Լրահոս
Օրվա լրահոսը

Աշիկ Գրիգորյան. «Վստահ եմ, հավաքականի լավ ընտրություն ենք կատարելու»

Հուլիս 09,2022 14:10

«Դինամո» մարզահամալիրում այսօր ավարտվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը: Ռինգում հարաբերություններն են որոշում 22 զույգեր: Aravot.am-ը զրուցել է այս տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի հետ:

-Շուրջ 190 բռնցքամարտիկ է մեկնարկել այս առաջնությունում ու բոլորի մենամարտերին, անշուշտ, հետեւել եք: Ի՞նչ տպավորություն ունեք:

– Լավ հերթափոխ է աճում: Տպավորություններս բարձր են: Անցած տարվա կրտսեր տարիքային խմբի տղաների մեջ շատերն են իրենց վստահ զգում նաեւ այս տարիքային խմբում:

Անուններ կարող եմ թվարկել, սակայն ձեռնպահ կմնամ մինչեւ ավարտվեն կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերը: Վստահ եմ, հավաքականի համար լավ ընտրություն ենք կատարելու ու նախապատրաստվելու ենք Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

-Ասացիք՝ լավ հերթափոխ է աճում: Տեղերում անձնական մարզիչների աշխատանքը լավացե՞լ է:

-Իհարկե: Կրտսեր տարիքային խմբի հավաքականի մարզիչներն են լավ աշխատել:

-Այսօր դրվող հիմքից է կախված բռնցքամարտի վաղվա օրը Հայաստանում: Խնդիրներ տեսնո՞ւմ եք:

-Գիտեք, հիմա խնդիրներ չունենք: Մեր ֆեդերացիայի նախագահն ամեն կերպ աջակցում է բռնցքամարտի տարածմանն ու զարգացմանը, գնահատում լավ աշխատանքը թե՛ տեղերում եւ թե՛ հավաքականներում: Արդյունքն էլ այն է, որ մարզաձեւի որակն է բարձրացել:

-Առաջնության ավարտին կձեւավորվի հավաքական թիմը: Ինչպե՞ս եք նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը:

– Նախ միջազգային մրցաշարի կմասնակցենք Սերբիայում կամ Վրաստանում: Կգանք Ծաղկաձոր, հետո համատեղ ուսումնամարզական հավաքի կմեկնենք Հունաստան, որտեղ մեր հետ կլինեն հյուրընկալող երկրի եւ Բուլղարիայի թիմերը: Այնտեղից էլ կմեկնենք Իտալիա:

-Եվրոպայի առաջնությունում ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:

-Ամեն բան ռինգը ցույց կտա: Անցած տարի երեք բրոնզ ունեցանք: Կարծում եմ, որ այս տարի կունենանք նաեւ չեմպիոն ու արծաթե մեդալակիր: Համենայն դեպս, դրա համար անելու ենք ամեն բան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031