արչին,- քանի՞ բաժակ ես խմել, բարեկամս:

– Լուրջ եմ ասում,- ձևական նեղացավ Ֆրեդը,- չգիտե՞ք, որ արևի ճակատային ճառագայթները դողէրոցք են առաջացնում, և մարդիկ անկողին են մտնում շան պես սրթսրթալով, կարծես ձմեռ լինի:

– Իրոք,- զրույցին միացավ Ավրորան,- մի անգամ կարդացել եմ բժշկական ամսագրում, կա այդպիսի բան:

Արչին նստեց ծանրումեծ՝ վիրավոր ոտքը երկարացնելով, իսկ պարոն Ֆրեդը մաքրեց մաս-մաքուր սեղանը, ինչը նրա առանձնահատուկ վերաբերմունքն էր շեշտում իր հյուրերի հանդեպ:

– Մեզ գարեջուր տուր, Ֆրեդ,- աղերսեց կինը:- Ուղտերը շեղվել էին ճանապարհից, քանզի կույր էին այլևս, և օազիսներ էին նրանց բիբերը սև, և ավազն էր ծանրացել նրանց թարթիչների վրա, և միրաժների քաղցրահամ ջուրն էր ծփում նրանց աչքերի մեջ: Հետո տապալվեց ամենախոշորն ու ջլապինդը՝ չոր հառաչանք բառաչելով: Արաբն ավազ շփեց դեպի երկինք, արևին շպրտեց իր վիշտն ու մահը, և քարավանը դուրս չեկավ Սահարա  անապատից, և հրճվեցին աստվածներն իրենց ննջասենյակներում:

– Ի՞նչ ուղտեր, ի՞նչ աստվածներ,- ի վերջո թոթովեց պարոն Ֆրեդը, որ ապշել-ընդարմացել էր՝ սրբիչն աջ ձեռքում, իսկ գարեջրի բաժակը՝ ձախ ձեռքի մեջ:- Ի՞նչ անապատ, Ավրորա, ո՞ւմ հետ ես խոսում:

Պանդոկապանի զարմանքը տեսնելով, Ավրորան թուլացավ ծիծաղից:

– Ես ու Արչին խաղ ենք սկսել,- բացատրեց կինը,- խոսում ենք՝ իրականությունը գունավորելով: Պատմում ենք մտացածին երազներ, որպեսզի ապրելու ուժն ունենանք:- Սակայն պանդոկապանը ուշքի չէր գալիս, և Ավրորան շարունակեց՝ խոսքին մտերմիկ հնչյուններ ավելացնելով.- ես առողջ եմ, Ֆրեդ, հաստատ բան եմ ասում, խելքս էլ տեղն է, չես հավատում՝ Արչիին հարցրու:

Քթի տակ փնթփնթալով՝ Ֆրեդն անցավ վաճառասեղանի ետևը: Հավանաբար, դեռ չէր հաշտվում իրականության հետ և կամ վիրավորված էր մի փոքր, սակայն՝ ինչի՞ համար: Նա սկսեց գարեջուր լցնել, իսկ Արչին ու Ավրորան տեղավորվեցին դեմդիմաց:

– Ճիշտ էր մեր այստեղ գալը,- մի տեսակ հեռվից սկսեց Արչին,- ծովափն ի նկատի ունեմ:

– Այո, համաձայնեց Ավրորան,- անչափ սիրեցի ավազներում թավալվելն ու ոչինչ չանելը: Ոչի՛նչ: Որովհետև…

– Որովհետև՝ ի՞նչ:

– Մի հարցաքննիր, Արչի, ինձանից լավ գիտես:

– Մի՞թե հարցաքննում եմ,- սրտնեղեց տղամարդը,- մի բան պիտի խոսենք, չէ՞:

– Կարող ենք և դատարկաբանել, ինչն արդեն սովորույթ է որոշ ժամանակից ի վեր: Մարդիկ բզկտում են միմյանց՝ բառից ենթատեքստ կորզելով, նկատե՞լ ես: Նրանք չեն բավարարվում ասվածով և շարունակ որոնում են իմաստներ, որոնք զրույցի մեջ կարող էին լինել, բայց ո՞վ գիտի, թե ինչ մտադրություններ կան անգամ ամենաանկեղծ մարդկանց  մտքերում:

– Մենք բոլորս թաքնվում ենք,- հապշտապ պատասխանեց Արչին:- Սա շատ ցավալի է, Ավրորա: Թաքնվում են անգամ ամենամտերիմ մարդիկ՝ ծածուկ պահելով կաղ կամ մարտունակ ճշմարտություններ, որոնք լիարժեք չեն խոստովանում մինչև իսկ կատարյալ մենության մեջ:

– Համամիտ եմ:- Պայուսակից հայելի հանելով, Ավրորան սկսեց ուսումնասիրել քթի անկյունում բուսող պզուկը, որ դեռ չէր թարախակալել: Սա անում էր՝ միաժամանակ խոսելով:- Փաստորեն՝ համակարծիք ենք: Ուրեմն ի՞նչ կար նեղանալու, երբ ասացի՝ մի հարցաքննիր:

Մոտեցավ պարոն Ֆրեդը՝ բերելով գարեջուր, ապխտած ձուկ, որ շատ ախորժելի տեսք ուներ, ու հաց:

– Շնորհակալ եմ, Ֆրեդ,- պանդոկապանի արմունկը սեղմելով՝ ասաց Արչին,- հաճելի է այստեղ, քո հարկի տակ:

– Խնդրեմ:

Նա ետ քաշվեց նրբանկատորեն, ինչը խոսում էր զրույցից զերծ մնալու նրա մտադրության մասին, բայց Արչին շարունակեց.

– Գիտե՞ս, Ֆրեդ, իմ տպավորությամբ՝ այս տանը ոգի կա, հովանավոր մի զորություն, որ ձգում է մարդկանց, և մի անգամ այստեղ եկողն այլևս չի հեռանում ընդմիշտ, այլ վերադառնում է՝ քո ձեռքի հացը կրկին համտեսելու նպատակն ունենալով:

– Իմ կարծիքով, այդ ոգին հենց ինքը՝ Ֆրեդն է,- ամուսնուն միացավ Ավրորան,- թե՞ սխալվում եմ:

– Չգիտեմ,- պատասխանեց պանդոկապանը:- Հաճոյախոսությունը խիստ շոյել էր նրան, սակայն ջանում էր ցույց չտալ:- Համանման մտքեր լսել եմ և ուրիշներից: Բայց թողնենք սա: Գարեջուր վայելեք քանի դեռ սառն է: Եթե կա «դժոխքի շոգ» արտահայտությունը, ուրեմն հենց այսօրվա համար է ասված: Թողնում ես գարեջուրը սեղանին, տասը րոպե հետո դառնում է պառվի մեզ:

Այս համեմատությունը զվարճացրեց երիտասարդ զույգին, իսկ պարոն Ֆրեդը մի կողմ քաշվեց՝ խիստ ուրախանալով, որ իր կատակը գետին չընկավ, այլ հաջող գտնվեց:

Դեռ մի որոշ ժամանակ նրանք վայելում էին հեղուկը փոքր կումերով: Բարկ արևից այրվող երազանքը ոսկեգույն փրփուրների մեջ էր:

– Արչի…

– Ծովափին էլ նույն բանն էր,- պատասխանեց տղամարդը:- Ես քայլում էի երկնքում՝ ոտքս ամպերի վրա զգուշությամբ դնելով, որպեսզի չսայթաքեմ հանկարծ, իսկ դու կանչում էիր իմ անունը:

– Համեղ գարեջուր է:

– Համամիտ եմ:

– Արչի… Ուզում էի ասել, որ ես չեմ վերադառնալու: Կմնամ այս քաղաքում կամ էլ գրողի տարած մի ուրիշ տեղ կգնամ, բայց այդ տունն այլևս տեսնել չեմ կարող:

– Եվ ի՞նչ… – Նրանք լռեցին՝ ձևացնելով  թե զբաղված են, թե ձկան միսը թել-թել բաժանելն աշխարհի ամենակարևոր գործն է:- Բայց ի՞նչ ես առաջարկում,- շարունակեց տղամարդը,- չէ՞ որ պայմանավորվել էինք:

– Խնդրում եմ, Արչի:

– Կրկնե՞մ,- ձայնեց պարոն Ֆրեդը վաճառասեղանի ետևից՝ դատարկ գավաթը բարձրացնելով:

– Այո, Ֆրեդ, եթե դժվար չի,- արձագանքեց Արչին՝ ի պատասխան ժպտալով:

Իջևանատերը չխոսեց այս անգամ, քանզի կռահել էր, որ ամուսինները հարց են լուծում, ինչպես և՝ այստեղ եկող շատ-շատերը: Փրփրադեզ հեղուկով լեփլեցուն գավաթներն անձայնությունից հառնեցին ու չզրնգացին բնավ: Ամռան կարճատև անձրևը, հենց այն անձրևը, որ եղել էր՝ նախապես լճանալով Արչիի երկնագույն աչքերի մեջ, երկիր հասավ ի վերջո, և լողափին կիսամերկ մարդիկ հանկարծ արթնացան հետճաշյա թմբիրից:

– Գնա՛,- հանկարծ հեծկլտաց Ավրորան,- գնա ու վաճառիր տունը, իսկ ես կմնամ: Այստեղ ձմեռ չի լինում, հասկանո՞ւմ ես:

– Բայց ինչպե՞ս:- Արչին խոսքեր էր որոնում:- Ինչպե՞ս կարող եմ վստահել քեզ, Ավրորա, երբ քո ստվերն եմ որոշ ժամանակից ի վեր և փրկում եմ կյանքդ արդեն քանի անգամ՝ հազար ու մի հիմարություն կանխելով: Միասի՛ն ենք մեկնելու, այլ տարբերակ չկա:

– Լսիր ինձ, Արչի:- Գարեջրի բաժակը մի կողմ հրելով՝ Ավրորան ետ ընկավ աթոռի թիկնակին, և նրա շագանակագույն աչքերում ըմբոստության կայծեր բռնկվեցին:- Վերջին անգամ եմ անդրադառնում այս խոսակցությանը: Կա՛մ դու կգնաս ու կվաճառես տունը, կա՛մ իրար չենք տեսնի այլևս:

– Ենթադրենք՝ իրոք մեկնել եմ: Գործընթացը կարող է ձգձգվել, քանզի չգիտենք, թե գնորդ ե՛րբ կճարվի: Ի՞նչ ես պատրաստվում անել, Ավրորա, ինչո՞վ ես զբաղվելու և ինչպե՞ս կապրես:

– Ես ոչինչ չեմ ուզում՝ ավազներին մեկնվելուց բացի: Կարո՞ղ ես հասկանալ սա, թե՞ կարծում ես խելքս թռցրել եմ:

– Դե ոչ, իհարկե:- Կնոջ վրա գաղտագողի հայացք գցելով, Արչին վերցրեց նրա ձեռքը, որ ոչինչ էր որոնում սեղանի վրա, ու սկսեց փաղաքշել:- Ամեն բան քո ցանկությամբ կլինի, Ավրորա, խոստանում եմ:

– Ուրեմն գնա, հենց այսօ՛ր գնա, որովհետև չգիտեմ, թե ինձ ինչ կպատահի հետո: Վաճառիր տունն ու եղածն էլ՝ տան հետ: Չեմ ուզում տեսնել ո՛չ կահկարասին, ո՛չ ավտոմեքենան, ո՛չ էլ որևէ այլ առարկա համատեղ մեր կյանքից: Իսկ երեխայի օրորոցը մի լավ մարդու վաճառիր, խնդրում եմ: Կանե՞ս սա, Արչի:

– Հանգստացիր, Ավրորա, հանգստացիր: Չէ՞ որ հարցը քննարկել ենք արդեն: Ես առայժմ այստեղ եմ զուտ այն պատճառով, որ չեմ կարողանում հասկանալ, թե քեզ ինչպես եմ թողնելու:

– Դարձյալ նույն երգը: Ես ինքնասպան չեմ լինի, Արչի: Կարող ես հանգիստ լինել: Բայց  չգիտեմ, թե ինչ կանեմ ինձ հետ, եթե այդ իրերը հնարավորինս շուտ չհեռացնես իմ կյանքից: Վեր կաց, Արչի, հենց հիմա վեր կաց ու տղամարդ եղիր: Որովհետև գիտեմ, որ քեզ համար էլ հեշտ չի լինելու, երբ կդատարկեն տունն ու երջանիկ մի մարդ կգա օրորոցի ետևից:

– Իսկ դո՞ւ…

Տեղից պոկվելով՝ Ավրորան մոտեցավ աթոռի վրա ճոճվող տղամարդուն ու գրկելով նրա պարանոցը,  որի վրա քրտնքի կաթիլն էր պաղ՝ շշնջաց.

– Արդեն ասացի, Արչի: Ես ոչինչ չեմ ուզում՝ ավազների մեջ թավալվելուց բացի:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Պատմվածքը տպագրված է արձակագիր և թարգմանիչ Սմբատ Բունիաթյանի «Նկուղ իջնելու հրավեր» գրքում։ Գիրքը  վաճառվում է «Բուկինիստ»  կենտրոնական գրախանութում (Մաշտոցի պող., 20 շենք), և մասնաճյուղերում:

Ժողովածուն ներկայացնում է հեղինակի պատմվածքները, էսսեները և թարգմանություններ՝

հետևյալ հեղինակներից. Վիրջինիա Վուլֆ, Հայնրիխ Բյոլ, Ֆրանց Կաֆկա, Միխայիլ Բուլգակով, Դանիիլ Խարմս, Իվան Բունին, Գաբրիել Գարսիա Մարկես:

Գրեթե բոլոր պատմվածքները հայ ընթերցողին թարգմանաբար մատուցված են առաջին անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031