Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դավթյան․ Թուրքական իշխանությունների խելքը գնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև տարատեսակ քաղաքական քննություններ է հանձնել․ «Փաստ»

Հուլիս 09,2022 10:40

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ էին բացել Վայոց ձորի նախ Խաչիկ, օրեր անց՝ նաև Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, նաև դեպի գյուղ տանող ճանապարհների ուղղությամբ, վնասել մեքենաներ:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, անդրադառնալով վերոնշյալին, «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ ադրբեջանական կողմը չի դադարել Հայաստանին որպես իր գլխավոր թշնամի դիտարկել և իր այդ ազգային օրակարգից չի հրաժարվել:

«Սահմանային լարվածությունները, ամենայն հավանականությամբ, նաև կոնկրետ պայմանավորվածությունների, հարցերի մասով իրենց պատկերացրած ժամկետներում լուծումների չհասնելու հետևանք են: Ադրբեջանական կողմից կան հայտարարություններ, թե «հայկական կողմը խաղաղության չի ուզում գնալ, որովհետև կան ինչ-որ ռևանշիստական ուժեր»: Խոսքը հիմնականում «Դիմադրության» շարժման կուսակցական և ոչ կուսակցական անդամներին է վերաբերում:

Հետևաբար, կարծում եմ, Ադրբեջանի հայտարարություններն ավելի շատ բխում են վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքից. «Դիմադրության» շարժման կողմից եղան կոնկրետ ճնշումներ, ինչի արդյունքում անժամկետ երկարացվեց մոտակա ամիսների համար տրված խոստումների կատարման ժամկետը: Այսինքն, կա կոնկրետ ներքաղաքական օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ: Դրա վառ վկայությունը նաև Թուրքիայի կողմից արվող հայտարարություններն են»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև վերջին հայտարարություններին, ուր մեղադրում են Հայաստանի ընդդիմությանը, նաև Սփյուռքին, Գ. Դավթյանը նկատեց. «Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունների խելքը գնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև տարատեսակ քաղաքական քննություններ է հանձնել՝ ապացուցելով, որ պրոթուրքական կողմնորոշում ունեցող իշխանություն է»:

Նա չբացառեց, որ սահմանային լարվածությունները կարող են շարունակվել. «Ադրբեջանական կողմը, ընդհանուր առմամբ, փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական ու պատերազմի ձգտող պետություն, որպեսզի հետագայում կարողանա լեգիտիմացնել, օրինակ՝ Սյունիքի հանդեպ իր ռազմական ոտնձգությունները: Ադրբեջանն իր այդ քաղաքական հայտարարություններով փորձում է Հայաստանի վրա ուժ կիրառելու «իրավունքի» շղարշ ստեղծել, որ կարողանա ստանալ այն հնարավոր զիջումները, որ ստացել է մինչ այդ՝ հաշվի առնելով նաև, որ այստեղ քաղաքական իշխանությունը վախկոտների հավաքածու է: Այսինքն, ամբողջ, այսպես ասած, գործընթացները լավ մշակված են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից, և իրենք քաղաքական լուծման իրենց սցենարներն ունեն, որոնք մենք տեսնում ենք հայտարարությունների, սպառնալիքների, ինչպես նաև ռազմական սցենարների տեսքով, որոնք էապես ազդում են քաղաքական որոշումների վրա: Թվարկված հանգամանքներն ստիպում են այս իշխանություններին ի կատար ածել բոլոր այն ցանկությունները, որոնք թելադրվում են Անկարայից կամ Բաքվից»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումից հետո ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի, Հայաստան-Թուրքիա սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար, ու այդ մասով նախօրեին կառավարության նիստի ժամանակ արված Փաշինյանի հայտարարություններին, փորձագետը նշեց. «Իրականում սա իմիտացիոն քաղաքական գործընթացի մաս է: Թուրքիան ժամանակ է ձգում: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է վերաբերի երկու պետություններին, այս դեպքում՝ Հայաստանին ու Թուրքիային: Բայց քանի որ երրորդ պետության մասին են «մեջբերում» անում, դա վկայում է, որ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման իմիտացիա է անում, ինչ-ինչ քաղաքական հաշվարկների հիմքով ժամանակ է ձգում»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031