Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ ըստ էության հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն եւ Սուսը։ Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանն ի պաշտոնե մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է ճանապարհի հարցը։ Ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տարընթերցումների խնդիր կա․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է նախագծվի այն երթուղու նախագիծը, որը պետք է անցնի Լաչինի միջանցքով, ռուսերեն տարբերակում հստակ գրված է «պո լաչինսկոմու կորիդորու», հայերեն տարբերակում թարգմանված է Լաչինի միջանցքի երկայնքով։
Առաջին հայացքից գուցե թվա, թե հոմանիշների գործածություն է, բայց «երկայնքով» բառը նույն հայտարարության մեջ գործածվում է, երբ ասվում է, որ հակամարտող կողմերը կանգ են առնում, եւ այդ կողմերի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժերը։ Այսինքն՝ եթե այդ հայտարարությունը կազմելիս նշածս 2 բառերը տարբերություն չունենային, չէին օգտագործի տարբեր հանգամանքներում։ Հիմա մենք ասում ենք՝ այ ձեր ցավը տանեմ, Լաչինի միջանցքը միայն այդ ճանապարհը չէ, դա 5 կիլոմետր լայնություն եւ իրավական կարգավիճակ ունեցող ճանապարհ է, որի միջով պետք է անցներ երթուղին։ Եթե այդպես լիներ, Բերձորի հարցը չէր առաջանա»: Հակոբյանն ասաց, որ ԱԽ նիստում իրենք արտահայտել են իրենց տեսակետը, սակայն ձայնի իրավունք չեն ունեցել, նիստին ներկա են եղել հրավիրյալի կարգավիճակում, իրենց պարզաբանել են, որ ընտրված տարբերակը լավագույնն է։ Մինչդեռ, ընդդիմադիր գործչի կարծիքով, նման փոփոխությունը ձեռնտու է Ադրբեջանին․ «Սա ադրբեջանական օպերացիա է, որին տրվել է հայկական կողմը, որովհետեւ այդ պարագայում նույն հայտարարությամբ ամրագրված «միջանցք» հասկացությունն այլեւս դադարում է գործելուց»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: