Յուրաքանչյուր նոր ներկայացում դիտելիս ակնկալում ես, որ այն կգերազանցի սպասելիքներդ… սակայն հաճախ սխալվում ես: Այս անգամ բարեբախտաբար չսխալվեցի, այն գերազանցեց բոլոր սպասելիքներս:
Ներկայացումը բարդ է, ինտելեկտուալ, միեւնույն ժամանակ գրոտեսկային, ծաղրական, սակայն ով կցանկանա հանգիստ ժամանակ անցկացնել (նշեմ, որ մոտ 3 ժամ), նրան խորհուրդ չեմ տա նայել այս ներկայացումը… ով կցանկանա լոկ հաճույք ստանալ, նրան նույնպես ներկայացումը հակացուցված է: Այս ներկայացումը ո՛չ հանգստի, ո՛չ էլ հաճույքի համար չէ՝ համենայնդեպս, ոչ միայն հանգստի ու ոչ էլ զուտ հաճույքի: Ընկալման համար բավականին բարդ է, ու անպայման պիտի որոշակիորեն ծանոթ լինել Բրեխթի աշխարհընկալմանը, թատրոնի տեսակին, ստիլիստիկային, որ ընկալես, հասկանաս, ընդունես… բայց հիրավի հրաշալի ներկայացում է:
Ուրեմն սկսենք սկզբից. փակ վարագույրի առջեւում են երկու հաղորդավարները եւ միմոսը: Հենց սկիզբը հետաքրքիր է, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է բերում: Եթե Լիլի Էլբակյանի հաղորդավարը առավել ակտիվ է ու փորձում է ինչ-որ կերպ հակադրվել ընդհանուր միջավայրին, ապա Մեսրոպ Աբտոյանի հաղորդավարը կարծես համակերպվել է ու գտնում է, որ ամեն ինչ ինչ-որ տեղ կորած է, իսկ միմոսը ինչո՞ւ խոսի, չէ՞ որ «ձայն բարբառո հանապատի»: Բացվում է վարագույրը, հետաքրքիր, վարպետորեն կառուցված դեկորներ (նկարչական ձեւավորումը` Գարեգին Եվանգուլյանի), սակայն ինչ-որ ուրիշ բանի ես սպասում, պարզվում է՝ ոչ անտեղի: Դեկորները իրենց ամբողջության մեջ հիշեցնում են մաշկազերծ արված շան գանգ, որի վերին ատամնաշարը գործող եւ փչացած ժամանակացույցներ են, իսկ ներքին ատամնաշարի տակից երբեմն պիտի դուրս գան Արթուրո Ուիի զոհերը, ու դառնալով պուբլիկ կտորե տիկնիկներ, կախաղան հանվեն ու մատնվեն մոռացության: Ամենաակտիվ գործող դեկորը անվասայլակի վրա լեզու հիշեցնող շարժական կառույցն է. սա արդեն Արթուրո Ուին է, պրոպագանդան նրանն է, նրա մենաշնորհն է: Թե՛ Բրեխթի ժամանակներում, թե՛ այսօր, բեմից խոսել բռնակալի՝ դեպի իշխանություն տանող ճանապարհի մասին, ավելի հարմար է թվում այլաբանական մոտեցմամբ: Բրեխթը ընտրել է ծաղկակաղամբ տրեստի գրավման ուղին գանգստերական խմբի կողմից, բայց մեր առջեւ են Հիտլերն ու Հինդենբուրգը, Գեբելսն ու … ոչ սովորական ավազակախմբի գանգստերներ, 3-րդ Ռայխը իր ամբողջ փայլով եւ սնանկությամբ:
Կարդացեք նաև
Էպիկական պատմություն, դրամատիկ գործողություն, որոնք բեմադրիչը այնպիսի վարպետությամբ է միակցել, որ բոլորովին չես տարակուսում՝ հենց այդպես էլ պետք է լինի, չես զարմանում, որ կերպարների միջեւ հարաբերությունները կարծես խզված են, երբեմն անորոշ… չէ, սա թերություն չէ, սա առավելություն է, սա էպիկական թատրոն է, սա Բրեխթ է…
Բրեխթի ներկայացումներում չեն կարող մի կողմում լինել Համլետներ, մյուսում՝ Կլավդիոսներ, մեկում՝ Օթելլոներ, մյուսում՝ Յագոներ: Բրեխթյան էպիկական թատրոնում Համլետներն ու Օթելլոները շատ արագ կկործանվեն, կամ էլ, որն ավելի հավանական է, կդառնան վտանգավոր, վնասակար ավազակախմբերի կարկառուն անդամներ:
Այս ներկայացումը՝ ավելի շուտ հեղինակի միտքը, տեսակետը հանդիսատեսին ներկայացնում են գործող անձինք՝ օտարման էֆեկտի օգնությամբ. ներկայացնում ոչ որպես գործող անձ, այլ որպես արտիստ, որպես մեզնից մեկը, որպես մարդ, որպես մտածող, որպես անձ: Թվում է, թե Տիգրան Ներսիսյանի հերոսը՝ Արթուրո Ուին, լրիվ մերկացվել է, հանդիսատեսը նրանից այլեւս սպասելիք չունի, սակայն նա ջնջում է իր գրիմը՝ հիտլերյան գրիմը, կարծես մաքրում հանցագործության կեղտը իր վրայից ու անաչառորեն քննադատում իր իսկ կերտած հերոսին, որն արդեն Հիտլերը չէ, կամ էլ ոչ միայն Հիտլերը… ցավոք, չարի արգանդը դեռ չի չորացել, նա դեռ կա ու կծնի նոր չարիքներ, իսկ մարդիկ՝ ավելի շուտ ամբոխը, շքերթային երաժշտության խրոխտ հնչյունների ներքո կշարժվի դեպի կործանում, դեպի մահ, դեպի ավեր: Այլ ուղիով է ընթանում Աննա Էլբակյանի հերոսուհին՝ Բեթի Դոլֆիթը, չէ, իհարկե նա չի փորձում արդարացնել իր հերոսուհուն, սակայն, գուցե թե նա ներման հետ ինչ-որ աղերսներ ունի. սա արդեն քրիստոնեական մոտեցում է:
Զոնգերը (երգեր), որոնք պիեսում բացակայում են, բեմադրիչը դարձրել է ներկայացման անքակտելի, որոշիչ ու անհրաժեշտ տարրերից մեկը…
Իսկ բեմի վրա պտտվում են ժամացույցները, պտտվում թարս ու շիտակ, պտտվում ապացուցելու համար, որ ժամանակները չեն փոխվում, որ այսօր էլ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ մարդը, ո՛չ ավազակախմբերը, ինչպես էլ նրանց կոչես: Ուրեմն այս ներկայացումը ոչ միայն նայել է պետք, այլ տեսնել, մտածել, հասկանալ:
Տիգրան ՔԵԼԵՄՅԱՆ
Դրամատուրգ, թատերագետ
Բեմադրիչը էս արեց ,բեմադրիչը էն արեց,բայց ով էր բեմադրիչը՝ էդպես էլ մնաց կուլիսների հետևում։