Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարեւոր է համարում, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում: Այս մասին պարոն Բեգլարյանը կարծիք հայտնեց այսօր Մատենադարանում տեղի ունեցած «Ապագա Հայկականի» Համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ: Նա համոզված է, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:
«Ե՛ւ խորհրդանշական, ե՛ւ կիրառական տեսանկյունից սա կարեւոր էր մեզ համար՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայության շրջանում: Արդյունավետ էր ձեւաչափի տեսանկյունից, որ ներառական մեթոդաբանություն էր ընտրված եւ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ տարբեր տարիքային, սեռային, սոցիալական եւ այլ չափանիշների հիման վրա ներկայացված էին եւ հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել առկա իրավիճակի եւ ապագա լուծումների հետ կապված»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Ըստ նրա՝ կարեւոր եւ արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ Արցախի հայկական երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարեւոր հենասյուներից մեկն է. «Կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երեւի թե երկրորդ կարեւորությունն ունի, եւ որքան երկարաժամկետ դիտարկենք մեր անելիքները, այնքան ժողովրդագրությունն ավելի կարեւոր է լինելու»:
Կարդացեք նաև
Արցախի պետնախարարը նշեց, որ «Ապագա Հայկականը» միջոցառումը կազմակերպվել էր Արցախի կառավարության հետ համատեղ:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան եւ ի՞նչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ գլխավոր խնդիրը անվտանգությունն է:
«Խոշոր առումով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է, թե ինչպես կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձեւավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված՝ այդ թվում անվտանգության ոլորտում, ժողովրդագրության մեջ եւ այլն: Այստեղ ես շատ եմ կարեւորում գաղափարական աշխատանքը ե՛ւ Արցախում, ե՛ւ ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի եւ ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, եւ կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք եւ գաղափարախոսական հիմքը ապահովել, եւ դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասաց պարոն Բեգլարյանը՝ նշելով, որ այդ ամենը համազգային ներառական գործընթաց եւ ջանքեր է ենթադրում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ