Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այստեղ այսպես է․ եթե բոլորը մի բան սիրում են, պետք է դու էլ սիրես, թե չէ քեզ nakamahazure են անում․ Սերինե Կավակամի

Հուլիս 08,2022 10:34

Աշխարհի յուրաքանչյուր ծայրում կգտնես հայի։ Հայերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններից դուրս բնակվել են դեռ շատ վաղուց և տարբեր պատճառներից ելնելով։ Այսօր կան հայկական խոշոր համայնքներ/կենտրոններ տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան, Սիրիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա և այլ տեղեր։ Դե կան նաև փոքր հայկական համայնքներ, որոնք գտնվում են ոչ միայն Եվրոպական, Աֆրիկական կամ Ավստրալիական երկրներում, այլև Ասիական մի քանի երկրների տարածքներում։ Այդ երկրներն են՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Թայլանդ, Շրի Լանկա և այլն։

Այսօրվա իմ հյուրը ազգությամբ հայ Սերինե Կավակամին է, որը դեռ փոքրուց սիրել է Ճապոնիան և երազել այնտեղ գնալու մասին (Իսկ երազանքներն էլ կատարվելու հատկություն ունեն)։ Նա արդեն 5 տարի է, ինչ ապրում է Ճապոնիայում, իր ամուսնու հետ, ով ազգությամբ ճապոնացի է։

-Ինչպե՞ս հայտնվեցիր Ճապոնիայում։

Դեռ փոքրուց սիրել եմ Ճապոնիան, մշակույթը, միշտ երազել եմ այնտեղ գնալու մասին։ Մի քանի տարի Հայաստանում աշխատելուց հետո, հավաքեցի անհրաժեշտ գումարը, որպեսզի գամ Ճապոնիա։ Քանի որ արդեն ամուսնացած էի ճապոնացու հետ, վախեր չունեի Ճապոնիա գնալուց։

-Լեզուն հեշտ յուրացրի՞ր։

-Լեզուն Հայաստանում եմ սովորել, ինքնուրույն 1 տարի։ Դժվար չէր, քանի որ շատ էի սիրում, իսկ եթե մի բան սիրում ես՝ հեշտ է քեզ թվում դա անելը։

-Ինչո՞վ էիր այնտեղ զբաղվում։

-Սկզբում սովորում էի Ճապոնիայի լեզվի դպրոցում։ Հետո որոշեցի Fashion Design սովորել։ Թե կարելը, թե նկարելը սիրում էի, ու ինձ ամենահամապատասխան հոբիներն էին։

-Ինչպե՞ս ես համատեղում դասերդ աշխատանքիդ հետ։

-Սովորում եմ հեռակա, շաբաթը 3-4 օր, 18։30-ից հետո են մեր դասերը սկսվում, այդպես կարողանում եմ նաև աշխատել և ուսման վարձն էլ ինքս եմ վճարում։ Աշխատում եմ ՝ order made suite խանութ-սրահում։ Աշխատանքը շատ եմ սիրում և մտածում եմ դասերը ավարտելուց հետո էլ ոչ թե դիզայներ, այլ suit tailor դառնալ (օգնում է դերձակին վերցնել կոստյումի չափսերը և օգնում է կտորի և դետալների հարցում)։

-Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր գալով Ճապոնիա։

-Շատ-շատ դժվարությունների հանդիպեցի այստեղ գալով, մինչև հիմա չեմ կարողանում համակերպվել Տոկիոյի «սառը» ժողովրդին։ Շատ «սառը» մարդիկ են, լրիվ ռոբոտացված վիճակ է։ Ավարտելուց հետո, եթե ստացվի, ցանկանում եմ դուրս գալ Տոկիոյից և բնակություն հաստատել ծայրամասում։ Էնտեղ մարդիկ ավելի բարի են։ Այստեղ այսպես է․ եթե բոլորը մի բան սիրում են, պետք է դու էլ սիրես, թե չէ քեզ nakamahazure են անում, այսինքն՝ էլ չեն շփվում քեզ հետ։ Բայց ամենաշատը նեղվում եմ նրանից, որ նրանք չեն սիրում մարդկանց այն տեսակին, ովքեր իրենց կարծիքը հստակ արտահայտում են։ Աշխատանքի վայրում նույնպես բախվում եմ այս խնդրին՝ աշխատողների հետ։

-Իսկ դրական կողմերից։

-Ամեն դեպքում բացասականից դրականը շատ ավելի շատ է։ Ես զգում եմ, թե ինչպես եմ ամեն օր ավելի առաջ գնում և կայանում որպես՝ Մարդ։ Գնալով մոտենում եմ իմ երազանքներին և նպատակներին։ Իմ ժամանակով միգուցե դանդաղ, բայց առաջ եմ գնում։ Ճապոնիայում զարգանալու շատ տեղ ունես։ Կարող ես գտնել տարբեր և շատ աշխատանքներ, հազար ու մի նոր ճանապարհներ, որոնք կօգնեն քեզ հասնելու հաջողության։ Դե էլ չասեմ, թե ինչ անթերի, գեղեցիկ և մաքուր երկիր է Ճապոնիան։ Եվ ես ինձ շատ ապահով եմ զգում այստեղ։

-Ինչպե՞ս ծանոթացար ամուսնուդ հետ։

-Ամուսնուս հետ ծանոթացել եմ Հայաստանում՝ Ճապոնական ռեստորանում։ Անիմե դիտելու իվենթ էր։ Ես սիրահարվեցի 1-ին հայացքից։ Հետո ռեստորանի տնօրենը մեզ ծանոթացրեց, սկսեցինք ընկերություն անել և հետո ամուսնացանք։

-Իսկ քո ընտանիքը և ամուսնուդ ընտանիքը ինչպե՞ս ընդունեցին այդ փաստը։

-Դե բնականաբար զարմացել էին։ Մի փոքր խնդիրներ առաջացավ իր ընտանիքի հետ, բարդ էր, ինչ խոսք, բայց ամեն ինչ անցյալում է արդեն։ Դա գալիս է նաև նրանից, որ ես մեծացել եմ ազատ ընտանիքում, իսկ ամուսնուս ընտանիքը ամբողջովին օրենքներով էր շարժվում և յուրաքանչյուր որոշում պետք է ընտանիքի անդամներով քննարկեին, ապա իրականացնեին։

-Ապագայում մտադրություն ունե՞ք գալ Հայաստան։

-Մեծ սիրով կցանկանայի գալ և մի քանի ամսով ապրել Հայաստանում։ Կարոտել եմ Հայաստանը։ Բայց նորից այստեղ էլ բախվում եմ խնդրի, քանի որ դժվար է աշխատատեղիցս ազատ օր վերցնելը։

-Եվ վերջում ավարտենք հետաքրքրիր նոտայի վրա, ի՞նչ հետաքրքիր սովորույթ, ավանդույթ կամ նման որևէ բան կա Ճապոնիայում, որը քեզ զարմացրել է։

-Ինձ համար տարօրինակ էր, որ ընտանիքի անդամները նույն վաննայի ջրով են լողանում, (իհարկե, սկզբում մարմինը լվանալուց հետո են մտնում վաննա)։ Տան մեծ անդամից սկսած՝ հերթով լողանում են։ Երկրորդ հետաքրքիր փաստը, որը ողջունելի է՝ այն է, որ փողոցում ոչ մեկը չի ծխում։ Ծխելու համար հատուկ տարածք կա, որտեղ գնում և ծխում են։ Եվ երրորդ փաստը․ Ճապոնիայի աստիճանները առանձնացված են իջնողների և բարձրացողների համար։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031