Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ «կերտում են» իրենց ընդդիմախոսներին

Հուլիս 09,2022 10:00

Երբ դու փորձում ես «դեմոնացնել» հակառակորդիդ եւ մերժում ես նրա որեւէ դրական դրսեւորում, դա կարող է օգտակար լինել քարոզչության տեսակետից, բայց, ի վերջո, շատ հնարավոր է՝ կստանաս հակառակորդի հենց այն ծայրահեղացված հատկանիշները, որոնք դու նրան վերագրում էիր:

Սկզբից օրինակ բերեմ միջազգային պրակտիկայից: Տասնամյակներ շարունակ Իսրայելի կրոնական, ինչպես նաեւ՝ մեծ մասամբ քաղաքական վերնախավն ու համաշխարհային հրեականությունը փորձում էին ներկայացնել արաբներին եւ իսլամը՝ բացառապես որպես «ագրեսիվ» եւ «հետամնաց» ազգ եւ կրոն՝ չնայած Իսրայելը՝ որպես պետություն, պաշտոնական, ձեւական մակարդակով հանդուրժողականություն է դավանում:

Իրականում այդ երկրում փորձ չի արվում հաշվի առնել, որ, օրինակ, արաբների մեջ կան քրիստոնյաներ կամ որ՝ իսլամը համաշխարհային քաղաքակրթությանը տվել է բազմաթիվ գլուխգործոցներ արվեստում եւ նվաճումներ գիտության մեջ: Արդյունքում Իսրայելը եւ ողջ Արեւմուտքը որպես հակառակորդ գործ ունեն այդ կրոնի իսկապես ամենամութ, հետամնաց եւ ագրեսիվ ներկայացուցիչների հետ: Ի դեպ, Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, թե Իսրայելը բոլոր տեսակետներից, բոլոր առումներով այն մոդելն է, որն անհրաժեշտ է մեր երկրում «քոփի-փեսթ» անել: Դա ակնհայտ չափազանցություն է: Ցանկացած երկրի փորձ ուսանելի է եւ օգտակար, բայց ոչ մի պետություն իրենից իդեալ կամ փարոս չի ներկայացնում:

Հիմա դառնանք մեր ներքաղաքական կյանքին: Այսօրվա իշխանությունը, բնականաբար, շահագրգռված է դեմոնացնել իր քաղաքական հակառակորդներին: Ատելությունը նախկինների հանդեպ այն կրակն է, որը «տաք է պահում» այս իշխանությունների վարկանիշը: Եվ այդ կրակը, կարծում եմ, հնարավոր կլինի թեժ պահել եւս մի քանի տարի: Ցանկացած քննադատության ի պատասխան՝ արտասանվում են «նախկինները» եւ «Քոչարյան» կոդային բառերը, որոնք անիմաստ են դարձնում ցանկացած քննարկում: Որպես արդյունք՝ վարչապետը եւ նրա շրջապատը ստանում են հենց այն ընդդիմությունը, որն իսկապես երազում է ռեւանշի եւ վրեժխնդրության մասին:

Դա մի կողմից լավ է իշխանության համար՝ զուտ մարտավարական իմաստով: Այն գործիչները, որոնք մայիս-հունիսին փողոցում էին, ոչ մի շանս չունեն գալու կամ վերադառնալու իշխանության: Մյուս կողմից՝ ռազմավարական առումով, դա վատ է, որովհետեւ ուժեղ ընդդիմությունը կարող է իշխանությանը հեռու պահել լուրջ սայթաքումներից, իսկ դրանք դեռ սպասվում են եւ թանկ են նստելու թե՛ պետության եւ թե՛ բուն իշխանության վրա:

Բայց ճիշտ է նաեւ հակառակը: Առկա ընդդիմությունն իշխանության մեջ չի ցանկանում տեսնել ոչինչ, բացի էժան պոպուլիզմից, եւ չի ուզում խորանալ, թե ինչու, ինչ հիմքով է այդ պոպուլիզմն առաջացել եւ ինչ խնդիրներ է լուծում: Դա է պատճառը, որ նրանց ընդդիմախոսները իշխանության ճամբարից հիմնականում այն ՔՊ-ականներն են, որոնք ծանրաբեռնված չեն ինտելեկտով եւ գիտելիքներով, բայց կարողանում են բարձր պաթոսով արտասանել վերը նշված կոդային բառերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Դուք նորէն ձեր ճիշդ ախտաճանաչումները կը փճացնէք անտեղի ընդհանրացումներով:

    “Այն գործիչները, որոնք մայիս-հունիսին փողոցում էին, ոչ մի շանս չունեն գալու կամ վերադառնալու իշխանության:”

    Այդ ամիսներուն ահաքին գործիչներ կային որոնք որեւէ կապ չունէին նախկիններու հետ եւ այլն, այնտեղ էին միայն արժանապատվությամբ, հայրենասիրությամբ եւ դիմադրելու հրամայականով, եւ այդ մարդոց անունները դուք որպես հայաստանաբնակ ինծմէ լաւ ալ գիտէք.

    եթէ այդպիսի մարդիք ալ որեւէ շանս չունին իշխանութեան գալու, երկիրը արդէն հանցնենք օտարին, իմաստ չունի շատ աւելորդ գրել կարդալը։

  2. Լավատես says:

    Հոդվածին չի վերաբերում: Աֆրիկյան ցեղեր կան, որոնք իրենց երեխա տղաներին հասունության ‘ատեստատ’ են տալիս, երբ սրանք տեգը ձեռքին միայնակ դուրս են գալիս առյուծի դեմ եւ հաղթում, դրանով հաղթահարելով բոլոր մանկական վախերն ու թուլությունները, իսկ եթե պարտվում են’ սա էլ անդաստիարակության բնական արդյունքն է: Ի՞նչ կլիներ օձի կամ մողեսի հետ, եթե իրենց հին կաշին մնար նորի հետ համատեղ’ միայն խնդիրներ կառաջացներ, ի՞նչ կլինի անդաստիարակ մարդու հետ, որն անցել է հասուն տարիք, բայց ունակ չի հաղթահարել իր մանկական թուլությունները, երբ մարդը ենթարկվում է վախին, նախանձին ու նման բաներին, փոխանակ արդեն ունակ լինի դրանք հաղթահարելու որպես հասուն մարդ: Բոլոր մարդկային հանցանքները’ գողությունը, խաբեությունը եւ այլն, դրան կատարվում են հենց անդաստիարակ հասուն մարդկանց կողմից, նույնն է թե աֆրիկյան ցեղերը փողով կաշառքով հասունության ատետատ տային իրենց տղաներին, էդ ցեղը մի քանի սերունդ հետո կվերանար:
    Հետեւություն, ծնված օրվանից տղա երեխայի բարձի տակ զենք ենք դնում ու դաստիարակում ու պատրաստում հասունության քննության բանակում, իսկ բանակից կաշառքով թե ծանոթով ազատելու հնարավորությունը զրոյացնել, հակառակ դեպքում երեխան լիարժեք քաղաքացի չի կարող լինել’ ինչպես որոշ երկրների ներսում վարորդական վկայականը անձնագրի տեղ է անցնում, մեր մոտ էլ’ զինվորական գրքույկը պետք է անձնագրի տեղ անցնի: Իսկ կանայք ծննդաբերելով արդեն բնականորեն հասունության քննությունն են հանձնում եւ պետք է ստանան համապատասխան գրքույկ, որն էլ երկրի ներսում անձնագրի դեր պետք է խաղա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031