Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի կողմից հեշտությամբ ներվում են Ադրբեջանի ու Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ներվում են փաշինյանական վարչակազմի բռնաճնշումները․ «Ազգ»

Հուլիս 09,2022 10:30

«Ազգ»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, «5165 շարժման» հիմնադիր անդամ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ

– Մինչ մենք զարմանում ու զայրանում ենք, որ Հայաստանը պատմական ծանր ժամանակաշրջան է ապրում, ահազանգում ենք պետականության հիմքերի սասանման մասին, աշխարհում ասես նոր քարտեզագրում է տեղի ունենում։ Ռուսաստանը պատերազմում է իր «արյունակից» ժողովրդի հետ, ԱՄՆ-ն ու Եվրոպան տնտեսական պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ, Թուրքիան փորձում է տարածաշրջանում հիմնական խաղացողը դառնալ եւ այլն։ Ու տպավորություն է, որ Հայաստանը ճոճվող լաստի պես տարբեր կողմերից փչող քամու հետ մեկ այս, մեկ այն կողմ է լողում։ Այս պահին ո՞րն է Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ուղեգիծը։

– Նախ՝ փորձեմ ամբողջացնել կամ լրացնել Ձեր հարցադրման մեջ նշված իրողությունները, այնուհետեւ անդրադառնամ կոնկրետ հարցի պատասխանին։ Աշխարհաքաղաքական փոխակերպումներն ընթանում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարբեր տարածաշրջանների մակարդակներում։ Ռուսաստանն այսօր դուրս է եկել իր մեծ տերություն (Great power) լինելու կարգավիճակը ամրագրելու համար դաժան պայքարի, որի նպատակն է առնվազն չդառնալ ապագա միջազգային երկբեւեռ համակարգի (ԱՄՆ եւ Չինաստան) բեւեռներից մեկի ենթադաշնակիցը։ Ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը պայքար է գերիշխանության համար, պայքար է ռեսուրսների համար։ Հաշվի առնելով, որ բնակչության թիվ-բնական ռեսուրսներ հարաբերակցությամբ Ռուսաստանն էապես առանձնանում է ԱՄՆ-ից ու Չինաստանից, այժմ նրա ռազմավարական խնդիրն է թույլ չտալ, որ միջազգային այլ խաղացողները յուրացնեն իր ռեսուրսները։

Այս թատերաբեմում նշանակալի դեր է խաղում Թուրքիան, որը նշված տարածաշրջաններում իրականացնում է քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային ներթափանցման հավակնոտ ծրագրեր։ Արդյունքներն են Թուրքիայի ծանրակշիռ տնտեսական ներկայությունը Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ Ղրղզստանում։ Թուրքիան 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռքով պատերազմ սկսեց Արցախում եւ հաղթեց՝ դրանով էլ ավելի ուժեղացնելով իր դիրքերը Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում։ 2022-ի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններում, որոնք շեշտված հակառուսական բնույթի էին եւ ի վերջո դադարեցին ՀԱՊԿ-ի միջամատությամբ։

Այժմ գամ հարցին, թե ո՞րն է Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ուղեգիծը։ Գերտերությունների կամ տերությունների միջեւ մղվող պայքարում միջին կարգի ու փոքր պետությունները սովորաբար իրենց արտաքին քաղաքականությունը իրականացնում են՝ հաշվի առնելով մեծերի միջեւ ուժային հարաբերակցությունը, նրանց նպատակները, խնդիրներն ու հնարավորությունները։ Սակայն միջին կարգի եւ փոքր պետությունները իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնում են, առաջին հերթին, իրենց իսկ սահմանած նպատակներին հասնելու համար։ Նպատակներ, որոնց ինչպիսին լինելը կախված է այդ պետությունների հասարակությունների եւ ընտրանիների արժեքային ու գաղափարական կողմնորոշումներից։

Հայաստանը մինչ այժմ հստակ ու հասկանալի չի ձեւակերպել իր նպատակներն ու նախընտրությունները։ Արցախի ազատագրումից հետո պետության կարեւորագույն նպատակ էր հայտարարված Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրումը, սակայն չկար այդ նպատակին տանող հստակ ռազմավարություն, դրա շուրջ հանրային համաձայնություն ու զորաշարժ, ինչպես նաեւ անհրաժեշտ ռեսուրսներ չեն ներդրվել։ Իսկ փաշինյանական ընտրանու որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծի բովանդակությունը Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման հարավկովկասյան դրսեւորումների համատեքստում այն է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանն ու Իրանը շրջանցող էներգետիկ, տրանսպորտային ու կոմունիկացիոն տարանցիկ միջանցք։ Հավաքական Արեւմուտքի աշխարհառազմավարական այս օրակարգի նախապայմանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական «հաշտեցումն է», ինչի գինը Արցախի ամբողջական հանձնումն է Ադրբեջանին, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ Հայաստանի վրայով ցամաքային կապի հնարավորության տրամադրումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունից հրաժարումը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից երաշխավորումը, որ երբեք չի բարձրաձայնի եւ ոչ մի պատմական իրավունքի մասին։

Համաձայն փաշինյանական ընտրանու համոզմունքների՝ այսկերպ ապահովվելու է խաղաղություն, եւ Հայաստանի Հանրապետությունը տրանզիտային փոխադրումներից եկամուտներ է ստանալու։ Այս հեռանկարը ենթադրում է նաեւ Հարավային Կովկասից Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հեռացում, ինչն արտահայտվելու է առաջին հերթին Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմամբ (երբ կատարված կլինեն թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները եւ առերեւույթ վերացած կլինի Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական գոյութենական սպառնալիքը, Հայաստանը, փաշինյանական տրամաբանությամբ ռուսական ռազմական ներկայության կամ աջակցության կարիքը չի ունենալու)։ Այս գործընթացների անշրջելիությունն ապահովելու կարեւորագույն նախապայմաններն են Հայաստանի ապառազմականացումը (երբ Հայաստանը հրաժարվում է մարտունակ զինված ուժեր կառուցելու, ռազմական արդյունաբերություն զարգացնելու եւ սպառազինություններ ձեռք բերելու ուղեգծից, խիստ թուլացնում է սեփական ռազմական ներուժը) եւ ապազգայնացումը (երբ տարվում է կրթամշակութային այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում կերտվում են ազգային ինքնություն չունեցող, ազգային մշակույթին, պատմությանը, ավանդույթներին նշանակություն չտվող կամ երկրորդական նշանակություն տվող անհատներ)։

Ապառազմականացման ու ապազգայնացման ուղեգծերը ոչ միայն դիտարկելի են արեւմտյան փափուկ ուժի ներկայացուցիչ որոշ կազմակերպությունների կողմից իրականացված ու իրականացվող ծրագրերում, այլեւ գործող իշխանությունների ռազմական, կրթական, մշակութային քաղաքականության մեջ։ Հայաստանի ապառազմականացման ու ապազգայնացման ուղեգծի հրամայականը տրվել է նաեւ Բաքվի կողմից՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղ հարաբերությունների գրավական։ Հատկանշական է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը շարունակում են ինտենսիվ զինվել, արդիականացնել իրենց ռազմական ենթակառուցվածքները, ինչը նշանակում է, որ Հայաստանի կողմից թուրք-ադրբեջանական շահերին չհամապատասխանող որեւէ քայլի դեպքում հետեւելու է նրանց պատժիչ գործողությունը։ Հայաստանի ապառազմականացումն ու ապազգայնացումը նաեւ հավաքական Արեւմուտքի օրակարգի մեջ է տեղավորում այն իմաստով, որ այսպիսով ապահովվում է Հայաստանի ոչ կոնֆլիկտային վարքագիծը եւ երկրորդ՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմական աջակցության կարիքը չի ունենում։ Պատահական չէ, որ Արեւմուտքի կողմից հեշտությամբ ներվում են Ադրբեջանի ու Թուրքիայի «ավտորիտարիզմի մեղքերը», ներվում են փաշինյանական վարչակազմի կողմից ազատ խոսքի ճնշման, քաղաքական բռնաճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դրսեւորումները, այն պարագայում, երբ ավելի հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարող նախկին իշխանություններին այդ ամենը չէր ներվում։ Ասվածը բնավ Արեւմուտքի հանդեպ դատապարտողական խոսք չէ, քանզի յուրաքանչյուր դերակատար պարտավոր է իր շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականություն տանել։ Վերոնշյալ թեզերն, ինչ խոսք, քաղաքական գնահատականներ են, սակայն գիտականորեն փաստարկելի եւ ապացուցելի․ հրապարակախոսական ձեւաչափը պարզապես չի ընձեռում նման հնարավորություն։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031