«Այս նոր նախաձեռնությունը, որը մենք սկսել ենք, բերելու է հաջողության: Դա ոչ միայն մեր երազանքն է, այլեւ մեր պահանջն է, քանի որ 21-րդ դարում առանց համագործակցության, առանց միասնականության՝ հնարավոր չէ առաջ շարժվել»,-ասում է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա վստահ է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության շնորհիվ հնարավորություն են ունենալու աշխատել միասնաբար, նոր լուծումների ճանապարհներ քննարկել, արդյունավետ լուծումներ գտնել եւ փոփոխություններ իրականացնել:
Ռուբեն Վարդանյանը մասնակցում էր «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկմանը:
Ասում է՝ իր համար կարեւոր է, որ աշխարհում եւ ընդհանրապես վերականգնվի հայի նկատմամբ հարգանքը, որը եղել է մեր պատմության ընթացքում եւ հային ոչ թե որպես լավ առեւտուր անող ճանաչեն, այլ՝ որպես կրթված ազգի ներկայացուցիչ, որպեսզի հայը դառնա օրինակ եւ մոդել բոլորի համար:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանի համոզմամբ, երկրորդ կարեւոր խնդիրը՝ պետք է դուրս գալ զոհի գաղափարից. «Մեր պատասխանատվությունն է, որ մենք հաղթող ժողովուրդ ենք, ոչ թե պարտություն կրող: Արցախը նաեւ կարեւոր էր նրանով, որ մենք հաղթել ենք: Ճիշտ է, շատ զոհեր ենք տվել, բայց հաղթել ենք եւ այդ զգացողությունը, որ հաղթել ենք, այլ ոչ թե զոհ ենք եւ պահանջում ենք ուրիշներից օգնություն, դա շատ կարեւոր է: Այդ հաղթանակի համն ու հոտը պետք է լինի մեր արյան մեջ, որ մենք պարտավոր ենք հաղթել, ոչ թե պարտվել»:
Նրա խոսքով, բոլորս ունենք պատասխանատվություն մեր զոհված տղաների առջեւ. «Անցյալը նայելով, հիշելով մենք ունենք մեծ պատասխանատվություն եկող սերնդի հանդեպ: Մենք պետք է այս 21-րդ դարում դառնանք հաջողված ազգի օրինակ, որը օգնում եւ աջակցում է ուրիշ ազգերի եւ ներդրումներ անելով՝ բարգավաճում է ամբողջ աշխարհը եւ ոչ միայն մեր երկիրը»:
Ըստ Ռուբեն Վարդանյանի, հաջողության հասնելու համար պետք է կարողանանք օգտագործել մեր ամենաուժեղ կողմերը. «Մենք ունենք Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում ապրող փայլուն մարդիկ, որոնք պետք է զգան, որ միասին կարող ենք փոխել մեր ապագան: Այսօր ամբողջ աշխարհում հաջողության միակ ճանապարհը միասին աշխատելու, համագործակցելու մոդելն է, եւ մենք էլ պետք է գիտակցենք, որ առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համագործակցությունն է բոլոր օղակների հետ»:
Ռուբեն Վարդանյանի համոզմամբ, բոլորը ապագայի հանդեպ պետք է միայն լավատես լինեն եւ հասկանան, որ այսօր միակ ճիշտ տարբերակն է ոչ թե հետ նայելն, այլ՝ առաջ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ