«Բերձորի գողը»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես անվանեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ «Բերձորի գող» անվանելով Նիկոլ Փաշինյանին, ով ուզում է «առանց պայմանագրի, առանց որեւէ իրավական հիմքի, առանց զինքի ու պայքարի, թշնամուն հանձնել հայրենիքի այն հատվածը, որը կոչվում է՝ «կյանքի ճանապարհ» ու խզել կապը Արցախի հետ:
Հիշեցնենք, Բերձորի, հարակից հայկական բնակավայրերի եւ Լաչինի միջանցքի հանձնման մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց հունիսի 27-ին:
Մեջբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որին հղում է արվում՝ հիմնավորելով այս հանձնումը, Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ այդ փաստաթղթում ամրագրված է՝ կողմերի համաձայնությամբ ու հարց հնչեցրեց՝ որտե՞ղ է տվել համաձայնություն: Նա խոսեց կառուցվող ճանապարհի մասին, որով անցնում են հայկական կողմի գազի, կապի, ջրի կոմունիկացիաները՝ հավելելով, որ կառուցվող այդ ճանապարհով, նոր խարդավանքով Հայաստանն ու Արցախը կտրում են իրարից:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր գործիչը չի հավատում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հավաստիացումներին, որ ճանապարհը գործելու է, անվտանգ է լինելու հայկական կողմի համար: Ավելին, համոզված է, որ այդ ճանապարհը՝ Հայաստանի եւ Արցախի կապը, հնարավոր է փրկել, թե «Արայիկ Հարությունյանին եւ Նիկոլ Փաշինյանին դուրս շպրտենք իրենց աշխատասենյակներից», ինչն ինքը դեռ իրատեսական է համարում եւ վստահեցնում է՝ «անելու ենք, Արցախը մնալու է հայկական. եթե կա մի բան, որը կարող ենք հանձնել Ադրբեջանին, դա բանթիկը գլխին կապած՝ «հայրենիքի գողն» է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ