Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք ունենք ինտեգրելու մեր կրթական համակարգը միջազգային գործընթացներին». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հուլիս 09,2022 13:15

Հուլիսի 10-18-ը Երևանում կանցկացվի Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան: Բացումը տեղի կունենա Ազգային օպերային թատրոնի շենքում: Կենսաբանության միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու 64 երկրի՝ աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակություններ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց օլիմպիադայի անցկացման կարեւորությունը մեր երկրի համար. «Մենք կարիք ունենք ինտեգրելու մեր կրթական համակարգը եւ գործընթացները միջազգային գործընթացներին, որպեսզի նաեւ զարգացման հեռանկարներ բացենք»: Նա հայտնեց, որ օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպել է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ միջոցառման համակարգումն իրականացնում են ԵՊՀ-ն եւ Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:

Փոխնախարարը հիշեց, երբ 2018 թ․ վերջին կայացվեց օլիմպիադան Հայաստանում անցկացնելու որոշումը, այդ շրջանում միջազգային նման միջոցառումները անցկացվում էին հեռավար՝  համավարակի պատճառով, եւ մեծ հարցականի տակ էր  կենսաբանության  օլիմպիադան  Հայաստանում անցկացնելը: Նաեւ այդ շրջանում մեր երկիրն էր ծանր փորձությունների միջով էր անցնում: Ընդգծվեց, որ աշխատանքների իրականացման մեջ մեծ դեր է ունեցել ԵՊՀ-ն, որի կենսաբանության ֆակուլտետը ընդգրկված է գիտական եւ կրթական միջազգային գործընթացներում:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի՝ Հայաստանում անցկացումը պատմական որակեց: Նա ասաց, որ հսկայական աշխատանքն  է տարվել, որպեսզի այն պատշաճ կերպով անցկացվի:

Ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը կներկայացրեց «Կենսաբանություն» առարկայի միջազգային 33-րդ օլիմպիադայի ծրագիրը, անցկացման ընթացակարգը, հաստատված օրակարգը: Տիկին Ղուկասյանը տեղեկացրեց, որ  օլիմպիադան կանցնի երկու փուլով, առաջինը փորձարարական է, որը բաղկացած է չորս փորձից: Գործնական փուլը կկայանա հուլիսի 12-ին, իսկ տեսականը՝ հուլիսի 14-ին։ Ի թիվս այլնի, ներառված է նաեւ կենսաինֆորմատիկան, որը ծրագրի ղեկավարի ձեւակերպմամբ, ամենաարագ զարգացող ուղղությունն է աշխարհում:

Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթից հետո մասնակիցների 10 %-ը կստանա ոսկե մեդալ, 20%-ը արծաթ, 30%-ը բրոնզե մեդալ: Ի դեպ, ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:  Կենսաբանության միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը կկայանա հուլիսի 17-ին՝ դարձյալ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում:

Տիկին Ղուկասյանը նաեւ հավելեց, որ կա նաեւ մեկ այլ առանձին մրցույթ. նախապես հայտարարվել է գիտական նախագծերի մրցույթ, որի  արդյունքները հուլիսի 15-ին կներկայացվեն ԵՊՀ-ում:

Իսկ ընդհանրապես ողջ օլիմպիադայի  ընթացքում  Հայաստան ժամանած աշակերտները եւ նրանց ղեկավարները կծանոթանան մեր երկրի հետ, կմասնակցեն տարբեր մշակութային, ուսուցողական եւ ճանաչողական բնույթի  միջոցառումների:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031