Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթացին, էականը արցախյան հակամարտության խնդիրն է, որը պահանջում է երրորդ երկրների հավասարակշռված քաղաքականություն. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 08,2022 10:17

Օրերս Բաքուն անցավ բացահայտ շանտաժի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ բեմադրելով զինվորական խորհրդակցության շոուն, որի ժամանակ վերջինս իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերին հանձնարարեց պատրաստ լինել «հայ ռեւանշիստական ուժերի հնարավոր սադրանքները կանխելուն»։ Այս հայտարարությունը Ադրբեջանի որդեգրած կեղծարարի գործելաոճի տրամաբանական շարունակությունն է, որն ամեն օր կրկնվում ու զարգացվում է հայկական ուժերի կողմից հրադադարը խախտելու մասին ապատեղեկատվություն տարածելով: Հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման մասին կեղծ լուրերին եւ հայտնի խորհրդակցությանը հետեւեց Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի՝ հրադադարի ռեժիմի իրական խախտման դեպքը, երբ ադրբեջանցի դիրքապահները թիրախավորել էին գյուղի վարչական ղեկավարի անձնական ավտոմեքենան, որը վնասվել էր:

Ադրբեջանից տարածվող կեղծիքը, բնականաբար, կյանքի է կոչվում որոշակի տեղեկատվական ապահովմամբ: Առանձնակի ուշադրության է արժանի փաստը, որ ադրբեջանական ապատեղեկատվության թակարդում հետեւողականորեն «ընկնում» է ՌԴ պետական թիվ մեկ լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը: Այս երեւույթը, թերեւս, առանձին դիտարկման կարիք չունենար, եթե վերջերս չարձանագրվեր մտահոգիչ փաստը: ՏԱՍՍ-ը պարտադիր հրապարակում է Ադրբեջանի ՊՆ-ի՝ ՀՀ ԶՈւ-ի կողմից հրադադարը խախտելու մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները եւ մի քանի ժամ անց՝ նաեւ ապատեղեկատվության վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հերքումները: Հավասարակշռության պահպանման այս գործելաոճը խախտվեց հուլիսի 5-ին, երբ ՏԱՍՍ-ը չանդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հրադադարի իրական խախտման փաստին, սակայն պարտաճանաչորեն հրապարակեց Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ միջադեպի հերքման տեքստը՝ թյուրիմացության մեջ գցելով հենց իր ընթերցողին, որն արդեն սովորել էր, որ նախ տեղեկանում էր սահմանային միջադեպի մասին լուրին, հետո միայն՝ հերքմանը: Վերջին դեպքում ՌԴ պետական լրատվամիջոցը հրապարակեց միայն Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերքման հայտարարությունը, եւ ՏԱՍՍ-ի ընթերցողն այդպես էլ չիմացավ, թե ինչ է հերքում Բաքուն: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման վրիպակ է թույլ տալիս Ռուսաստանի պետական թիվ մեկ լրատվամիջոցը, ինչն օրինաչափորեն լուրջ ենթադրությունների եւ դատողությունների հիմք է տալիս:

Այս փաստն ուշադրության է արժանի նաեւ այն պատճառով, որ հունիսի վերջին Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրող Վլադիմիր Սոլովյովը, ի պատասխան Ադրբեջանի բողոքի նոտայի, ստիպված եղավ ներողություն խնդրել Բաքվից, որ «Սոլովյով Live» հաղորդման շրջանակներում հարցազրույց էր վարել միայն Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ եւ, հավասարակշռությունը չպահպանելով, զուգահեռ չէր ներկայացրել Բաքվի տեսակետն արտահայտող ադրբեջանցի պաշտոնյայի խոսքը: Այլ կերպ ասած, ՌԴ-ում պետական քաղաքականության գիծ է արցախյան հակամարտության հարցում կողմերի միջեւ հավասարակշռության պահպանումը, հետեւաբար՝ պետական առաջատար լրատվական գործակալության աշխատանքում արձանագրված նման միակողմանի մոտեցումը չէր կարող ուշադրությունից վրիպել նաեւ ՏԱՍՍ-ի դեպքում:

Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի առաջընթացին, միանշանակ է, որ էականը դրա հիմքում ընկած արցախյան հակամարտության գերզգայուն խնդիրն է, որն իր հանդեպ պահանջում է երրորդ երկրների հավասարակշռված քաղաքականություն, հատկապես երբ խոսքը կարգավորման գործընթացում առանցքային եւ առաջատար դերակատարություն ունեցող պետության մասին է: Անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ, որ 44-օրյա արցախյան երրորդ պատերազմից հետո սկսված տեղեկատվական պատերազմում ցանկացած «կրակոց» էական հետեւանքներ է ունենում ողջ տարածաշրջանի կայունության վրա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031