Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը hուլիսի 8-ին Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ: «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում նրա նախագիծը ժյուրիի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը։
Վարչապետի տիկնոջը դիմավորել և իր տուն է ուղեկցել Արտյոմը, ներկայացրել գյուտը: 11-րդ դասարանի աշակերտը համակարգչի հովացուցիչի միջոցով ինքնաշեն համակարգ է ստեղծել, որով պլաստմասե տարրաները վերածում է հեղուկ վառելիքի: Յուրաքանչյուր շշից 75% հեղուկ վառելիք է ստանում, 25%՝ խեժ, որը հեշտությամբ քայքայվում է հողում: Արտյոմը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հայտնել է, որ իր ստեղծած վառելիքն ունի «Սյունիքօիլ» անվանումը:
Աննա Հակոբյանը Արտյոմից հետաքրքրվել է, թե երբ կտեղայնացվի գյուտը, տղան նշել է, որ այն դեռ պետք է վերջնական տեսքի բերվի: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է՝ այդ հարցում սպասում են աշակերտի պատասխանին:
Համահայկական գիտության փառատոնում 1-ին հորիզոնականը զբաղեցնելուց հետո Արտյոմը մասնակցել է նաև ԱՄՆ-ի Գիտատեխնիկական փառատոնին: Այժմ սպասում է արդյունքների ամփոփմանը:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում վարչապետի տիկինը հետաքրքրվել է Արտյոմի ուսմամբ, ընտանիքի անդամների զբաղվածությամբ: ՀՀ վարչապետի տիկինը կառավարության կողմից համակարգիչ է նվիրել փոքրիկ գյուտարարին։ Աննա Հակոբյանը նշել է, որ պետք է աջակցել Արտյոմին և մյուս երեխաներին, որպեսզի նրանց գյուտերը կյանքի կոչվեն ի նպաստ Հայաստանի և ամբողջ աշխարհի։ Երեխայի գիտական նվաճումների համար ՀՀ վարչապետի տիկինը շնորհակալություն է հայտնել նրա մայրիկին և տատիկին, խոստացել հաջորդ անգամ նրանց այցելության գալ իր երեխաների հետ և անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան նաև Արտյոմի մյուս գաղափարները:
Այցի ավարտին Աննա Հակոբյանը հանդիպել է Կապանի բնակիչների հետ, լուսանկարվել և զրուցել նրանց հետ: