Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենուրեք թեւածում է անարդարությունը

Հուլիս 08,2022 14:30

Այն, ինչի մասին խոսելու ենք սույն հոդվածում, որոշակիորեն գոյություն ունի նաեւ ամբողջ աշխարհում, սակայն մենք կխոսենք հայաստանյան իրավիճակի մասին, քանզի մեր երկիրն այսօր բոլոր իմաստներով գտնվում է սարսափելի վիճակում, վտանգված է Հայաստանի պետականությունը եւ ընդհանրապես Հայաստան պետության լինել-չլինելու հարցը: Արդարությունն օրենքի հստակ, անկողմնակալ գործունեության արդյունք է, այնպես որ, եթե խախտվում է այն, ապա գլուխ է բարձրացնում անարդարությունը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում գործո՞ւմ է օրենքը: Իհարկե՝ ոչ, հետեւաբար, ամենուրեք թեւածում է անարդարությունը: Փորձում եմ գտնել գեթ մի բնագավառ, որտեղ քիչ թե շատ գործում է օրենքը, սակայն չեմ գտնում: «Օրենքի առջեւ բոլորը հավասար են» եզրույթն ընդամենը դատարկ բառակապակցություն է: Ցավոք, մարդիկ այնքան ագահ ու չար են, որ չեն մտածում. լավ, երկիրը վատն է, օրենքները չեն աշխատում ու մենք կարող ենք աջ ու ձախ թալանել, բայց չէ՞ որ բոլորն էլ մեր նման մարդ են, ինչո՞ւ ենք ամեն ինչ վերցնում մեզ, նրանց ոչինչ չենք թողնում, ի՞նչ է, մենք նրանցից արտոնյա՞լ ենք ու հավե՞րժ ենք ապրելու: Ի՞նչ է, դա՞ է հավերժության բանաձեւը:

Կան հազարավոր ընտանիքներ, ովքեր չեն կարողանում անգամ կոմունալ վարձերը վճարել, իսկ հազարավոր մարդիկ, ովքեր հարստացել են այդ ընտանիքների հաշվին, այնքան անհաշվելի ֆինանսական հոսքեր են ստանում, որ չեն կարողանում դրանք կառավարել ու գալիս է մի պահ, որ այդ հոսքերը նրանց առնում է իրենց գիրկը, խաթարում անդորրը… Այլ խոսքով, նման պարագայում անգամ գերադասում են մեռնելը, քան իրենց թալանից երկու կոպեկ վճարել այդ անվճարունակներին, որոնց սնանկացրել են հենց իրենք:

Այս ամենի համար մեծ խելք պետք չէ, ընդամենը հավատք է պետք Տիրոջ նկատմամբ, որը մեզ կհուշի, որ բոլոր մարդիկ հավասար են եւ նրանք բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են ու պետք է իրար նկատմամբ արդար լինենք եւ մենք ուրիշների համեմատ որեւէ առավելություն չունենք: Պարզվում է՝ հայը բնավ այդպիսին չէ եւ նա առաջնորդվում է հայտնի պատմվածքի՝ «Ինչի ձեռք տամ, ոսկի դառնա» հերոսի սկզբունքով, որն էլ հայտնի է, թե ինչով է ավարտվում: Բերեմ մի օրինակ միայն. աղքատ, անտուն հայը վարձով տուն է փնտրում, իսկ այդ տները վարձով են տալիս այն թալանչի հարուստները, ովքեր թալանել են հենց այդ նույն՝ անտուն մնացած մարդկանց եւ գինը առաջարկելիս նրանք անամոթաբար թիվ են բարձրաձայնում եւ մեկ լումա չեն իջնում իրենց առաջարկած գնից, հերն անիծած, թե այդ գինը իրենց համար փոշու հատիկ է, իրենց համար ոչինչ չորոշող, սակայն տուն վարձողի համար ամեն լուման որոշիչ է եւ արդյունքում նրանք մեկ դրամ անգամ չեն իջնում այդ գնից, եթե նույնիսկ վարձակալը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հայր է ու նրա սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է: Սրանով ամեն ինչ ասված է այդ թալանչիների բնութագրի համար: Մարդի՛կ, զգոնացեք:

Այն կողմնապահությունն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վեր է մարդկային երեւակայության սահմաններից, որը եթե ուրիշ ոչ մի բան, ապա գոնե հայ մարդուն մղելու է լքել երկիրը, այն էլ այն պարագայում, երբ երկիրը ձեռից տանում են եւ ամեն հայ մարդու մնալն ու երկիրը պաշտպանելը փրկության խնդիր է: Փաստորեն, Հայաստանի համարյա ողջ աշխատող հատվածն աշխատում է, որպեսզի բարիքները վայելեն մի քանի հազար հոգի եւ այսպես շարունակվելու դեպքում, մարդիկ պարտադրաբար լքելու են երկիրը, հարուստները եւս գնալու են ամերիկաներ ու եվրոպաներ, դատարկելով երկիրը, որն առանց այն էլ բնավ պաշտպանված չէ ու հանգիստ կերպով իրականացնելու ենք թուրքերի վաղեմի երազանքը. նրանք հանգիստ վերցնելու եւ տեր են կանգնելու Հայաստանին ու հայը, Հայաստանը պատմության մեջ մնալու են լոկ որպես հիշողություն:

Մեր վերքերը խորն են, ցավերը շատ եւ եթե այսքանից հետո մի վերջին ճիգով մեր միջից չհանենք ագահության սինդրոմը եւ չբռունցքվենք ու փորձենք դիմակայել թուրքին, ապա ուղղակիորեն կորցնելու ենք եւ Արցախը, եւ Հայաստանը ու իսպառ վերանալու ենք աշխարհի երեսից: Մի՞թե սրա համար են մաքառել, տառապել ու իրենց կյանքը զոհել մեր պապերը, որպեսզի այսպիսի վախճան ունենանք:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
07.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031