Արցախցիներն այսօր բողոքի ցույց են անում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Ցույցի մասնակից արցախցիները դժգոհ են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի վերաբերմունքից եւ անտարբերությունից։
«Եկել ենք այստեղ եւ պահանջում ենք, որ ՄԱԿ-ը չդրսեւորի երկակի ստանդարտներ, երբ ինչ-որ մի ուրիշ տեղ հակամարտություն է գնում՝ իրենք իսկույն միջամտում են, բայց այս պարագայում ասում են՝ դուք չճանաչված երկիր եք, ու չեն միջամտում»,-լրագրողների հետ զրույցում ասում է շուշեցի Աշոտ Հարությունյանը։ Նա նկատում է՝ ի՞նչ կապ ունի, որ Արցախը չճանաչված երկիր է, մարդու իրավունքներ կան, ՄԱԿ-ը դրա ջատագովներից է եւ մարդու իրավունքները բոլորի համար են՝ անկախ նրանից՝ երկիրը ճանաչվա՞ծ է, թե՞ չճանաչված։
«Նաեւ պահանջում ենք, որ Արցախի ճանաչման հարցը իրենց մակարդակով բարձրացվի։ Արցախը անկախ հանրապետություն է, դա պետք է ՄԱԿ-ն ընդունի որպես առաջին փուլ՝ մեր հետագա առաջխաղացման համար։ Հետագան էլ ոչ միայն Արցախն է, այլ ընդհանուր Մեծ Հայքի տարածքներն այդ ճանապարհով պետք է անշուշտ հետ բերենք»,-ասում է Հարությունյանը։
Ցույցի մասնակիցները սպասում են, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները կընդունեն, որպեսզի իրենց խնդիրները հնչեցնեն եւ հասկանան՝ ինչ աջակցություն կարող են տրամադրել։
Կարդացեք նաև
Հարությունյանը հիշեցնում է, որ հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանին, ասում է՝ հետաքրքիր հանդիպում էր, իրենց լսեցին, գրի առան պահանջները։
«Մեր հիմնական պահանջը փախստականի կարգավիճակ ստանալն է։ Դա կապված է եռակողմ հայտարարության հետ, որտեղ նշվում է փախստականների վերադարձի մասին։ Մենք այս մասին չէինք բարձրաձայնի, եթե Ալիեւը չասեր, որ Շուշի պիտի վերադառնան փախստականները։ Հիմա հարց՝ եթե մենք չենք ստանում այդ կարգավիճակը, կարո՞ղ է հնարավոր տարբերակ լինի, որ ռուսական իշխանությունները ստիպեն, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Շուշիից ու քաղաքը լինի խաղաղապահների հսկողության տակ՝ ինչպես Կիպրոսի տարբերակն է։ Եթե այդ տարբերակով լինի՝ ադրբեջանցի շուշեցիները կվերադառնան, հայերը չեն կարող վերադառնալ, որովհետեւ չունեն կարգավիճակ, նույնը՝ Հադրութի եւ մյուս շրջաններին է վերաբերում»,-ասում է Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ՄԻՊ-ում բարձրացրել են նաեւ իրենց աշխատանքի տեղավորման եւ բնակարանային խնդիրները։ Նրանցից մի մասն ուզում է վերադառնալ Ստեփանակերտ, սակայն ինչպես Հարությունյանն է ասում, հույս չկա, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի․«Մենք գնում ենք Ստեփանակերտ, տեսնում, թե ինչպես է ընթանում շինարարությունը, չենք ակնկալում, որ մինչեւ տարեվերջ կստանանք բնակարան, որովհետև կան առաջնահերթություններ, ինչը նաեւ ՄԻՊ-ին ասացինք, նրանք էլ համաձայնեցին։ Դե առաջին հերթին բնակարանով պետք է ապահովեն զոհվածների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցողներին, զինվորականներին, բազմազավակ ընտանիքներին, որից հետո նաեւ կարող է խոսք գնալ մեր մասին։ Դե տեսեք, թե ինչքան պետք է սպասենք»։
Ցույցի մեկ այլ մասնակից էլ՝ Արթուր Ստեփանյանն էլ ասում է՝ երկու տարի է պայքարում են, որ իրենց փախստականի կարգավիճակ տան, սակայն կառավարությունը չի արձագանքում․ «Մենք փաստացի փախստականներ ենք, այն էլ փախել ենք ցեղասպանությունից։ Բայց չեն տալիս կարգավիճակ։ Հայաստանի կառավարությունն այսօր մեր հարցերով չի զբաղվում, ասում են՝ Արցախի կառավարությունը պիտի զբաղվի, ասում են՝ Արցախի բյուջեն ավելացրել ենք, իրենք պետք է զբաղվեն։ Արցախում էլ նոր ծրագիր են մշակում՝ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ։ Բայց թե՝ ում հետ են գնացել պայմանավորվել, որ մեզ տեղահանեն, չգիտեմ, ու ի՞նչ պայմաններով ենք ապրում, իրենց չի հետաքրքրում»։
Աշոտ Հարությունյանը նաեւ հավելում է՝ արցախցիների մեծ արտահոսք կա, երկու տարի է՝ համոզում են, խնդրում են չգնալ, չեն թողել գնալ, կարծելով, թե իրենց հարցերը շուտով կլուծվեն, բայց շատերը հուսահատվել են․ «Ցույցերին էլ քիչ մարդ է մասնակցում, մարդիկ չեն վստահում կառավարությանն ու ՄԱԿ-ին»։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն էլ էր մասնակցում ցույցին։ Նա լրագրողների հետ զրույցում ասում է, որ հանցավոր սխալ է թույլ տրվել, երբ ժամանակին Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ադրբեջանահայ փախստականներին ՀՀ անձնագրեր են բաժանել՝ դրա համար չստեղծելով սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական հենք․ «Զրկել են այդ մարդկանց իրենց օրինական իրավունքներից՝ իրենց նախկին բնակավայր վերադառնալուց եւ միջազգային կառույցի աջակցությունից օգտվելու իրավունքից։ Կոչ եմ անում բաժանել ԼՂ հանրապետության ազգային անձնագրեր ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին հայ քաղաքացիներին, որպեսզի ադրբեջանահայությունը, հադրութցիները հավակնեն փախստականի կարգավիճակին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ