Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը». Ասպրամ Կրպեյանը՝ Աղավնոյի գյուղապետի խոսքը փոխանցեց

Հուլիս 08,2022 22:15

Այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքին մասնակցում էր նաեւ Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա հայտարարեց, որ արցախցիները հույսեր են կապում շարժման հետ եւ Արցախում բնակվող հայերի անունից շնորհակալություն հայտնեց հրապարակում հավաքվածներին՝ պայքարելու համար, գիտակցման համար, որ հենց իրենք են կանգնեցնելու այն կործանարար ընթացքը, որով տանում են գործող իշխանավորները: Նա հավաստիացրեց, որ շարժումը հաջողել է, քանզի Արցախում մնացածները եւ Արցախում ապրողները՝ հույսը կապել են այս շարժման մասնակիցների հետ:

Ինքը վստահ է՝ պայքարն արդյունք տալու է եւ ապրելու ենք «առանց Նիկոլ Հայաստան», իսկ Արցախը մնալու է հայկական: Այս հայտարարության հետ՝ հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Մետաքսե Հակոբյանը հավաստիացրեց, որ ոչ ոք չի հաջողելու բաժանել Հայաստանն ու Արցախը, հայաստանցուն ու արցախցուն, քանի որ նրանք միասնական են, մեկ գենն ունեն:

«Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանն էլ Արցախից ու Սյունիքից ողջույններով էր եկել հանրահավաքի եւ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Աղավնո եւ Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական. «Աղավնոյի համայնքապետի՝ Անդրանիկի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկա, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգություն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հավատում եմ»:

Ասպրամ Կրպեյանը պատմեց նաեւ Նռնաձոր կատարած այցի տպավորություններով. «Նռնաձորը փոքրիկ գյուղակ է, որտեղ ապրում են Գետաշենի ենթաշրջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Իրենք 1990-ականներին Գետաշենում են կռվել, իրենց սերունդները հիմա՝ Նռնաձորում են: 44-օրյա պատերազմի ժամանակ 14-ամյա Վարդանը մեկ ձիով ապահովել է մի ամբողջ գնդի ջուրն ու ուտելիքը: Այլեւս ձի չունի. մնացել են օկուպացված հայրենիքում: Բայց ինքը գիտի, որ արժանապատիվ ձիավորը երբեք աննժույգ չի մնում»:

«Անկասելի եւ ամուր է նաեւ մեր պայքարը: Մենք էլ ենք վճռական: Մենք իրավունք չունենք Աղավնոյի եւ Նռնաձորի մեր արժանապատիվ քաղաքացիներին մենակ թողնելու: Իրենցից փորձել են հայրենիք ու արժանապատվություն խլել, բայց հայը շարունակելու է պայքարել հանուն իր հայրենիքի, որովհետեւ չկա առավել բարձր արժեք հայրենիքից: Մենք մեր հավերժական հայրենիքը ստանալու ենք»,- ասաց Ասպրամ Կրպեյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031