1919 թ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում տեղի ունեցած Տրապիզոնի դատական նիստերի ընթացքում լսված վկայությունների շնորհիվ լիովին հաստատվել է, որ այստեղ կատարված ջարդերը, թունավորումները, ջրախեղդ անելու գործողություններն ուղղորդվել են Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի կողմից, որն իր հերթին հրահանգներ էր ստացել կենտրոնական կառավարությունից:
Տվյալ դատաքննության ընթացքում բազմաթիվ վկայություններ են եղել հայերի քարավանների` ճանապարհներին կոտորածների ենթարկված լինելու եւ ծովում ջրահեղձ արվելու մասին: Մասնավորապես, 1919 թ. ապրիլի 1-ին կայացած նիստում հանդես եկած վկաներից Նեւարեթի ցուցմունքների համաձայն` հայերի քարավանները «պաշտպանելու» նպատակով որպես ուղեկցորդ էր նշանակվել 50 ժանդարմ, որոնք, սակայն, ճանապարհին սպանդի էին ենթարկել անդամալույծ եւ ուժասպառ հազարավոր մարդկանց, իսկ պարկերի մեջ լցված երեխաներին` գետերում խեղդել:
Դատաքննության 1919 թ. ապրիլի 3-ի նիստում ընթերցվել է քաղհայցվոր Սիրանուշի գրավոր ցուցմունքը, ըստ որի` «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության որոշ անդամներ կոտորել էին հայ տղամարդկանց: Միեւնույն նիստում ներկայացվել է նաեւ մեկ այլ քաղհայցվոր կնոջ ցուցմունքները, համաձայն որոնց` Ջեմալ Ազմիի հրահանգով Քումքալե ուղարկելու պատրվակով ձերբակալված տղամարդկանց ոչնչացրել էին` մի մասին գնդակահարելով, իսկ մյուսներին` ջրախեղդ անելով: Քաղհայցվորը նշում էր նաեւ, որ հայ երեխաների մի մասին ուղարկել էին Դեյիրմենդերե գետի ուղղությամբ, իսկ մյուս մասին, Նիազիի ղեկավարությամբ նավակներով հեռացնելուց հետո, ծովն էին նետել: Նույն նիստում մեղադրյալներից գավառապետ Թալեաթն իր զարմանքն է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ վերոհիշյալ քաղհայցվորը տեղյակ է եղել նման կարեւոր որոշումների մասին, քանի որ, ըստ ամբաստանյալի, «այդ գործը խիստ գաղտնի բնույթ է կրել»:
Դատավարության 1919 թ. ապրիլի 7-ի նիստում ունկնդրության արժանացած ֆրանսահպատակ վկա Վիտալիի ցուցմունքների համաձայն` Տրապիզոնից բռնագաղթեցվել էր մոտ 18.000 հայ: Հաջորդ նիստում, որը կայացել է 1919 թ. ապրիլի 8-ին, ազգությամբ ֆրանսիացի վկա Փերլորանը հայտնել է, որ տեղահանությունը Տրապիզոնում կատարվել է 5 օրվա ընթացքում եւ թաղամաս առ թաղամաս, եւ հայերի իրերը խլվել են նրանցից` սահմանից դուրս գալուն պես:
Կարդացեք նաև
1919 թ. ապրիլի 12-ի նիստում վկայությամբ հանդես եկած ժանդարմերիայի ավագ լեյտենանտ, հայերի տեղահանության համար պատասխանատու հրամանատար Մյունիբը ցուցմունքներ է տվել առ այն, որ Պետական պարտքի գրասենյակի տրապիզոնյան մասնաճյուղի պաշտոնյայից իրեն հասած տեղեկությունների համաձայն` հայերին բեռնավորել են լաստանավերը եւ ծովը նետելով` խեղդել:
Սույն դատաքննության ընթացքում որպես վկա ցուցմունքներով հանդես եկած բարձրաստիճան պաշտոնյաներից պետք է հատկապես առանձնացնել Վանի նախկին նահանգապետ Նազըմ բեյին եւ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ավնի փաշային: Վանի կուսակալը 1919 թ. ապրիլի 30-ի նիստում դատարանին տեղեկություններ է տվել Ջեմալ Ազմիի կատարած բռնությունների, ինչպես նաեւ` Նուրի եւ Մեհմեդ Ալի բեյերի` մի հայ կնոջ ու երեխաներին ջրահեղձ անելու մասին: Ըստ Նազըմ բեյի` 18 հայ ծերունի էլ ջրախեղդ էին արվել Օրդուի գավառապետ Ֆայիքի հրամանով:
Նույն նիստում վկայություններ է տվել նաեւ Տրապիզոնի վերաքննիչ դատարանի նախագահ, Լքված գույքի հանձնաժողովի անդամ Հիլմի բեյը, ըստ որի` տարագրված հայերը բնաջնջվել են ճանապարհներին եւ խեղդամահ արվել ծովում: Նույն օրը հայերի` մակույկավարների պետ Յահյայի կողմից ջրախեղդ արվելու մասին վկայություններ է տվել Տրապիզոնի Ռազմական առաքումների հանձնաժողովի նախագահ Էթհեմը:
1919 թ. մայիսի 5-ին ընթերցվել է ռազմածովային նախարար Ավնի փաշայի գրավոր վկայությունը, համաձայն որի` Ջեմալ Ազմին հայերին կոտորելու նպատակով հատուկ ավազակախմբեր էր կազմել ու սպանել տվել հայ բժիշկներին եւ առողջապահական պաշտոնյաներին: Տրապիզոնի դատավարության ընթացքում գրանցվել է մեկ այլ ուշագրավ վկայություն, որը վերաբերում էր Կովկասից գաղթած մահմեդական եւ քրիստոնյա վրացիների` հայերի կոտորածներին մասնակցելուն: Ըստ «Ժողովուրդի ձայնը» օրաթերթի` Տրապիզոնի դատավարության 14-րդ նիստում (1919 թ. մայիսի 5) ընթերցված ռազմածովային նախարար Ավնի փաշայի գրավոր վկայության համաձայն` Կովկասից Տրապիզոն գաղթած քրիստոնյա եւ մահմեդական վրացիներից այստեղ կազմվել է «Lռgion gռorgienne» («Վրացական լեգեոն») անունը կրող հատուկ մի գունդ, որը ճանապարհներին հարձակումներ է գործել հայերից բաղկացած քարավանների վրա:
Նույն նիստում ցուցմունքներ տված Հյուսեյինի խոսքերով` Տրապիզոնի գլխավոր բանտապահ Սուլեյմանը հրոսակախմբեր էր կազմել հայերին կոտորելու նպատակով, իսկ Օրդուի գավառապետ Ֆայիքը 2 լաստանավ կին ու երեխա ջրախեղդ անելու հրաման էր տվել: Ականատեսը հայտնում էր, որ նրանց նավ էին նստեցրել իբրեւ թե Սամսուն ուղարկելու պատրվակով, մինչդեռ հաջորդ օրը ծովեզերքը լցվել էր նրանց դիակներով: Հայերին եւ հույներին ջրահեղձ անելու միջոցով ոչնչացնելու մասին վկայություններ է տվել նաեւ Լազիստանի, Ջանիկի եւ Տրապիզոնի շրջանների հետաքննությամբ զբաղված դատական քննիչ Քենանը, ըստ որի համոզմունքի` վերոնշյալ դեպքերի հեղինակն է եղել հենց ինքը` նահանգապետը:
1919 թ. մայիսի 13-ի նիստում վկաներից ունկնդրության է արժանացել Հատուկ կազմակերպության ղեկավարներից գերմանացի փոխգնդապետ Շթանգեի համհարզն ու թարգմանիչը եղած հեծելազորային լեյտենանտ Հարուն բեյը, որը ցուցմունք է տվել այն մասին, թե ինքը լսել է հիվանդանոցում հայերի թունավորման դեպքերի եւ Սամսունում ու շրջակայքում հայերի ոչնչացման մասին:
«Ալեմդար» օրաթերթի 1919 թ. ապրիլի 16-ի համարում հրապարակված` Տրապիզոնի հայերի տեղահանությանն ու կոտորածներին վերաբերող ամբաստանագրում ընդգծվում էր տվյալ նահանգում կատարված ահասարսուռ կոտորածների զանգվածային բնույթը.
«…Տրապիզոն վիլայեթում Միություն եւ առաջադիմություն կուսակցության կենտրոնական կառավարության կողմից հայերի տեղահանության վերաբերյալ ընդունված որոշումների գործադրման ընթացքում նախ` հայ տղամարդկանց եւ ապա` կանանց ու երեխաներին նշանակված վայրեր տեղափոխելիս նրանց մի մասն անգթաբար սպանվել է Դեյիրմենդերեի կողմերում, իսկ կանայք ու երեխաներն էլ բեռնավորվել են նավակները եւ ջրախեղդ արվել: Հայերի մի մասին էլ, իբր բուժման նպատակով, թունավորել են տարբեն միջոցներով Կարմիր մահիկ հիվանդանոցում, որից հետո կողոպտվել է նրանց գույքը, դրամը եւ թանկարժեք իրերը: Ողջ մարդկության կողմից անեծքով ու նողկանքով հիշվելու արժանի նման անամոթ արարքների ու հանցագործությունների հանդգնած եւ այժմ փախուստի մեջ գտնվող Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի եւ կուսակցության պատասխանատու քարտուղար Յենիբահչելի Նայիլի, ինչպես նաեւ` դատարանում ներկա գտնվող Մեհմեդ Ալիի, Մուստաֆայի, Նիազիի, Նուրիի եւ մյուս հանցակիցների մասնակցությունն այդ վիթխարի կոտորածին հիմք են տալիս պատիժ սահմանելու համար: Նրանց հետաքննությունը, նախ եւ առաջ, բխում է օրենքի անհրաժեշտությունից: Եվ ի վերջո` ովքե՞ր են Ազմին ու Նայիլը: Սրանք ոչ թե պետական կամ վարչական պաշտոնյաներ են, այլ` ինը տարի առաջ պետության ղեկը պատահաբար ձեռք գցած, առանձին կամ միասին կատարված բռնությունների, կոտորածների, անօրինականությունների, անհատնում չարաշահումների միջոցով սուլթանական կառավարությանն այսօրվա ողբալի վիճակին հասցրած կործանիչ ձեռքերից ու վայրենի ուղեղներից բաղկացած Միություն եւ առաջադիմություն կոչված ավազակախմբի հանցագործ ներկայացուցիչներն են Տրապիզոնում»:
«…Բնականաբար, միայն Ջեմալ Ազմին ու Նայիլը չէին կարող այդ ահռելի սպանդն իրականացնել: Վերոհիշյալ ավազակախմբի ոճրային մտահղացումները կյանքի կոչելու համար բազմաթիվ գործիքների կարիք էր զգացվում: Գաղափարը եւ կիրառվող մեթոդն էլ այն էր, որ որպես գործիք ընտրվեն պրիմիտիվ, սահմանափակ, արագ ազդեցության տակ ընկնող, սեփական ջանքերով առաջընթաց գրանցելուն անկարող մարդիկ: Անկասկած է, որ քիչ թե շատ զարգացած մեկը չէր կարող ողջ մարդկությանը հուզած այդ ոճիրների մասնակիցը դառնալ…»:
Այսպիսով, Տրապիզոնի հայերի տեղահանության եւ կոտորածների դատավարության շրջանակներում բացահայտվել են Օսմանյան կայսրության այս նահանգում հայության բազմաթիվ ջարդերի ահասարսուռ մանրամասները։
Հիշեցնենք, որ Տրապիզոնի գործով գլխավոր ամբաստանյալը՝ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին, օսմանյան դատարանի կողմից դատապարտվել է մահվան, սակայն՝ հեռակա կարգով, քանի որ գտնվում էր փախուստի մեջ։ Նրա մահապատիժն ի կատար են ածել հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը, ովքեր նրան սպանել են 1922 թ. ապրիլի 17-ին՝ Բեռլինում, «Նեմեսիս» գործողության շրջանակներում։
Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
08.07.2022