Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի կնոջ բարեգործական ծրագրերին մասնակցությունը իշխանությունից ինդուլգենցիա ստանալու միջոց կարող է լինել․ «Հրապարակ»

Հուլիս 09,2022 11:00

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանն ակտիվորեն գովազդում է «Քվանտա» ծրագրի ամառային դպրոցը՝ 37 երեխաների համար: Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է մագիստրոսական կրթական ծրագրին միացող մի քանի ապագա ֆիզիկոսների եւ իր՝ Մխիթար Հայրապետյանի երջանիկ դեմքը:

Կրթական ծրագրերի վրա շեշտադրում անելով՝ «Իմ քայլը» կարողացել է իրենից հեռացնել բազմաթիվ կարիքավորների, բուժման կարոտների, ծանր խնդիրներ ունեցողների: Իսկ հիմնադրամի դոնորների ցանկը գնալով ավելի անթափանց է դառնում:
2021-2022 թթ․ նվիրատուների թվում հայտնի անուններ չկան, իսկ խոշոր նվիրատուներն անանուն են: Սովորաբար, հայության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ընդունված կարգ է՝ խոշոր բարեգործները դեմ չեն լինում իրենց անունները հնչեցնելուն: Սակայն հետհեղափոխական տարիներին Հայաստանում իշխանական ֆոնդերին ուղղված անանուն բարեգործության բում գրանցվեց:

Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510 հազար դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել: Ամենախոշոր գումարը՝ 500 հազար դոլար, փոխանցվել է անանուն բարերարի կողմից՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար: Երկրորդ ամենախոշոր նվիրատվությունը՝ 400 հազար դոլար, նույնպես անանուն է եղել:
2019-ին Աննայի «Իմ քայլին» անանուն փոխանցվել է 258 մլն 197 հազար դրամ, 50 հազար 200 դոլար եւ 10 եվրո: 2020-ին՝ քովիդի ու պատերազմի տարում, մոտ 10 մլն դրամի անանուն փոխանցում է եղել:

2021 եւ 2022 թվականներին «Իմ քայլին» նվիրված գումարները հիմնադրամի կայքում տարբերակված չեն, եւ հնարավոր չէ տեղեկանալ, թե ինչքան գումար է նվիրաբերվել 21 թվականին եւ որքան՝ 2022-ին: Անանուն նվիրաբերությունները գերազանցել են նախորդ տարիների թվերը:
Ըստ հիմնադրամի կայքում տեղադրված աղյուսակի՝ 2021-2022 թվականներին «Իմ քայլը» անանուն անձանցից ստացել է մոտ 152 մլն դրամ եւ 305 հազար դոլար: Հետաքրքիր է, որ անունները նշել են միայն մանր գումար տվողները՝ 1000, 5 հազար դրամ, 120 դոլար, 300 եվրո:

1 մլն դրամ եւ ավելի տվող էլ կա, ով նշել է իր անունը` Տաթեւիկ Գրիգորյան: Բայց նա բացառություն է: Հիմնական՝ 500 հազար եւ ավելի դրամ նվիրաբերողներն իրենց անունները չեն ցանկացել հայտնել հանրությանը, ինչը կոռուպցիոն կասկածների տեղիք է տալիս: Հաշվի առնելով մեծահարուստների ունեցվածքին վերաբերող բազմաթիվ քրեական գործերի առկայությունը՝ սա կարող է նշանակել, որ վարչապետի կնոջ բարեգործական ծրագրերին մասնակցությունը իշխանությունից ինդուլգենցիա ստանալու միջոց կարող է լինել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031