Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Հուլիս 08,2022 20:03

Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:

Հուլիսի 6-10-ը անցկացվելիք համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացության ծրագիրը, հայցեց Հայոց Հովվապետի օրհնությունը:

Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Կ․Պոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Երազ Չաղլայանը և Գերմանիայի հայոց թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Արշամ Արզումանը։

Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ուրախությամբ ընգծեց, որ աշխարհասփյուռ հայորդիները համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ գոտեպնդվելու և շարունակելու եկեղեցանվեր ու հայրենանվեր իրենց առաքելությունը:

Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով հայրենիքի տարբեր կողմերից և աշխարհասփյուռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Հովնան սրբազանին և Հայր Թովմային եկեղեցասեր երիտասարդության հետ տարվող նախանձախնդիր աշխատանքների համար։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց՝  համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ընդհատված այս գեղեցիկ ավանդույթի վերականգնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդները միատեղվել են հայրենիքի և Եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, որով  պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ նպաստ բերելով հայրենի կյանքի վերազարթոնքին և հայրենիքի զորացմանն ու լուսավոր ապագայի կերտմանը:

Դիմելով երիտասարդ հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորեց առավելագույնս հաղորդ դառնալ հայրենի իրականությանը, հետպատերազմյան մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե վհատության և հուսալքության պատճառ պիտի լինեն, այլ հարկավոր է նորովի գոտեպնդվել՝ աղոթքով ու գործով միասնաբար լծվելու բոլոր խնդիրների հաղթահարմանը։

Իր խոսքում Նորին Սրբությունն ուխտավոր հայորդիներին բարեմաղթեց  Աստծու զորակցությունը՝  անձնական և համայնքային կյանքում նոր ձեռքբերումների և հաջողությունների հասնելու համար, որոնց արգասիքները կծառայեցնեն հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կյանքում իրենց ներգրավվածությանը, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավմանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ներկաներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031