«Ահավոր դժվար էր այն ճանապարհը, որով երեկ եկանք Երեւան: Այդ ճանապարհին վախվորած, հեռվից նայելով Քարին տակին կամ Շուշիին մենք անցանք այնտեղով, որն անընդունելի է ինձ համար»,- «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի համաժողովի մասնակից, արցախցի Անահիտ Մխիթարյանը: Ասում է՝ ինքն անկախության սերունդ է, ծնվել է ազատ եւ անծայրածիր թվացող Արցախում. «Ամանորները մենք ուրախանում էինք նրանով, որ Քաշաթաղի մի գյուղ արդեն կդիմավորի լույսով, կամ ապրիլի 7-ին մայրիկիս շնորհավորում էի Շահումյանից բերված ալպիական ծաղկեփնջով, կամ մայիսի 9-ին հերոսների հետքերով բարձրանում էինք հայկական Շուշի, իսկ Վարդավառին մենք ցողվում էինք Տիգրանակերտի արքայական աղբյուրների ջրերով: Այս ամենն ինձ համար անընդունելի է: Ցանկանում եմ, որ իմ զավակները հետագայում եւ Արցախում ապրող յուրաքանչյուր երեխա ունենա հենց այդ հայկական ապագան»:
Անահիտի խոսքով, այդ փրկօղակը տեսել է «Ապագա Հայկականի» հետ՝ երբ ծանոթացել է նախաձեռնության նպատակներին, հիմնադիրների մտադրություններին. «Ծանոթանալով այդ ամենին, ես գտա ինձ հուզողները եւ իմ նպատակներին համաձուլվողները: Մասնակցեցի այդ համաժողովին ինչ-որ հույսի փնտրտուքով, Արցախի մնացյալ պատառիկը փրկելու հույսի փնտրտուքով կամ կորցրածը վերագտնելու հույսով»:
44-օրյա պատերազմն Անահիտի ընտանիքին նույնպես անչափելի կորուստներ է հասցրել:
«Զոհվեց եղբայրս՝ մորաքրոջս տղան, կորցրինք պապենական գյուղը՝ Քարին տակը, պապական տունը, պապերիս գերեզմանները: Եվ այսօր գնում ենք Բովուր խան՝ տեսնելու Շուշին հեռվից: Ցեղասպանությունից հետո ասում էին, որ ամենատխուր հայերն ապրում են հայրենիքում, սակայն հիմա ամենատխուր հայերն ապրում են Արցախում, քանի որ չկա ֆիզիկական կյանքի անվտանգություն, բացարձակ անորոշություն է, խախտված են հոգեկան եւ ֆիզիկական սահմանները: Այսօր արցախցին չի ցանկանում տեսնել թուրքական լեզվով գովազդներ, երբ նայում է յութուբյան ալիքներ, ցանկանում է վայելել ամռան երեկոները՝ ոչ թե մինչեւ ժամը տասը վազել տուն, ուզում է վայելել իր ամբողջ երեկոն»,-ասաց Անահիտ Մխիթարյանը: Նրա խոսքով, «Դարերով, տարիներով մենք անմիաբանության, անգործության, եսասիրության ու անհեռատեսության ճահիճում ենք հայտնվել եւ սեփական ուժերով այդ ճահճից դուրս գալը շատ բարդ է: Պետք է համայն հայության կամքն ու ներուժը, քանի որ Արցախը հայության փրկության դեղահաբն է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ