Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքա՜ն վնասակար ծրագրեր կան, անտառներ են հատում․ ոչ թե Հիսուսի արձան է տեղադրվում, այլ այդ մարդիկ բիզնես են անում»․ Սիլվա Ադամյան

Հուլիս 08,2022 17:38

«Չեմ կարող դեմ լինել այդ նախաձեռնությանը։ Չնայած ես կենսաբան եմ եւ հակված եմ ամեն ինչի կենսաբանական բացատրություններին, բայց, ամեն դեպքում, հայ քրիստոնյա եմ։ Իհարկե, ինձ համար ընդունելի է այդ արձանի տեղադրումը»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էկոլոգիական հասարակական միություն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով «Մուլտի գրուպ»-ի՝ Հատիս լեռան գագաթին Քրիստոսի հսկա արձանը տեղադրելու նախաձեռնությանը։

Սիլվա Ադամյան

Սիլվա Ադամյանը շեշտեց․ «Եթե անկեղծ, ապա այնքան նախագծեր են հիմա ՀՀ-ում իրականացվում, որոնք ավելի շատ մեծ վնասներ կարող են տալ շրջակա միջավայրին։ Սա իմ անձնական կարծիքն է։ Հիմա չեմ ուզում ուղղակի դրան անդրադառնալ։ Էլ չասեմ օրենքների մասին, որոնք վնասակար են ու վտանգավոր՝ ՀՀ բնության համար։ Խնդիրներ, իհարկե, կծագեն, եթե Հատիսի վրա արձանը դրվի, որովհետեւ պետք է քանդվի, աշխատանք արվի։ Մեծ քանակի մարդիկ են գնալու, իսկ դա լի է մի շարք խնդիրներով․ օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտում, շրջակա միջավայրի վերակառուցում։ Այս ամենը լինելու է, սրանից հնարավոր չէ խուսափել, բայց որպես հայ քրիստոնյա՝ ինձ համար ընդունելի է։ Սկզբում միտք կար, որ Կասկադում են ուզում արձանը տեղադրել։ Ես կտրուկ դեմ եմ եղել դրան։ Այդ անճոռնի արձանների կողքը Քրիստոսի արձանը տեղադրելն անընդունելի է։ Այս դեպքում ուղղակի պետք է շրջակա միջավայրի լուրջ փորձաքննություն անել, հասկանալ, թե ինչը ոնց են անելու, հասկանալ, թե ինչ կենսաբազմազանություն կա։ Պարտադիր պետք է այս ամենը հաշվի առնել, որ շրջակա միջավայրին հասցվելիք վնասը նվազագույնը լինի։ Անվտանգ անել հնարավոր չէ, դա բոլորը պետք է գիտակցեն։ Հնարավոր չի ինչ-որ մեկն ասի, թե կարող է այնպես անել, որ շրջակա միջավայրը չվնասվի»։

Նկատառմանն ի պատասխան, որ լեռը բնության հուշարձան է, անդառնալի վնասներ են հնարավոր, Սիլվա Ադամյանը նշեց․ «Անկեղծ ասեմ՝ հիմա ես դեմ չեմ ու երբեք դեմ չեմ լինի։ Որովհետեւ այնքան նախագծեր կան, որոնք վնասում են։ Որ իմանաք, թե «Հյուսիս-Հարավ» ճանապարհն ինչերի՜ միջով է անցնում․․․պահպանվող տարածքներ կան, քանդել են․․․ախր տեղյակ չեք»։

Նկատառմանն ի պատասխան, որ տեղյակ ենք՝ պեղավայրեր կան, Սիլվա Ադամյանն ասաց․ «Խայտառակ վիճակ է, վերջերս էի լսումների մասնակցում։ Բոլորն էլ հասկանում են, որ դա, միեւնույնն է, վնաս է պատճառելու։ Էլի շատ ծրագրերի պատճառով անտառներ են կտրվում եւ ոչ թե Հիսուսի արձան է տեղադրվում, այլ այդ մարդիկ բիզնես են անում, շենքեր ու թաղամասեր են կառուցում՝ միլիոններ աշխատելու համար։ Դրա համար դեմ չեմ։ Թող անեն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, եւ մենք բնապահպաններով կմասնակցենք, առաջարկներ կտանք։ Եթե խնդիրներ կլինեն լուրջ, կմտածենք դրանց շուրջ»։

Նշենք, որ Կոտայքի մարզում գտնվող 2528մ․ բարձրությամբ Հատիսը հայտնի է նաեւ որպես Շամիրամի լեռ․ ավանդազրույց կա, որ Արա Գեղեցիկն այստեղ է հանդիպել Շամիրամին (Արա լեռը հանդիպակաց է Հատիսին․ Արայի եւ Շամիրամի զորքերն այս երկու լեռների ստորոտներին են տեղակայվել)։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, ինչպես նաեւ քարանձավ, որը քչերին է հայտնի։ Լեռան հարավային ստորոտից սկիզբ են առնում «Քառասունակն» աղբյուրները, որոնք բարձրակարգ խմելու ջուր են համարվում․ Երեւանի ջրամատակարարման համար նաեւ այս ակունքներն են օգտագործվում։ Լեռը հանգած հրաբուխ է, բնության հատուկ պահպանվող տարածք։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարել է․ «Մեր հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031