Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ներկայանում է որպես հանդուրժողականության օրրան՝ Բաքվի Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին հակադրելով Կոնդին․ «Ազգ»

Հուլիս 09,2022 09:40

2022 թվականի մայիսի 20-ին «Ազգ»-ում ծանուցել ենք, որ մարտին Բեռլինում լույս է տեսել գերմանացի թուրքագետ, Ադրբեջանի մշակութային ժառանգության անխոնջ քարոզիչ դոկտոր Միշայել Ռայնհարդ Հեսսի (Michael Reinhard Hess) «Շուշիի ժառանգությունը. Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի պատմությունն ու զարգացումը» գիրքը։

Հեղինակն անշուշտ նախընտրել է քաղաքի անվանման ադրբեջանական ձեւը։ Հեսսն այս հրատարակությամբ «վկայում է», թե «Շուշին ադրբեջանցի ժողովրդի ժառանգությունն է ոչ միայն միջազգային իրավունքի եւ քաղաքական տեսակետից, այլեւ՝ իր գրական, մշակութային եւ ազգագրական հենքով»։ «Ազերթաջի» հուլիսի 5-ի գերմաներեն տարբերակից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի փախստականների եւ տեղահանվածների հարցերով զբաղվող կոմիտեն գրքի շնորհանդեսն է կազմակերպել Բաքվում։ Հեղինակին պաշտոնական ընդունելության է արժանացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ տարբեր պաշտոնյաներ խրախուսել եւ հանձնարարել են առաջիկայում գիրքը տարբեր լեզուներով հրատարակել, առաքել արտերկրի դիվանագիտական հաստատություններ, գրադարաններ, համալսարաններ։ Հեսսը կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաեւի առաջնորդությամբ հանդիպել է Շուշիից բռնի տեղահանված 80-ամյա գերմանուհի Իրմա Վեբերին, որ հարկադրված է եղել 1992-ին լքել Շուշին, այնուհետ Բաքվում այցելել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Առաջին անգամ է, որ ադրբեջանական պետական գործակալությունը հիշատակում է Բաքվում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գոյության փաստը՝ առանց նշելու անշուշտ «սուրբ» եւ «հայկական» բառերը։ Հիշյալ աղբյուրը հրամցնում է մի լուսանկար, որ փաստացի ներկայացնում է դրա գոյության վկայությունը։ Ինչպե՞ս է պատահել, որ ադրբեջանցիները գերմանացի թուրքագետ պրոֆեսորին ուղեկցում են հայկական եկեղեցի եւ դրա մասին հպանցիկ ազդարարում։ Պատահակա՞ն է այս այցելությունը, դրա մասին շեշտադրումը։ Մեր կարծիքով, Բաքուն այնքան մանրակրկիտ է մշակել իր ռազմավարությունը, որ պետական գործակալության մի քանի օրերի՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներով լրահոսն ուշադիր վերլուծելով, բնավ դժվար չէ ենթադրել, թե ինչու հենց այս պահին դրա հիշատակումը կարեւոր համարում։

Պաշտոնական Բաքուն միշտ ներկայացրել է, թե հանդուրժողականության օրրան է Ադրբեջանը, տարբեր մշակույթների, դավանանքի հանդեպ սեր եւ հարգանք է տածում, իսկ Բաքվի՝ հայկական եկեղեցու անխախտ գոյության այս ցուցքը ոչ այլ ինչ է, քան Շուշիում, Ադրբեջանի տիրապետությանն անցած Արցախի հայկական ժառանգության ոչնչացման փաստին հակադրող իրողություն։ Կամ՝ հայկական ժառանգության ոչնչացման մասին բարձրաձայնողների հանդեպ կասկած հարուցող։ Կարեւոր է նաեւ ընտրված պահը՝ միջազգային բառեզրով՝ թայմինգը։

Սա հրապարակ նետել այն ժամանակ, երբ ադրբեջանցի 102 մտավորական նամակ է հղում ՅՈՒՆԵՍԿՕ՝ «Արեւմտյան Ադրբեջանում՝ Իրեվանում ադրբեջանական մշակութային ժառանգության մաս հանդիսացող Թափաբաշին» մշակութային ցեղասպանությունից փրկելու խնդրագրով։

Հուլիսի 5-ին Բաքվի «Գյուլիստան» կենտրոնում կայացել է Կոնդի եւ Երեւանի ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ գրքի շնորհանդեսն ու դրա քննարկումը, որին ներկա են եղել նաեւ տարբեր երկրների դիվանագետներ։

Փաստորեն Բաքուն, հայկականը ժխտելով, ինքնապահպանման համար գլխավոր է համարում նաեւ պարսակականի բացառումը։

Այս շեշտադրումն Ադրբեջանն այնքան հոծ գծով է ներկայացնում, որ թվում է, թե այն հատուկ, նոր մարտահրավեր է Հայաստանի իշխանություններին։ Մի երկրի, որի ժողովուրդը չի ծամում իր պարտությունը, ընդհակառակը՝ ճպճպացնելով խժռում է վարչապետի մատուցած խորովածը՝ խաղաղության օրակարգը, որի թեժ կրակը Բաքուն երբեք մարմանդ չի դարձնում, հետեւաբար՝ սնվել այդ օրակարգով նշանակում է ինքնահրկիզվել։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031