«Շատ թեժ շաբաթներ անցկացրինք, ունեցանք մեծածավալ համերգներ: Վաղը «Հայա» փառատոնի երրորդ համերգն է, մեր հյուրերը գիշերն են ժամանել: Այստեղ են Led Zeppelin Symphonic նախագծի 4 մենակատարները»,-ասաց «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:
«Հայա» փառատոնի շրջանակում հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում կներկայացվի Led Zeppelin Symphonic նախագիծը՝ London West End ռոք խմբի մասնակցությամբ: Երգիչներն են Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը և Փիթեր Էլդրիջ Բայոգը:
«Մենք շատ ոգեւորված ենք Հայաստանում լինելու եւ լեգենդար խմբի երգերը ձեզ ներկայացնելու համար: Անհամբեր սպասում ենք երեկոն առանձնահատուկ դարձնելու համար»,-ասաց խմբի անդամներից մեկը:
Կարդացեք նաև
«Շատ յուրահատուկ ձեւ է այդ լեգենդար Led Zeppelin-ի երգերը սիմֆոնիկ նվագախմբով ներկայացնելը: Պատկերացնում եմ, թե որքան գեղեցիկ է դա լինելու այս գեղեցիկ երկրում, չքնաղ պատկերների մեջ»,-ասաց նախագծի մյուս մենակատարը:
Ռոք երգչուհի Մոլին էլ նշեց, որ մյուսների նման ինքը եւս առաջին անգամ է Հայաստանում ու ջերմ կանխազգացումներ ունի. «Հայաստանն առաջին արեւելյան կետն է ինձ համար, որ երբեւէ այցելել եմ: Շատ ոգեւորված եմ, մարզադաշտի նկարները տեսել ենք, ամեն ինչ շատ գեղեցիկ է»: Երգչուհին հավելեց, որ Հայաստանի մասին շատ բան չգիտի. «Ամուսինս Թեհրանից է, նրա միջոցով որոշ տեղեկություններ եմ ստացել»:
Նվագախմբի դիրիժորը նշեց, որ երբ երեք տարի առաջ պատրաստում էին QUEEN ծրագիրը, այն բավականին հաջող անցավ, դրա համար էլ ստանձնեցին լեգենդար խմբի երգերը նորովի ներկայացնելու առաքելությունը. «Խոստովանում եմ, որ ինձ համար էլ շատ բացահայտումներ են եղել, բոլորիս թվում է, թե այդ երաժշտությունը գիտենք, երգերը գիտենք, բայց այդպես չէ, եթե ռոք համույթը հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ, նոր շերտեր են բացվում, ինչը ոգեւորող է եւ գայթակղիչ: Այն կիրքը, որ երաժշտության մեջ զգում ենք, ուզում ենք փոխանցել հանդիսատեսին…Այնքան հզորություն, շարժում եւ փայլ կա այդ երաժշտության մեջ, որ բառերով դժվար է փոխանցելը, մենք գերված ենք այդ ամենով»:
Նա ասաց, որ նախագիծը առանձնահատկություն ունի. «Մարդիկ տեսնելով, որ սիմֆոնիկ նվագախումբ է մասնակցում, չպետք է շփոթեն, թե կլասիկ փոխադրումներ են հնչելու: Դուք լսում եք նույն երգերը, ուղղակի նվագախումբն ավելի հարստացնում եւ գեղեցկացնում է ծրագիրը»:
Մոլին ժպտալով ասաց, որ իր մայրը ժամանակին ուղղակի սիրահարված էր Ռոբերտ Փլանթին, եւ նրա երաժշտության հանդեպ սերը իրեն է փոխանցվել, իրենից էլ՝ իր դստերը: «Եթե ռոքի հետ կապ ունեք, չեք կարող Led Zeppelin-ի հետ կապ չունենալ»,-ընդգծեց նա:
Մենակատարներից մեկն էլ՝ Ջեսսի Սմիթն ասաց, որ երազում է «Բիթլզի» երաժշտությամբ նոր նախագծի մասին: Իսկ մյուսը հավելեց, որ պարտավորություն է վերականգնել 1960-70-ականների ռոք ավանդույթը եւ փոխանցել նոր սերունդներին:
Հավելենք, որ Led Zeppelin Symphonic-ը բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են մենակատարները՝ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ