«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։
–Պարոն Օհանջանյան, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը ղարաբաղյան հակամարտության թեմայով իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Կովկասում ղարաբաղյան խնդրից հետո բոլոր երկրները պետք է համախմբվեն։ Նա ասել է, որ նման կոչ են արել նաև Հայաստանին։ Արդյոք ղարաբաղյան խնդիրը լուծվա՞ծ է և ինչքանով է հնարավոր այդ համախմբումը։
–Միանշանակ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գլխավորած ագրեսորների կոալիցիայի ռազմական հաղթանակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ 2020 թվականի պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք առաջնորդների հայտարարության ստորագրմամբ, չլուծեց խնդիրը, ինչպես դա կցանկանային ներկայացնել Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կայանում է նրանում, որ այդ երկրները չեն ցանկանում ընդունել և հարգել մեր ժողովրդի ընտրությունը՝ ապրելու իրենց ձևով և հայեցողությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ինչ վերաբերում է նախկին առճակատման տարածաշրջանում բարեկամական հարաբերություններ հաստատելու թուրքական ղեկավարության ցանկությանը, ապա կարծում եմ, որ մենք պետք է սովորենք ապրել բարիդրացիության մեջ՝ չմոռանալով գլխավորը՝ վերականգնելով ոտնահարված ազգային արժանապատվությունը, որն արտահայտված է մեր իրավունքում։Միևնույն ժամանակ անհնար է ապրել և զարգանալ՝ ունենալով հարևանների հանդեպ ատելության։ Բայց նորմալ հարաբերություններ, կրկնում եմ, չպետք է կառուցվեն ազգային շահերը փոխարինելու դիմաց։
-Նրա խոսքով՝ լեզվական, կրոնական ու ռասայական տարակարծությունները մեզ ոչ թե բաժանող, այլ միավորող հատկանիշներ պետք է լինեն։ Արդյոք դա իրատեսական եք համարում՝ հաշվի առնելով թե՛ ցեղասպանության չճանաչված լինելու հանգամանքը և թե՛ արցախյան պատերազմում մեր կորուստները։
Կարդացեք նաև
–Ես կարծում եմ, որ մենք պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Աշխարհում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացված ապրել հնարավոր չէ։ Անհնար է չնկատել մեր հարևաններին, ովքեր մեր հանդեպ բարիդրացիական տրամադրվածություն չունեն։ Պատերազմից հետո մենք ուժասպառ ենք և մոտ ապագայում չենք կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել ենք։ Անհրաժեշտ է երկխոսություն սկսել մեր երկրների հասարակությունների բոլոր մակարդակներում։ Ի վերջո, բարիդրացիական հարաբերություններ ունենալը չի նշանակում դավաճանություն ազգային շահերին։ Ընդհակառակը, երկխոսության, նորմալ հարաբերությունների հաստատման մեջ կա մեկ այլ կողմ, որը թույլ կտա, որ Թուրքիայում և Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ հասկանան մեր ժողովրդի ողբերգությունը։ Ի վերջո, քանի՞ մեծ թուրքեր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը հենց պատմությանը ծանոթանալով։ Գերմանիայի և Շվեդիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հնարավոր չէր լինի առանց այդ երկրներում ծագումով թուրք պատգամավորների ակտիվ աջակցության։ Խաղաղապահության ոլորտում իմ աշխատանքի փորձից ես հանդիպեցի նաև փաստերի, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդների ներկայացուցիչները սկսեցին հասկանալ մեր խնդիրը և դադարեցին ագրեսիա արտահայտել… Մի խոսքով, պետք է խոսել և չվախենալ հարաբերությունների նորմալացումից։ Բայց սա ոչ մի կերպ չպետք է փոխարինի ազգային հիմնական օրակարգին։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: