Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի՝ 2001 թվականին կառուցված, 132 աշակերտ ունեցող դպրոցը դեռ շարունակում է մնալ խոնավության մեջ։ Դպրոցը նաև նախակրթարան ունի՝ 12 երեխաներով։
Դեռ դպրոցի շենք չմտած՝ արդեն իսկ տեսանելի են պատերի թափված ծեփոնները (Տես լուսանկարում):
Տնօրեն Մակիչ Սարգսյանի փաստմամբ, բոլոր դասասենյակների հատակները փտել են. կտուրները կաթկթում են, պատերը բորբոսնել են, դահլիճն ահավոր վիճակում է։
Aravot.am-ը դեռ 2016 թվականին էր անդրադարձել այս խնդրին՝ բարձրաձայնելով, որ դպրոցը կառուցվել է փոսի մեջ՝ այնպիսի դիրքով, որ անձրևաջրերը ու հալված ձյունը թափվում են դպրոցի շենք՝ քայքայելով հատակը, պատերը, և որ ամենաահավորն է` երեխաների առողջությունը։
Կարդացեք նաև
«Ինչքան հնարավոր տարբերակ կա, օգտագործում ենք․ մեր տան, տնտեսվարի տան, գյուղի հին ակումբի տախտակները բերել ենք, դպրոցի հատակը կարկատում ենք, բայց էլի նույն բանն է։ 21 տարվա դպրոց է, կառուցման 4-րդ տարվանից զգացել ենք խոնավությունը։
Հատակն ամբողջովին փտեց․ 2005-2006 թվականներին արդեն հատակ չուներ։ Այս 21 տարվա ընթացքում հատակն արդեն երկրորդ անգամ է փոխված։ 2011 թվականին, երբ փոխում էինք հատակը, արդեն մոխրացած էր»,-ասաց տնօրենը։
Վերջինս նշում է, որ խոնավության դեմ պայքարը էժան չի նստում դպրոցի բյուջեի վրա, մեծ ծախսեր են կատարում։
«Հակասնկային նյութեր ենք գնում, ամեն օր հավաքարարները պատերն ու առհասարակ բոլոր այն տեղերը, որոնք հնարավոր է բորբոսնեն, սնկի աճը վերացնում են։
Փառք Աստծո՝ հիվանդությունները, որոնք կապված են դրա հետ, առայժմ չունենք, դա մեր աշխատանքի շնորհիվ է։ Մենք կարող ենք այդ գումարները տնտեսել, տեղեկատվական տեխնոլոգիաներ գնել, բայց գնում ենք նման դեղամիջոցներ, որ պատերից սկսած՝ լվանք։ Դասերից հետո քացախով, հակասնկային միջոցներով մաքրում ենք, որ հաջորդ օրը գոնե երեխաները նորմալ դասասենյակում դաս պարապեն։ Հիվանդություններ չունենք, որովհետև էլեկտրականությամբ նորմալ ջեռուցում ենք։
Բոլոր միջոցներն ուղղում ենք ջեռուցմանը, որպեսզի գոնե ձմռան ընթացքում խոնավությունը գլուխ չբարձրացնի։ Ամեն ինչ անում ենք սուղ միջոցների հաշվին, քանի որ ֆինանսավորվում էր աշակերտների թվով, միջոցներից շատ քիչ գումար է մնում, բայց ամբողջ գումարն ուղղում ենք ջեռուցման ու նյութերի գնմանը, մենք ո՛չ պարգևատրումներ ենք տալիս ուսուցիչներին, ո՛չ շռայլ ծախսեր ենք անում, նույնիսկ թղթի, մրի գումարը հայթայթում ենք, որ դպրոցին յոլա տանի»,- ասաց Մակիչ Սարգսյանը։
Տնօրենն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ևս եղել է դպրոցում։ Նա ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ այցելել է գյուղի, հրավիրել են նաև իրենց դպրոց։ Վերջինս մտել է դահլիճ, ասել, որ չի կարող այսպես մնալ, խոստացել է՝ կամ հիմնովին վերանորոգել դպրոցը կամ նոր շենք կառուցել։
Սակայն դպրոցում հստակ տեղեկություն չունեն՝ արդյոք այն ընդգրկվե՞լ է դպրոցաշինական որևէ ծրագրում։
«Ես հիմա չգիտեմ՝ մեր դպրոցը մտե՞լ է ծրագրում, թե՞ ոչ․ մինչև 2026 թվականը 300 դպրոցի շինարարություն պիտի կատարվի»,-ասում է տնօրենը։
Նրա հաշվարկով, միայն դրենաժային ջրահեռացման համակարգ տեղադրելու համար 20 միլիոն դրամ է անհրաժեշտ, 15-20 միլիոն դրամ էլ՝ ներքին հարդարման աշխատանքների համար։ Սա, ըստ տնօրենի, ահռելի գումար է, նորը կառուցելն ավելի հեշտ կլինի, քան վերանորոգելը։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից մեզ փոխանցեցին, որ Սարալանջի դպրոցն այս պահին ընդգրկված չէ դպրոցաշինական որևէ ծրագրում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ