Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ամիսներին արտարժույթի ներհոսքը դեպի ՀՀ շարունակվելու է, եւ հնարավոր է ականատես լինենք դրամի էլ ավելի արժեւորման․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 09,2022 10:50

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, դրամը շարունակում է արժեւորվել։ Դոլարի այս տեմպերով անկումը տնտեսության որոշ ճյուղերում կարող է խախտումներ առաջացնել։ Հաշվի առնելով մեր տնտեսության իրական վիճակը՝ ինչո՞ւ է դրամն այսքան արժեւորվել։ Եվ այդչափ արժեւորման համար իրո՞ք նախադրյալներ կան։

-Հայկական դրամն ազատ լողացող արժույթ է, որի փոխարժեքն անմիջականորեն որոշվում է արժութային շուկայում ձեւավորված առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության հիման վրա: Օրինակ՝ եթե որոշակի պահի դրությամբ արտարժույթի կտրուկ մեծ ներհոսք է լինում արժութային շուկա, եւ, բնականաբար, դրամի նկատմամբ պահանջարկը մեծանում է, ապա վերջինիս փոխարժեքը բարձրանում է: Ինչ վերաբերում է այս պահին դրամի մեծ չափով արժեւորմանը, ապա դա օբյեկտիվորեն արտացոլում է ռուս-ուկրաինական ճգնաժամի հետեւանքներից եւ դրանով պայմանավորված՝ արեւմտյան երկրների կողմից ՌԴ-ի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցներից ածանցվող մի շարք գործոնների ազդեցությունները: ՌԴ-ում ներկայումս արտարժութային հսկայական իրացվելի միջոցներ են կուտակվել թե՛ ֆինանսական հաստատություններում եւ թե՛ բնակչության շրջանում՝ կապված պատերազմի հետեւանքով արտահանման ու ներմուծման միջեւ առաջացած հսկայական անջրպետի հետ:

Այս իրավիճակում նույնիսկ Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության մեղմացումը, այդ թվում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, արժութային գործարքների սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ արտահանողների համար արտարժույթի հասույթի վաճառքի մասով սահմանված պարտադիր պահանջի վերացումն էականորեն չեն ազդում ռուբլու փոխարժեքի վրա:

Այս ամենը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական շուկայի վրա: Նախեւառաջ, ՌԴ արժութային շուկայում կուտակված արտարժութային միջոցները տարբեր խողովակներով պետք է արտահոսեին գործընկեր-երկրներ, այդ թվում նաեւ Հայաստան: Ավելին՝ պատերազմի մեկնարկից հետո Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ եղած արտարժույթը պետք է փոխանակեին դրամի, որպեսզի կարողանային Հայաստանում գործարքներ իրականացնել կամ պարզապես ծախսել:

Դրա արդյունքում դրամի պահանջարկը կտրուկ աճել է վերջին շրջանում, քանի որ խոսքը շուրջ 300 հազար քաղաքացիների մասին է, ինչը կազմում է մեր բնակչության շուրջ 10 տոկոսը: Եվ այս հանգամանքն այլ հավասար պայմաններում պետք է նպաստեր դրամի զգալի արժեւորմանը: Իհարկե, սա գործոններից ընդամենը մեկն է: Ընդ որում՝ այս հոսքը շարունակվում է, եւ միաժամանակ նաեւ Ռուսաստանի ֆիզիկական անձանց կողմից իրենց հաշիվներից արտարժույթի փոխանցման սահմանափակումը այս հունիսից կտրուկ մեղմացվել է՝ նախկին 50000 ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ այն կազմում է 150000 ԱՄՆ դոլար։ Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին արտարժույթի ներհոսքը դեպի ՀՀ դեռ շարունակվելու է, եւ հնարավոր է ականատես լինենք դրամի էլ ավելի արժեւորման:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031