«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի եւ Մեղրիի տարածքային կառույցներում՝ հուլիսի 9-ին խորհրդի նախագահների ընտրություններն են։ Ըստ գործող ընթացակարգի, տարածքային կառույցի անդամներն ընտրում են 7 հոգանոց խորհուրդ՝ փակ քվեարկությամբ, իսկ խորհրդի անդամները՝ բաց քվեարկությամբ իրենց կազմից նախագահ։
Թեժ պայքար է սպասվում կառավարող ուժի Կապանի տարածքային կառույցում, որտեղ քվեարկելու իրավունք ունեն 89 հոգի։ Նրանցից յուրաքանչյուրը պիտի ընտրի 7 անդամի։ Ըստ տեղեկությունների՝ խորհրդի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներ են Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, Սյունիքի նախկին փոխմարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Նարեկ Բաբայանն ու Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը։
Թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում է իր թիմը ձեւավորել ու արդեն մի քանի օր է, ինչ փորձում են յուրայիններին համոզել ճիշտ ընտրության հարցում։
Նարեկ Բաբայանն անդրադառնալով խորհրդի նախագահ ընտրվելու իր ակնկալիքներին՝ ասաց․ «Ես առաջադրվում եմ խորհրդի կազմում, ըստ խորհրդի նորընտիր կազմն էլ՝ կորոշի թե ով է խորհրդի նախագահը։ Այլ բան չեմ կարող ասել»։
Կարդացեք նաև
« Նախագահի թեկնածուն կարող է լինես այն ժամանակ, երբ հայտնվես խորհրդի կազմում։ Ինչ իմանաս՝ կընտրվե՞մ, թե չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանի հետ չհաջողվեց կապ հաստատել։ Նրա բջջային հեռախոսը անհասանելի է։
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի եւ Մեղրիի տարածքային կառույցների ընտրություններին վերադասից ներկա է գտնվելու ՀՀ պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրի տարածքային կառույցի համակարգող Արարատ Թումանյանը տեղյակ չէ որ՝ վարչության նախագահն է անձամբ հետեւելու ընտրությունների ընթացքին։ Չնայած իր թեկնածության հետ կապված դժգոհություններին՝ վստահ է իր հաղթանակի մեջ։
« Ես խնդիր չունեմ, չգիտեմ ինչ դժգոհությունների մասին է խոսքը։ Կարծում եմ խորհրդի անդամներն ինձ կընտրեն, այլ թեկնածուի անուն չի շոշափվում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Թումանյանը։ Վերջինս վստահ է՝ միակ թեկնածուն ինքն է, որովհետեւ ի սկզբանե կուսակցության համակիրներից է եղել։ Մեղրիի ընտրություններին մասնակցելու է 43 կուսակցական։
Կառավարող ուժի սյունիքյան տարածքային խորհուրդների ընտրություններին հետեւելու են նաեւ մի քանի պատգամավորներ՝ Արսեն Թորոսյանը, Կարեն Համբարձումյանը, Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը եւ այլոք։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ