Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ծառուկյանն ուզում է ՀՀ-ի համար գործ անել, թող Անահիտ դիցուհու արձանը տեղադրի»․ Հակոբ Սանասարյան

Հուլիս 08,2022 20:10

«Նախ, եթե որեւէ գործողություն է արվում, պետք է դրա տրամաբանությունը ճշտվի։ Ի՞նչ հիմնավորմամբ են ուզում ՀՀ-ում Քրիստոսի արձանը տեղադրել։ Այն կարող են տեղադրել Թել Ավիվում, քանի որ նա ազգությամբ հրեա է»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով «Մուլտի գրուպ»-ի՝ Հատիս լեռան գագաթին Քրիստոսի հսկա արձանը տեղադրելու  նախաձեռնությանը։

Հակոբ Սանասարյանը նշեց․ «Քրիստոնեական աշխարհում Քրիստոսն աստված չի, միայն հայերի դեպքում է, որ Քրիստոսին դարձրել են աստված։ Այս նախաձեռնությամբ դրա հեղինակն ո՞ւմ շահերից է ելնում, համաշխարհային սիոնիզմի՞։ Սա հարված է հայ ժողովրդին։ Աշխարհում հիմա զարգանում է գործընթաց, թե ինչպես աշխարհը հանձնել հրեաներին։ Սա բոլորին է հայտնի։ Սիոնիզմի ամենահզոր զենքը քրիստոնեությունն է։ Գագիկ Ծառուկյանը, ազգությամբ հայ եւ բարերար, ինչո՞ւ չի ուզում այս հարցում սեւը սպիտակից տարբերել: Սա շատ վտանգավոր, հակահայ գործողություն է, անթույլատրելի եմ համարում այդ արձանի տեղադրումը»։

Հակոբ Սանասարյանը շեշտեց․ «Հայ ժողովուրդը եղել է բնապաշտ, ինչպես աշխարհի հնագույն ժողովուրդները։ Բնապաշտությունը մեր հոգում է։ Լեռնային լճերում, բարձր գագաթներին մեկ էլ տեսար խաչը բերում-խփում են՝ փչացնում բնության հետ կապը, փոխարենը դնելով կրոնականը, այսինքն՝ երեւակայականը։ Եթե Գագիկ Ծառուկյանն ուզում է ՀՀ-ի համար գործ անել, թող մեր դիցերից կամ դիցուհիներից մեկի արձանը տեղադրի որեւէ տեղում, օրինակ՝ Անահիտ աստվածուհունը, բայց ոչ սարերին։ Այս սարերը ջրագոյացման առումով հատուկ պահպանվող տարածքներ են, պետք չէ դրանք վերածել գերեզմանոցների կամ հուշարձանների տեղերի»։

Հակոբ Սանասարյանն ընդգծեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքների դեպքում պետք է լինի թույլտվություն, աշխատի հատուկ փորձագիտական հանձնաժողով, գնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, պարզվի, թե Հատիսի գագաթը ստորին աղբյուրների համար ինչ դեր է կատարում՝ սնուցում, ֆիլտրացիա․ «Բոլոր դեպքերում նման վայրերում անթույլատրելի է որեւէ միջամտությունը։ Որքանով հասկացա՝ այդ արձանը բարձր է ու ծանր, հետեւաբար՝ հիմնային հզոր աշխատանքներ են անելու։ Թող Արամազդի, Ար աստծո արձանները դնեն, Հայկ նահապետինը»։

Նկատեցինք՝ ենթադրենք, որ տեղադրվում է Անահիտ դիցուհու արձանը, սակայն բնակչության մեծ մասը ընդվզի, կասի, որ մենք քրիստոնյա ենք, այդ դեպքո՞ւմ ինչպես վարվել։ Հակոբ Սանասարյանը պատասխանեց․ «Այդ ընդվզողները պետք է իմանան, որ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգում արձանների տեղադրումն արգելված է, դա կաթոլիկ եկեղեցունն է։ Ի՞նչ կա ընդվզելու։ Վերջապես ժամանակն է, որ հայոց հավատքը բնապաշտությունը լինի։ Աստծո կերպարը մարդն է ստեղծել։ Քրիստոնեությունը հայ ժողովրդի համար օտար կրոն է, որը մեզ պարտադրվեց 301թ․-ին, մարդկանց ոչնչացրեցին Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ։ Մի մասը փախան, մի մասը ստիպված ընդունեց քրիստոնեությունը։ Այսօր պատահական չի, որ ՀՀ-ում խնդիր է հանգուցյալին շքեղ հողին հանձելն ու շքեղ տապանաքարեր դնելը՝ մրցելու համար մեկը մյուսի հետ։ Սա հիվանդություն չի՞»։

Նշենք, որ Կոտայքի մարզում գտնվող 2528մ․ բարձրությամբ Հատիսը հայտնի է նաեւ որպես Շամիրամի լեռ․ ավանդազրույց կա, որ Արա Գեղեցիկն այստեղ է հանդիպել Շամիրամին(Արա լեռը հանդիպակաց է Հատիսին․ Արայի եւ Շամիրամի զորքերն այս երկու լեռների ստորոտներին են տեղակայվել)։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, ինչպես նաեւ քարանձավ, որը քչերին է հայտնի։ Լեռան հարավային ստորոտից սկիզբ են առնում «Քառասունակն» աղբյուրները, որոնք բարձրակարգ խմելու ջուր են համարվում․ Երեւանի ջրամատակարարման համար նաեւ այս ակունքներն են օգտագործվում։ Լեռը հանգած հրաբուխ է, բնության հատուկ պահպանվող տարածք։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարել է․ «Մեր հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031