Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանն է «ձախողման պատասխանատու» պլանը գործի է դրված

Հուլիս 08,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչպե՞ս է Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորվելու հաստատել հարատեւ եւ կայուն խաղաղություն, եթե անգամ կնքվեն գրավոր պայմանագրեր:

Այն, որ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչած խաղաղասիրական հայտարարությունները ոչ մի արժեք չունեն, գործնականում նրանք կարող են շարունակել սպառնալ հայկական կողմին, զիջումներ պահանջել ու դրան զուգահեռ սահմանային լարվածությունը թեժ պահել, դրանում կարելի է արդեն այս օրերին էլ համոզվել:

Վերջին օրերին ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ապատեղեկատվությունները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Օրերս ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Բաքուն արդեն տեւական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է հայկական կողմին «ապակառուցողական» կողմ ներկայացնելուն, դրա համար «հիմքեր» է ստեղծում՝ թե՛ հրապարակային հայտարարություններով, եւ ինչպես Ադրբեջանի իշխանությունների տարածած մամլո հաղորդագրություններից է նկատվում, նաեւ գործընկեր պետությունների իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում է այդ «աշխատանքն» իրականացնում:

Բնականաբար, Բաքվին այդ «կարեւոր» քարոզչական աշխատանքում օգնում է Անկարան: Այստեղից էլ պարբերաբար պաշտոնական Երեւանին ուղղված հորդորներ են հնչում, թե ինչպես պետք է վարվեն ՀՀ իշխանությունները, եթե «ցանկանում են խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»:

Օրինակ, հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների ուշադրությամբ հետեւող պաշտոնական Անկարան նշեց օրերս, թե՝ «որոշ շրջանակներ ճնշում են գործադրում իշխանությունների վրա՝ թույլ չտալով Թուրքիայի հետ կարգավորում»:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ ճնշում են գործադրում Երեւանի վրա, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում:

«Ճնշումը թույլ չի տալիս Երեւանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարատեւ խաղաղության կարիք ունի»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Երեւանն առայժմ պատրաստ չէ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հերթական փուլերը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Չավուշօղլուն հերթական անգամ կրկնել է, որ Թուրքիան «բոլոր փուլերում խորհրդակցում է եւ կոորդինացնում է իր գործողություններն Ադրբեջանի հետ»: Եվ այս համատեքստում Չավուշօղլուն նաեւ կարեւորել է Ուկրաինայի պատերազմի ֆոնին Ասիայի եւ Եվրոպայի միջեւ միջանցքի կարեւորությունը եւ այդ համատեքստում՝ նաեւ հայ-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»:

Այսինքն, թուրք-ադրբեջանական ուղերձները եւ դրանց հիմքում՝ հնարավոր «մեղադրանքներն» արդեն իսկ պատրաստ են, քարոզչական տեսանկյունից ամեն ինչ իրականացվում է լիովին Բաքվի ու Անկարայի պատկերացրած «խաղաղության հաստատման» գործընթացին համահունչ. «մենք ցանկանում էինք խաղաղություն հաստատել, բայց Հայաստանը ապակառուցողական կեցվածք դրսեւորեց, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան խաղաղության ծրագիրը տապալվեց», եւ «մեզ այլ բան չի մնում, քան ուժով լուծել մեր՝ խաղաղության հասնելու ծրագիրը»…

Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ շարունակում է հզորացնել, ամրացնել իր բանակը՝ զուգահեռաբար «մեսիջներ» ուղարկելով դեպի Հայաստանի կողմը, թե հայկական կողմը չպետք է զինվի…

Ի դեպ, զուգահեռաբար թուրքական բանակն էլ հզորացման ճանապարհ է բռնել: Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը։ «Մենք կշարունակենք բանակն ամրապնդելու քայլերը՝ ընդհուպ մինչեւ այն աշխարհում ամենաուժեղը դարձնելը։ Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին մենք հատուկ նշանակություն ենք տալիս Թուրքիայի ԶՈՒ պոտենցիալի ավելացմանը»,- նշել է նա։ Նա նաեւ հավելել է, որ չնայած կադրերի պակասին՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են «նոր հաջողություններ» արձանագրել։

Այս գործընթացները տեսնելով՝ ամենեւին պարզ չի, թե Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների հետ ինչպես է պայմանավորվելու հաստատել հարատեւ եւ կայուն խաղաղություն, եթե անգամ կնքվեն գրավոր պայմանագրեր ու եթե անգամ երրորդ երկրներ հանդես գան որպես միջնորդ ու երաշխավոր խաղաղության կնքման գործընթացներին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031