«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը
Բանկերից մեկում այսօր փոխարժեքների այսպիսի հաջորդականության հանդիպեցի. դոլար՝ 407-427 (մարժա՝ 5%), եվրո՝ 411-449 (մարժա՝ 9.2%), ռուբլի՝ 5.4-7 (մարժա՝ 30%)։ Գյուղացին կամ արդյունաբերական բանվորը մի ամբողջ տարի իրենց ճղում են 10 կամ 5 տոկոս շահութաբերություն ունենալու համար, իսկ այստեղ վայրկենական՝ 10-30%։ Նկատենք, որ այդ մարժան մոնղոլական տուղրիկների նկատմամբ չէ, այլ ՀՀ հիմնական առևտրատնտեսական գործընկերների (ՌԴ, ԵՄ) արժույթների նկատմամբ։
ՀՀ ԿԲ-ն ունի բոլոր գործիքները նման բան թույլ չտալու համար։ Բայց «զբաղված» է անգործությամբ։ Բա արժևորո՞ւմը։ Դեռևս մարտի սկզբին ասել էինք դրա վտանգի մասին։ Ի՞նչ արեցին։ Ոչինչ։
Դրամի արժևորման արդյունքում տնտեսության իրական հատվածը կաթվածահար է։ ԿԲ նախագահը կմկմալով ինչ-որ բաներ էր բացատրում արժևորման հետ կապված. իբրև թե գնաճի ճնշում կա, այդ իսկ պատճառով ԿԲ-ն դոլար չի գնում շուկայում։
Կարդացեք նաև
Լսում ես ու զարմանում, այդ մարդը ժամանակակից որևէ տեսություն կարդացած կ՞ա, երբ գնաճը չեզոքացվում է առանց ազգային արժույթի արժևորման։ Հիմա էլ հուլիսի 1-ից գործում է անկանխիկ գործառնությունների մասին մի անհեթեթ օրենք։
Նորից բանկերի փողը պակասել է և հավանաբար որոշել են մեր հաշվին դրանց չաղացնել։ Ո՞վ կարող է ասել, թե այդ օրենքը ի՞նչ կապ ունի ստվերի հետ։ Ոչ մի։
Ոչինչ մի արեք էլի. հավատացե՛ք, տնտեսությունն առանց ձեր օրենքների ավելի լավ կարող է զարգանալ։ Թե չէ՝ անընդհատ «ռեֆորմներ» եք անում, տնտեսությունն «աճում» է, բայց արի ու տես, որ մեր բոլոր հարևաններից ավելի ու ավելի ենք հետ ընկնում։