Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Բեկչյան. «Ժողովրդագրության հարցերը միայն ծնելիության ավելացմամբ կամ մահացությունը կրճատելով չեն լուծվելու»

Հուլիս 08,2022 17:50

«Հանրային քննարկումները եւ Արցախյան ֆորումը» պանելային քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակում՝ Մատենադարանի շենքում, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արամ Բեկչյանն անդրադարձավ ժողովրդագրության, բնակչության աճի խնդիրներին: Նա, վկայակոչելով 1970 թվականի վիճակագրությունն, ասաց, որ այդ տարեթվին Հայաստանում ապրել է 2 միլիոն 400 հազար բնակիչ, այսօր՝ Արցախի հետ միասին՝ 3 միլիոնից մի փոքր ավել բնակչություն:

Արամ Բեկչյանի խոսքով, 1990 թ.-ի համեմատությամբ մոտ 10 տոկոս բնակչության հետաճ ունենք, ուստի պետք է հասկանալ այս խնդրի էությունը. «Ժողովրդագրության հարցերը միայն ծնելիության ավելացմամբ կամ մահացությունը կրճատելով չեն լուծվելու: Դա մի շարք ասպեկտներ ունի՝ մարդկանց բարեկեցությունը, կրթությունը, ծնելիության խթանումը եւ այլն: Եվ դա ոչ միայն կառավարության խնդիրն է, այլ՝ մեր ողջ հասարակության: Պետք է հասարակությունը հասկանա՝ որքան կարեւոր են այդ հարցերը մեր ազգի ապագայի համար»:

Նա ասաց, որ շատ տպավորված է արցախցի երիտասարդների հետ հանդիպումից, որը տեղի է ունեցել Արցախի համաժողովի նախորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի կենտրոնում. «Վերջին մի քանի տարվա մեջ սա շատ հաճելի հանդիպում էր, շատ քննարկումներ ունեցանք եւ ես մի բան հասկացա, որ այդպիսի ուսանողություն ունեցող ժողովրդին շատ դժվար կլինի կոտրել»:

Արամ Բեկչյանը սակայն նեղսրտել է, երբ արցախցիներին տեսել է շատ տխուր ու լքվածության զգացումով. «Ժողովուրդն իրեն շատ լքված էր զգում: Դա կախված է մեզնից, մեր ժողովրդից ու կառավարությունից, որպեսի կարողանանք այդ զգացողությունները փոխել, լավացնել»:

Նա կարեւոր դիտարկում համարեց, երբ իրենց հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու նախկին նախագահ Բակո Սահակյանը նույն սեղանի շուրջ են եղել հարցերը քննարկելիս. «Ինձ շատ հաճելի էր, որ հին եւ նոր իշխանությունը նստած էին մեկ սեղանի շուրջ, ինչը չես ասի Հայաստանի դեպքում, որպեսզի դառնանք միասնական եւ այդ ծանր հարցերը լուծենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031