Ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը` համաշխարհային գործընթացների եւ Մանսուրյանի Ռեքվիեմի մասին
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նախօրեին հանդիպեցինք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, որը ներկա էր հուլիսի 8-ին կայանալիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հերթական համերգային ծրագրում տեղ գտած իր Ռեքվիեմի գլխավոր փորձին։ Դիրիժորական վահանակի մոտ էր գերմանացի ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը, մեներգիչները՝ սոպրանո Մերի Մովսիսյանը եւ բարիտոն Ակսել Դավեյանը։ Մինչ փորձի սկսվելը կոմպոզիտորից հետաքրքրվեցինք Ռեքվիեմի կատարման «աշխարհագրությամբ»։
Տիգրան Մանսուրյան հիշեցրեց, որ հայաստանյան պրեմիերան 2013թ. ապրիլի 24-ին էր, իսկ համաշխարհայինը՝ 2011թ., Մյունխենում՝ տեղի կամերային նվագախմբի, RIAS կամերային երգչախմբի, մեներգիչներ Անյա Պետերսոնի եւ Էնդրյու Ռեդմոնդի մեկնաբանմամբ. «Այնուհետեւ Ռեքվիեմը նույն կազմով ձայնագրվեց Բեռլինի Jesus-Christus-Kirche Dahlem եկեղեցում, իսկ ժամանակ անց ECM Records հեղինակավոր ձայնագրման ստուդիայի թողարկած ձայնագրությունը նոմինացվեց Grammy մրցանակի։ Եթե չեմ սխալվում, դա 2018-ին էր, որից հետո այս ստեղծագործությունը հաղթող ճանաչվեց ICMA մրցանակաբաշխության «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում։ Ինչ վերաբերում է նրան, թե ստեղծագործությունը որ երկրներում է հնչել, Մյունխենից հետո, դարձյալ մաեստրո Լիբրայխի ղեկավարությամբ, հնչեց գերմանական եւս հինգ քաղաքում, հետո արդեն Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռուսաստանի ու Մերձբալթյան երկրների քաղաքներում։ Իսկ երեւանյան պրեմիերայից հետո մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ հնչել է Գյումրիում։ Չմոռանամ հիշեցնել ամենակարեւորը՝ այս երկը գրելու առաջարկը ստացել եմ Մյունխենի կամերային նվագախմբի եւ Բեռլինի RIAS երգչախմբի կողմից»։
Հետաքրքրությանը, թե մինչեւ այս Ռեքվիեմի առաջարկը սկսել, բայց չի ավարտել տարբեր ռեքվիեմներ, կոմպոզիտորը հաստատեց ասվածն ու ավելացրեց. «Պարզ է, որ այս ստեղծագործությունը նվիրել եմ Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ցեղասպանություն, որն անմիջականորեն առնչվում է նաեւ իմ ընտանիքի անդամներին։ Գրելիս բախվել եմ մի խնդրի, որի լուծումը ժամանակ ու ջանք է պահանջել։ Այո, մինչ այս Ռեքվիեմը սկսել ու մի կողմ եմ դրել երեք տարբեր ռեքվիեմներ։ Խոսքս վերաբերում է շուրջ տասը տարիների աշխատանքիս։ Խնդրի էությունը հայ եկեղեցու եւ, օրինակ, կաթոլիկ եկեղեցու միջեւ երաժշտական շարադրման, երգեցողական ընթերցման որոշ տարբերությունների գոյությունն է։ Երկար ժամանակ առանց անկախ պետականության գոյատեւած ազգի ներկայացուցիչ հավատացյալի հոգեբանությունը էապես տարբերվում է այն հավատացյալի հոգեբանությունից, ում թիկունքին դարավոր անկախ հզոր պետություն է կանգնած։ Բացի դրանից, ես դեմ էի թատերական սկզբունքների խնդրին, որոնք դարերի ընթացքում եվրոպական այս ժանրի երաժշտության տիրույթում զարգացում էին ապրել։ Որոշեցի զերծ մնալ թատերական խնդիրներից, այդպիսով ինձ համար պարզ դարձավ, որ իմ Ռեքվիեմի երգիչները պետք է ունենային մեր հնագույն մանրանկարչության մեջ պատկերված կերպարների հոգեբանությունն ու ընդհանուր նկարագիրը։ Համոզված եմ՝ գիտեք, որ Ռեքվիեմի հիմքում լատիներեն կանոնական տեքստն է եւ հուսով եմ, որ հայ հնագույն հոգեւոր ու աշխարհիկ երաժշտության եւ լատիներեն տեքստի համակցումը ծնել է անսպասելի մի բան»։
Կարդացեք նաև
Փորձի ընդմիջմանը դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխից, որը հիշյալ ստեղծագործությունը առաջին անգամ է հնչեցնում կոմպոզիտորի հայրենիքում, կարծիք խնդրեցինք Մանսուրյանի այս գործի մասին։ «Վերջին տարիներին ինձ պատվիրված գործերից ամենահաջողված ստեղծագործությունն է։ Դրա մասին տարբեր առիթներով բարձրաձայնել եմ նաեւ այլ երկրներում։ Տեսնում ենք՝ այսօր ինչ է տիրում աշխարհում, իսկ Ռեքվիեմը համամարդկային արժեք է, այո, արժեք։ Եվ, ցավոք, Ռեքվիեմ հնչեցնելը այսօր համահունչ է աշխարհում տիրող վիճակին ավելի, քան երբեւէ… Հյուրախաղերիս ընթացքում հանդիպում եմ տարբեր ազգերի, հատկապես վերջին շրջանում բոլորին մի միտք է տանջում՝ ի՞նչ է լինելու աշխարհի հետ։ Աշխարհը կարծես բաժանել են սեւի ու սպիտակի, ինչո՞ւ, ինչի՞ համար»,-ասաց դիրիժորը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Տիգրան Մանսուրյանը եւ Ալեքսանդր Լիբրայխը։
«Առավոտ» օրաթերթ
07.07.2022