Հրատարակվել է Արմեն Ասատրյանի «Շուշին 1902թ.» գիրքը, որը հեղինակի տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է: Հեղինակը գրել է, որ հոդվածաշարը առաջին փորձն է բազմակողմանի ներկայացնելու Արցախի հնամենի մայրաքաղաքի 1902թ. պատմական տարեգրությունը: Նա նշում է, որ բնիկ շուշեցի հայերը ապրել են Վերին թաղում, ամեն թաղ ուներ իր եկեղեցին, թեեւ մայր եկեղեցին Ագուլեցոցն էր, սակայն ամենանշանավորը Ղազանչեցոց Ամենափրկիչն է:
«1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, ամբողջ 19-րդ դարի ընթացքում Շուշին բարգավաճել եւ նշանակալից դեր է խաղացել: Այստեղ են կենտրոնացել հասարակական, մշակութային ու հոգեւոր հաստատություններ, ծաղկել են արհեստները, զարգացել առեւտուրը: Շուշիի վաճառականները իրենց ներկայացուցչություններն են ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում: Իսկ Ժամհարյանները, Թառումյանները, Ղուկասյանները, Հախումյանները, Խանդամիրյանները եւ ուրիշները նվիրատվություններով նպաստել են հայրենի քաղաքի բարգավաճմանը, զարկ տվել մշակութային կյանքին:
Շուշիի մշակութային կյանքում որոշակի աշխուժություն է մտել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Թատրոնը, թերթերը, Հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղի հիմնադրումը, վերջինիս գրադարան-ընթերցարանի բացումը իրենց հետ բերել են նոր գաղափարներ ու թարմ հոսանքներ։ Թատերական ներկայացումները («Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» պիեսներ) Շուշիում դրվել են 1860 թ.-ից՝ ինքնագործ սիրողական խմբերի կողմից, Թիֆլիսից Շուշի եկած դերասանների (Սեդրակ Մանդինյան, Գեւորգ Չմշկյան) օգնությամբ։ 1880-ական թթ. ներկայացվել են կենցաղային թեմաներով պիեսներ՝ Ղարաբաղի բարբառով (Տ. Նազարյանի «Ճպատդ քոլադ կտրի», Կ. Մելիք-Շահնազարյանի «Տմբլաչի Խաչան»)։ 1891թ. թատերասեր Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով Շուշիում կառուցվել է թատրոնի համար 350 տեղանոց հատուկ շենք։ Շուշին դառնում է հայ նշանավոր դերասանների (Սիրանույշ, Հովհաննես Աբեղյան, Վահրամ Փափազյան, Արուս Ոսկանյան եւ այլք) հյուրախաղերի ցանկալի վայրը, իսկ նշանավոր Պ. Ադամյանը Շուշիում հանդես է եկել 1881թ.: Խանդամիրյան թատրոնի շենքում հաճախակի են տեղի ունենում երաժշտական երեկոներ։ Ավաղ, այդ գեղեցիկ շենքը հրկիզվեց 1905թ. հայ-թաթարական զինված ընդհարումների ժամանակ, թաթար ավազակախմբի կողմից։
1837թ. Գանձասարից Շուշի է տեղափոխվել Արցախի հոգեւոր թեմը, իսկ հաջորդ տարի թեմի առաջնորդ Բաղդասար մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի ջանքերով բացվել է արցախահայոց Թեմական դպրոցը, որտեղ հետագայում դասավանդել են հայ նշանավոր գիտնականներ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, գրողներ Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը եւ շատ ուրիշներ:
Կարդացեք նաև
1859թ. հիմնվել է գրադարան-ընթերցարանը, հաստատվել է իր կանոնադրությունը։ Իսկ Հայոց Բարեգործական ընկերության Շուշիի մասնաճյուղի գրադարանը բացվել է 1889թ. եւ գործել է ինքնուրույն կանոնադրությամբ։ Սա ստացել է պատկառելի քանակությամբ հայերեն ու ռուսերեն գրականություն ու մամուլ։ Հարուստ գրադարան է ունեցել նաեւ թեմական դպրոցը: 1887 թ. Դադյան եղբայրները բացել են կազմատուն, որին կից գործել են գրատուն ու գրադարան։ Քաղաքում կային մի քանի գրախանութներ։ 1881թ. Շուշիում բացվել է Միրզաջան մահտեսի Հակոբյանի տպարանը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծաթիվ գեղարվեստական ու պատմագիտական գրքեր, դասագրքեր, թերթեր ու ամսագրեր: Ուշադրության արժանի է 1879թ. Շուշիում Տիգրան Նազարյանի բացած հրատարակչական գրասենյակը։ Նա հրատարակել է Ն. Տեր-Ավետիքյանի «Քնար խօսնակը», իր իսկ թարգմանությամբ լույս է ընծայել Հենրիկ Սենկեւիչի «Պոզնանի ուսուցչի օրագրից» պատմվածքը, որն, ի դեպ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, լեհ նշանավոր գրողի՝ հայերեն թարգմանած առաջին ստեղծագործությունն էր։ 1828-1920 թթ. Շուշիում գործել է հինգ տպարան, եւ հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք»։
Արմեն Ասատրյանը նշել է, որ 1874-1920 թթ. Շուշիում լույս է տեսել երկու տասնյակից ավելի անուն թերթ եւ հանդես, որոնցից 3-ը՝ ռուսերեն։ Շուշիում լույս տեսած առաջին պարբերականը «Հայկական աշխարհ»-ն էր:
«Շուշին 1902թ» գիրքը առաջաբանում նաեւ նշում է, որ հոդվածներում արծարծված է Շուշիի առօրյա կյանքը իր ամբողջ բազմազանությամբ, մարդկանց ապրելակերպը, դժվարությունները, մտահոգությունները, ապագա ծրագրերն ու ազգային նկարագիրը: Խոսվում է բազմաթիվ նշանավոր շուշեցիների մասին, ներկայացվում են ոմանց համառոտ կենսագրականը, գործունեությունը եւ այլն: Հանրային սեւեռուն ուշադրության են արժանանում Շուշիի հայկական եկեղեցիները, դպրոցները, Խանդամիրյան թատրոնը, գրադարանները, տպարանը, հիվանդանոցը եւ նույնիսկ քաղաքում առկա մթերքների գները: Նա հավելում է, որ բազմազան տեղեկությունները հավաքվել են այդ թվականին լույս տեսած մի շարք լրագրերից եւ հատկապես Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» եւ «Նոր Դար» օրաթերթերից:
Գրքի խմագիրն է ԼՂՀ կառավարության նախկին անդամ Գարեգին Ղազարյանը: «Հիրավի առավել քան օրապահանջ է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների բաժնի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող, բեղուն հրապարակախոս, ոչ սոսկ ձեւաթղթով, այլեւ բնէությամբ երկրապահ Արմեն Ասատրյանի «Շուշին անցյալ դարասկզբին» ըստամյա (1902-1920 թթ.) մատենաշարը, որի անդրանիկ ժողովածուն, «Առավոտ» օրաթերթում արդեն իսկ տպագրված, համացանցված, անգամ ռուսերեն թարգմանված-տարածված ու խրախուսիչ արձագանքներ գտած նյութերով, հանձնվում է հանրության դատին»,-գրել է նա:
«Որպես դարերի եւ հազարամյակների հատույթում (1995-2004 թթ.) Արցախում ծառայած եւ աշխատած, ինչպես նաեւ Բերձոր վերանվանյալ «Կյանքի ճանապարհին»՝ նույն «Լաչինի միջանցքում» ցօրս բնակարան ունեցող շահագրգիռ, բայց հնարավորինս անաչառ անձ, ի զորու եմ վկայելու. եթե անցյալ դարավերջին, հռչակավոր ազատագրմանը հաջորդող առաջին տարիներին Շուշին, հայտնի վերապահումով, դեռ կարող էր նսեմակոչվել «անշուք» եւ «դժգույն» քաղաք, ապա հետագայում, խոշոր պետական եւ արտաքին ներդրումների շնորհիվ, պետական իշխանության եւ կառավարման մարմինների բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, Հայաստանի սույն զարկերակող հայոստանն, իր հենց աշխարհագրական դիրքին ու աշխարհաքաղաքական դերին համահարիր, էապես բարձրացավ եւ վերաճեց ԼՂՀ (2017թ.-ից՝ Արցախի Հանրապետություն) լիարյուն կենտրոնի. բնակչության թվակազմով, քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներով սկսեց հարաճուն տեմպերով գերազանցել Շուշիի ազատագրումից 10 օր անց ու բուն այդ փաստի ուժով նաեւ վերահայացված՝ ընդհուպ Մայր Արաքսի ափերը հասնող Քաշաթաղի շրջանի Բերձոր կենտրոնի համապատասխան հարացույցը»,- գրել է գրքի խմբագիրը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.07.2022