Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Վարդանյանի հետ զրուցել ենք 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնության, շարունակվող գնաճի, ինչպես նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են անկանխիկ վճարումներին: Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձել է նվազագույն աշխատավարձի և նպաստի բարձրացմանը:
«Նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 9,4%-ով, իսկ մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը՝ 6,9%ով: Ենթադրաբար, այդ տիրույթում կլինի նաև կենսաթոշակների բարձրացումը: Նախքան այդ թվերին անդրադառնալը, հարկ է նշել, որ ցածր կենսամակարդակով երկրներում, ինչպիսին Հայաստանն է, տնային տնտեսությունների եկամուտների մեծ մասը ծախսվում է սննդամթերքի վրա: 2020 թվականին մանրածախ առևտրի շրջանառության մեջ պարենային ապրանքների մասնաբաժինը կազմել է 58 %, որը 0,4 տոկոսային կետով ավելի է 2019 թվականից: Ընդ որում, մինչև 2019 թվականը դրսևորվել են այս ցուցանիշի նվազման միտումներ, իսկ 2020 թվականից՝ աճի միտումներ, ինչը նաև նշանակում է աղքատության մակարդակի բարձրացում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Մատնանշելով մի շարք ցուցանիշների մասին՝ նա հավելեց. «Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022-ի հունվար-մայիսին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը կազմել է 19,9 %: Այս ցուցանիշն ստացել են գյուղատնտեսական 58 արտադրանքի քանակների և միջին գների վերաբերյալ տվյալների հիման վրա: Եթե չդիտարկենք մյուս ապրանքների և ծառայությունների աճը, ապա միայն այս մասով ակնհայտ է դառնում նվազագույն աշխատավարձի, նպաստների կամ կենսաթոշակների բարձրացման նշաձողը. այն առնվազն պետք է 20-25 % լինի, սակայն այդպիսի բարձրացման մասին խոսք չկա, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ խոսել սոցիալական լարվածության մեղմման մասին: Ավելին, դատելով այս տարվա անցած ժամանակահատվածում ձևավորված ոչ միայն ներքին, այլև համաշխարհային միտումներից՝ 2023-ին սպասվում է ավելի վատ սոցիալ-տնտեսական վիճակ, որի մեղմման հիմնավոր ուղին կարող է լինել տնտեսության զարգացման արագացումը: Նպատակահարմար է թվում առնվազն 30 %-ով «սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» պետական բյուջեի ծախսային հոդվածով միջոցների ավելացումը, թեկուզև փող տպելու ճանապարհով»:
Տրամաբանությունը, Գագիկ Վարդանյանի խոսքով, հետևյալն է. «Վերոնշյալ հոդվածով տրամադրվող միջոցներն ամբողջությամբ ծախսվում են հիմնականում սննդամթերքի, պակաս չափով՝ ծառայությունների համար, այսինքն՝ սպառման հետաձգում չի կարող տեղի ունենալ: Եթե նույնիսկ չառանձնացվեն պարենային, ոչ պարենային ապրանքները, ապա 2021 թվականին մանրածախ առևտրի շրջանառության 42,7%-ը կազմել է այս հոդվածով ծախսերի մասնաբաժինը: 2021-ի աճի տեմպի պահպանման և նշված բարձրացումները հաշվի առնելու դեպքում այդ մասնաբաժինը կմնա գրեթե անփոփոխ: Մինչդեռ 30 %-ով նշված հոդվածի աճը կհանգեցնի ինչպես մանրածախ առևտրի շրջանառության նշանակալի մեծացմանը՝ առաջացնելով հարկային մուտքերի համապատասխան ավելացում, այնպես էլ կբարձրանա նշված ծախսերի մասնաբաժինը՝ հասնելով 46,9%-ի: Այդպիսով, ինչ-որ չափով կբարելավվի բնակչության սոցիալապես խոցելի մի զգալի հատվածի սոցիալական վիճակը: Առհասարակ, պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ուղիներից մեկը սոցիալական ակտիվ քաղաքականությունն է»:
Կարդացեք նաև
Գագիկ Վարդանյանը շեշտեց՝ ինքնանպատակ է թվում նաև անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման արագացման պարտադրանքը. «Նրանք, ովքեր համոզվել են անկանխիկ գործառնությունների շահավետության մեջ, առանց պարտադրանքի դա անում են. հարմար է, եթե, օրինակ՝ սմարթֆոնով կարող ես կատարել կոմունալ և այլ վճարումներ, գումար փոխանցել ինչ-որ մեկին: Բայց դա մշակույթ է դարձել տնտեսության նոր, արագ զարգացող հատվածներում բարձր որակավորմամբ աշխատողների համար, որտեղ նաև վարձատրությունն է արժանապատիվ: Ինչ վերաբերում է ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմանը և այդպիսով ֆինանսական համակարգի զարգացմանը, ապա մասնագիտական առումով կոռեկտ չէ միայն անկանխիկ գործառնությունների միջոցով ֆինանսական միջնորդության ծավալների մեծացմամբ պայմանավորել մի ամբողջ համակարգի զարգացումը: Այս առումով ուշագրավ է, որ Հայաստանի ֆինանսական զարգացման ցածր համաթվի (0,26) պարագայում այդ համաթիվը ձևավորող մյուս երկու ենթահամաթվերից ամենաբարձրը ֆինանսական հաստատություններինն է (0,47), իսկ ֆինանսական շուկաներինը կազմում է ընդամենը 0,03: Այս պայմաններում անկանխիկ գործառնությունների զարգացման միջոցով ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող: Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»:
Ընդգծելով օրենքի այլ դրույթների մասին՝ նա հավելեց. «Եթե ինչ-որ մեկն իր խնայողություններով ցանկանում է, օրինակ՝ ավտոմեքենա կամ բնակարան գնել, ըստ օրենքի պահանջի, պետք է դրա համար նախատեսված գումարը մուտքագրի բանկային հաշիվ և դրանից կատարի վճարում, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր՝ կապված բանկային ծառայությունների հետ: Ինչո՞ւ: Օրենքի հեղինակները այս առումով նշում են ֆինանսական միջնորդության ծավալների մեծացման, անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման նպատակների մասին: Լավ, բայց ինչո՞ւ պետք է այդ նպատակների իրագործման համար ՀՀ քաղաքացին վճարի, որի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ: Այսինքն, արտասահմանից ստացված անհատական տրանսֆերտների, բանկերից և ֆինանսական կազմակերպություններից, գրավատներից ստացված վարկերի մի որոշ մասը, օրենքի ուժով, կհոսի հետ՝ դեպի այդ հաստատություններ»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում