Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հատիսը 6 ամսից ավելի ձնածածկի տակ է․ զբոսաշրջային տեսանկյունից նախագիծն արդյունավետ չի»․ Գեղամ Օհանյան

Հուլիս 08,2022 18:14

«Մուլտի գրուպ»-ի՝ Հատիս լեռան գագաթին Քրիստոսի հսկա արձանը տեղադրելու նախաձեռնությանը կառավարությունը տվել է հավանություն։ Կոտայքի մարզում գտնվող 2528մ․ բարձրությամբ Հատիսը հայտնի է նաեւ որպես Շամիրամի լեռ․ ավանդազրույց կա, որ Արա Գեղեցիկն այստեղ է հանդիպել Շամիրամին (Արա լեռը հանդիպակաց է Հատիսին․ Արայի եւ Շամիրամի զորքերն այս երկու լեռների ստորոտներին են տեղակայվել)։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, ինչպես նաեւ քարանձավ, որը քչերին է հայտնի։ Լեռան հարավային ստորոտից սկիզբ են առնում «Քառասունակն» աղբյուրները, որոնք բարձրակարգ խմելու ջուր են համարվում․ Երեւանի ջրամատակարարման համար նաեւ այս ակունքներն են օգտագործվում։ Լեռը հանգած հրաբուխ է, բնության հատուկ պահպանվող տարածք։

Aravot.am-ը զրուցել է «Բարձունք» գիտակրթական կենտրոնի հիմնադիր-անդամ, «Խարույկ» արշավական ակումբի համահիմնադիր Գեղամ Օհանյանի հետ, որը տարիներ շարունակ լեռնագնացություն է կազմակերպում, այդ թվում՝ դեպի Հատիսի գագաթ։ «Նախեւառաջ, հնագիտական հաշվետվություն պարտադիր պետք է կազմվի, որովհետեւ որքանով տեղյակ եմ՝ լեռան վրա կիկլոպյան ամրոցի մնացորդներ կան։ Բացի այդ, նման բարձրության դեպքում լեռը վեց ամսից ավելի ձյան ծածկի տակ է։ Չեմ կարծում, որ զբոսաշրջային տեսանկյունից նախագիծն արդյունավետ է ծառայելու՝ հաշվի առնելով բարձրությունն ու քամիները։ Ուստի նպատակահարմար չէ շինության առկայությունը։ Բավականին մեծ շինարարական աշխատանք է պահանջվելու՝ տեղ հասնելու համար»,-նշեց Գեղամ Օհանյանը։

Նրա խոսքով․ «Այն ճանապարհը, որը պետք է կառուցեն, բնականաբար, ավտոճանապարհ պետք է լինի, որովհետեւ ուխտագնացները հիմնականում չեն կարողանալու ոտքով բարձրանալ։ Հատիս բարձրանալու համար բավականին էներգիա եւ ժամանակ է պետք։ Արձանի տեղադրումը չի արդարացնելու ակնկալվող զբոսաշրջային արդյունքը, քանի որ նման բարձրության վրա սպասարկումը խիստ դժվար է լինելու քամոտ բնության պայմաններում։ Այդ միջավայրը չի ստեղծելու մթնոլորտ, որպեսզի այցելած մեկ զբոսաշրջիկը հետո իր հետեւից եւս տասին հրավիրի։ Բացի այդ, եթե ճանապարհներ սարքվեն, ապա դրանք արագ շարքից դուրս են գալու, որովհետեւ նման բարձրության վրա եւ սառույցների տակ անընդհատ դառնալու են ոչ պիտանի։ Իսկ գագաթին նախատեսվելիք շինությունների դեպքում էլ բնությունը, միեւնույնն է, իրենն ասելու է։ Կոպիտ ասած՝ բնությունն իր պատասխանը տալու է իր հանդեպ վերաբերմունքի համար»։

Ինչ վերաբերում է գաղափարական տեսանկյունին, ապա մեր զրուցակիցը նշեց․ «Խիստ տխրել եմ, որ Հատիս լեռն այսուհետեւ նման ձեւաչափ է ընդունելու, որովհետեւ Երեւանին մոտ ամենահայտնի գագաթն է ու ընդունել է տասնյակ հազարավոր քաղաքացիների ու լեռնագնացների։ Մարդիկ անընդհատ բարձրացել են՝ արեւածագ դիմավորելու, բոլոր եղանակներին։ Լեռը մշտապես սպասարկել է լեռնային զբոսաշրջությանը, եւ հիմա, փաստորեն, փոխելու է իր ձեւաչափը»։

Թե որը կլիներ ողջամիտ լուծումը, որպեսզի վնաս չհասցվեր շրջակա միջավայրին, իսկ մյուս կողմից էլ՝ նախաձեռնությանը կողմ արտահայտվող քաղաքացիները չվիրավորվեին, Գեղամ Օհանյանը շեշտեց․ «Իմ համոզմամբ՝ քրիստոնեությունն արձանների մեծությամբ չի չափվում։ Այն գումարները, որոնք ծախսվում են նման կառույցների վրա, ես խիստ անիմաստ եմ համարում։ Ամեն դեպքում, եթե նման մասշտաբային կառույցներ են կառուցվում, ճիշտ կլինի ցածրադիր բլուրներն ընտրվեն, որպեսզի մեծ ռեսուրսներ չծախսվեն կոմունիկացիոն հարցերի վրա»։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարել է․ «Մեր հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031