Լրահոս
Օրվա լրահոսը

73-ամյա թոշակառուն չի կարողանում իրավունքի գրանցում կատարել

Հուլիս 08,2022 15:00

«Առավոտի» խմբագրություն դիմած 73-ամյա Սիրուն Միսակյանը հայտնեց, որ 2021թ. նոյեմբերի 9-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԱՎԴ 1/2286/02/19 վճռով ճանաչել է իր սեփականության իրավունքը Վեդի քաղաքի, Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, սակայն ութ ամիս անց չի կարողանում իրավունքի գրանցում կատարել, քանի որ վերաքննության ու վճռաբեկության բողոքարկման ընթացակարգը տեղի է ունենում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սահմանված ժամկետների խախտմամբ, ինչպես նաեւ, իր իրավունքի գրանցումը խոչընդոտելու նպատակով Վճռաբեկ դատարանը Կարապետ Միսակյանի (Սիրուն Միսակյանի եղբոր-խմբ) բողոքը վերադարձնելու եւ կրկին ներկայացնելու հետին թվով որոշում է կայացրել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին եւ գործին մասնակցող անձանց այն կայացնելու օրվանից երկշաբաթվա ժամկետում:

Ապրիլի 18-ին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացրել: Լուսանկարից երեւում է, որ մայիսի 26-ին որոշումը կողմերին է ուղարկվել սահմանված ժամկետից 25 օր ուշացումով: Վերը նշված ամսաթվերը համադրելով՝ ակնհայտ է դառնում, որ օրենքի սահմաններում ներկայացնելու միտումով ամսաթիվը նշվել է հետին թվով: Ընդ որում, ըստ Սիրուն Միսակյանի, Կարապետ Միսակյանը դեռեւս 2016 թվականին հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը եւ պահանջ է ներկայացրել դատարան՝ խնդրահարույց գույքի նկատմամբ: ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունիսի 5-ի թիվ ԱՎԴ 1/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է, սույն վճռի դեմ Կարապետ Միսակյանի վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները մերժվել են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ: Հետեւաբար, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու բավարար հիմքի առկայության պարագայում Կարապետ Միսակյանի բողոքը վերադարձնելու թերությունները շտկելու եւ կրկին ներկայացնելու Վճռաբեկ դատարանի որոշումը չհիմնավորված է ու անտրամաբանական:

Սիրուն Միսակյանն ասում է, որ դեռեւս Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանի պաշտոնավարման ժամանակ նրա թողտվությամբ տվյալ անշարժ գույքի վրա ապօրինի շինարարություն է արվել եւ 2021թ. նոյեմբերից այլեւս չունենալով համայնքային լծակ իր ստվերային գործարքը վերջնանպատակին հասցնելու՝ փորձում են արդեն իսկ բոլոր ատյաններով մերժված իրավազուրկ Կարապետ Միսակյանի միջոցով այն իրագործել:

Ա -Ըստ թոշակառու կնոջ՝ ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքապետարանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու եւ հետեւանքներ կիրառելու պահանջների մասին գործով դատարանի իրավական գնահատականների. «Դատարանը հարկ է համարում ավելի մանրամասն անդրադառնալ ապացույցների բավարարության հատկանիշին եւ արձանագրել, որ այն գործով հավաքված բոլոր ապացույցների այնպիսի համակցություն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եւ որոշակի եզրահանգում կատարել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ դատավարական օրենսգրքի համաձայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն ապացուցելու պարտականությունից գործին մասնակցող անձինք կարող են ազատվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի պարագայում, այսինքն՝ ընդհանուր կանոնն այն է, որ անկախ նրանից, թե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ առկա է վեճ, թե ոչ՝ այն պետք է ապացուցվի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստը հանդիսանում է հանրահայտ փաստ, գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստ, քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների եւ դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստ…»:

«Առավոտ» օրաթերթ
07.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031