Դիմում եմ երկրի ղեկավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը
2020 թ.-ի պարտությունից հետո յուրաքանչյուրս պարտավոր է վերլուծել իրավիճակը, պարզել պարտության պատճառները: Դրանք, իհարկե, շատ են, բերեմ դրանցից մեկը: 1988 թ.-ին Հայաստանը հզոր էր եւ անպարտելի, ուներ հզոր արդյունաբերություն՝ մոտ 1000 արդյունաբերական ձեռնարկություն, որոնցից 17-ը համամիութենական (փաստորեն՝ համաշխարհային մակարդակի): Սկսած 1990 թ.-ից ոչ բարեկամ ուժերի կողմից սկսվեց արդյունաբերության քայքայումը, 2000-ականներին արդյունաբերությունը համարյա ամբողջությամբ վերացած էր: Հարգելի ընթերցող, ես Պոլիտեխնիկ ինստիտուտի 1967 թ.-ի շրջանավարտ եմ, հավաստում եմ, որ մեր արդյունաբերության հիմքում նստած էին Պոլիտեխնիկի կադրերը, եւ այն ուժերը, որոնք քայքայեցին արդյունաբերությունը, բնական է՝ սկսեցին քայքայել Պոլիտեխնիկը:
Անցյալ տարվա մամուլի էջերում հայտնվեց մի հոդված (հեղինակը Պոլիտեխնիկի առաջատար դասախոսներից մեկն էր), նրա վերնագիրն էր՝ «Ուս. խորհուրդները բուհերի տակ դրված դանդաղ գործունեության ականներ են»:
Հոդվածի հիմնական դրույթներն էին՝
1. Ուս. խորհուրդները չեն ներկայացնում ուսանողական լայն զանգվածներին, նրանք վեր են ածվել ինքնակոչ օրգանների:
2. Ուս. խորհուրդները չեն ներկայացնում ուսանողական սովորող էլիտային:
3. Ուս. խորհուրդների առկայությունը հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքներին:
4. Ուս. խորհուրդները չեն կատարում իրենց հիմնական գործառույթները:
5. Ուս. խորհուրդների ձեւավորման կանոնները եւ գործառույթները պետք է սահմանվեն բուհի կանոնադրությամբ:
6. Ուս. խորհուրդները խոչընդոտում են բուհի մասնագիտական որակի բարձրացմանը:
7. Ուս. խորհուրդները խոչընդոտում են ուսանողական քննությունների օբյեկտիվությանը:
8. Ուս. խորհուրդները դառնում են բուհի վարչական-բյուրոկրատական ապարատի ոչ լեգիտիմ բաղադրիչ եւ բուհն ավարտելուց հետո նրանք գրավում են կարեւոր պաշտոններ, իրենց գործունեության վնասակար ավանդույթները դարձնում են շարունակական տվյալ բուհի կյանքում:
Կարդացեք նաև
Լրիվ համաձայն եմ հեղինակի բերված դրույթներին, հոդվածի վերնագրում բերված փոխաբերական իմաստով ականը իրոք պայթեց Պոլիտեխնիկի գլխին, իսկ կատարվեց հետեւյալը: 2015 թ.-ին ուս. խորհուրդը, օգտվելով իր ձայնի որոշիչ դեր ունենալուց, Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրեց իր ամբողջ կյանքը վարչական կաբինետներում անցկացրած եւ ինժեներական նախագծերում փորձ չունեցող Ոստանիկ Մարուխյանին: Սա էլ իր պաշտոնավարության ավարտից հետո հազար ու մի խախտումներով ռեկտոր անցկացրեց ուս. խորհրդի նախկին նախագահ Գոռ Վարդանյանին: Պետք է նշել, որ ուս. խորհրդի անդամները, փաստորեն, չեն մասնակցել բուհի ուսումնական գործընթացին, նրանց գիտելիքները մնացել են դպրոցական մակարդակի վրա, եւ բուհն «ավարտելուց» հետո մենք ունեցանք դիպլոմավորված դպրոցականներ, իսկ նրանցից ձեռներեցները նույնիսկ ձեռք բերեցին գիտությունների թեկնածուի աստիճան: Նրանցից մեկն էլ Վարդանյան Գոռն է, որը իրեն հովանավորող նախկին ռեկտոր Ո. Մարուխյանի ղեկավարած գիտական աստիճաններ շնորհող խորհրդում իբր թե պաշտպանեց թեկնածուական թեզ: Այնպես որ, մենք այժմ ունենք ոչ միայն դիպլոմավորված դպրոցական, այլեւ գիտությունների թեկնածու դպրոցական: Հենց այս գիտական աստիճանն էլ թույլ տվեց Ո. Մարուխյանին անցկացնել իր հովանավորյալ ուս. խորհրդի նախագահին եւ նրան տեղավորել ռեկտորի աթոռին:
Իհարկե, բուհի առաջատար մասնագետները ընդդիմացան նման ռեկտորի, այսպես կոչված, ընտրություններին՝ այդ պրոցեսը անվանելով խուլիգանություն եւ ներկայումս Երեւանի դատարաններում քննարկվում են գործեր, որտեղ ամբողջովին կասկածի է ենթարկվում այդ այսպես կոչված ռեկտորի այսպես կոչված ընտրությունները: Այդ դատական գործերը սկսվել են սրանից շուրջ մեկ տարի առաջ եւ մինչ այժմ ձգձգվում են: Պետք է ասել, որ անգործ չի մնացել նաեւ Պոլիտեխնիկի նոր ուս. խորհրդական ղեկավարությունը: Պոլիտեխնիկից հեռացվում են առաջատար դասախոսները, ազատվում են գրագետներից։ Վերջերս ռեկտոր Գոռ Վարդանյանի հրամանով աշխատանքից ազատվեց գիտության եւ Պոլիտեխնիկի նվիրյալ Արամ Միքաելյանը, նրա ղեկավարած «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» բազային գիտահետազոտական լաբորատորիան մատնվեց անգործության, իսկ պետբյուջեից հատկացված ֆինանսավորման միջոցները՝ փոշիացման։
Այս հոդվածով ես դիմում եմ երկրի ղեկավարությանը եւ ԿԳՄՍ նախարարությանը: Առաջարկում եմ վերականգնել երկրի միակ տեխնոլոգիական բուհի՝ Պոլիտեխնիկի պետական կառավարումը, սահմանափակել ուս. խորհուրդների գործառույթները (նրանք պետք է զբաղվեն ուսումով եւ ոչ թե բուհի կառավարումով), թարմացնել դասախոսական կազմը մասնագետներով (եւ ոչ թե թղթով գիտնականներով), Պոլիտեխնիկին բեռնել ռազմական-տեխնիկական պատվերներով, որոնք կստեղծեն առողջ մասնագիտական մրցակցություն Պոլիտեխնիկի ղեկավար կազմում: Հիշեք, չլինի Պոլիտեխնիկը, չեն լինի ինժեներական կադրեր, չի լինի ռազմարդյունաբերություն, չի լինի Հայաստան:
ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Պոլիտեխնիկի 1967 թ.-ի
շրջանավարտ, տեխնիկական
գիտությունների դոկտոր, ինժեներ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2022